«Անազատության մեջ գտնվողների անունից շատ միջնորդություններ են ներկայացվել դատարանին` ռազմաճակատ մեկնելու ցանկությամբ պայմանավորված: Երեկվա դեպքում երկու միջնորդություն բավարարվել է, մեկը դատավոր Նելլի Բաղդասարյանն է բավարարել, մյուսը` Դավիթ Բալայանը»,- ArmDaily.am -ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:
Փաստաբանի խոսքով` երկուսն էլ նախկինում որոշակի մարտական ուղի ունեցող անձինք են. «Այնպես չէ, որ պատահական մարդն ասում է ինձ բաց թողեք, ես կգնամ ռազմաճակատ։ Ինչպես ես մեր հանրային պաշտպաններից` Սերգեյ Մանուկյանից և Մերի Ալավերդյանից հասկացա, նրանք մարտական ուղի անցած անձինք են: Բայց մեկն ասեմ աննախադեպ դեպք է, 104-րդ հոդվածով է մեղադրանքը` սպանության, և լուրջ հիմնավորում է եղել, որ բավարարվել է, որ նախկինում մարտական ուղի է ունեցել և այս պահին շատ պիտանի կլինի ռազմաճակատում: Եվ դատարանը կալանավորումը վերացրել էր և գրավ է կիրառվել»։
Հարցին` պատերազմական գործողություններից հետո նրանք դարձյալ կալանավայր են վերադառնալու, Ֆանյանը նշեց. «Իհարկե, տա Աստված ողջ -առողջ լինեն: Ոչ թե պատերազմն ավարտվեց, կալանավայր են վերադառնալու, այլ արդեն իրենց գործի ընթացքից կախված կլինի: Եթե դատական մեղադրական ակտ կլինի, որով իրենք ազատազրկման կդատապարտվեն, իհարկե կվերադառնան: Գուցե դատարանը հետագայում արդարացնում է կամ այնպիսի պատիժ է կիրառում, որ անհրաժեշտություն չի լինի կալանավայր վերադառնալու: Համենայնդեպս այս պահին խափանման միջոցները կալանավորման տեսքով վերացված են»:
Դիտարկմանը, թե պատերազմի առաջին օրերից, երբ հարց բարձրացվեց, որ ազատազրկվածներին նույնպես ուղարկեն ռազմաճակատ, հայտարարվեց, որ նման մեխանիզմ չկա, հիմա այդ մեխանիզմներն ինչպես ստեղծվեցին, փաստաբանը նկատեց. «Չէ, իրականում մեխանիզմ չկա, ոչ մի բան չի փոխվել, պարզապես խափանման միջոցը փոփոխելու, վերացնելու հիմքեր կան օրենսդրությամբ, որոնք կալանավորման հիմքերի վերացումն է այդ պահին: Եթե վարույթ իրականացնող մարմինը գտավ, որ այդ պահին կալանավորման հիմքերը բացակայում են, ինքն ազատ է արձակվում: Հիմա ըստ էության, եթե դատարանը մեկնաբանի պատերազմական վիճակը, որ դա կալանավորման հիմքերը վերացնում է կոնկրետ անձանց մասով, այսինքն այդ մարդիկ միանշանակ գնալու են ռազմաճակատ և հայրենիքի համար պայքար մղեն, իրենք դա մեկնաբանելու են այնպես, որ կալանավորման հիմքը վերացել է: Այսինքն քննությանը խոչընդոտելու, փախուստի դիմելու, հանցանք կատարելու հիմքեր չկան: Այս երկու դեպքում էլ դատարանը հավանաբար նման հետևության է եկել և խափանման միջոց կալանավորումը վերացել է և այդ անձինք ազատության մեջ հայտնվելուն պես մեկնելու են ռազմաճակատ»։