Մեղադրյալը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
1) իմանալ` ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անհապաղ անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը.
2) արգելանքի վերցվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ անվճար ստանալ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
3) մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն.
4) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման.
5) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ.
6) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց, առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ.
7) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց.
8) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
9) արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով իր ընտրած անձին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.
10) քրեական գործին կցելու և հետազոտելու համար ներկայացնել նյութեր.
11) հայտնել բացարկներ.
12) հարուցել միջնորդություններ.
13) հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին.
14) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
15) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.
16) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն.
161) մինչև գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ.
17) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառերով և ռեպլիկով.
18) դատական քննության ընթացքում հանդես գալ վերջին խոսքով.
19) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը.
20) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.
21) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը.
22) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.
23) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.
24) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.
25) առարկել նախագահողի գործողությունների դեմ.
26) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը: