1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում.
Գործը վերաբերում էր պայմանագրային զինծառայողի կողմից թմրամիջոց գործածած վիճակում ծառայության ներկայանալու մեղադրանքին։ Գրասենյակի շահառու, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ վերջինս ապրիլի 13-ից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի գործածել էր թմրամիջոց և այն գործածած վիճակում ներկայացել ծառայության վայր։
2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.
Հանրային պաշտպանը, ստանձնելով զինծառայողի պաշտպանությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, վիճարկեց մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների բավարարությունն ու գնահատականը:
Պաշտպանական կողմը և դատարանն արձանագրեցին առանցքային մի հանգամանք. օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ թե առհասարակ թմրամիջոց օգտագործած լինելու փաստի (օրգանիզմում հետքերի առկայության), այլ անմիջապես թմրամիջոցի ազդեցության տակ՝ այն գործածած վիճակում ծառայության ներկայանալու համար:
Թեև դատաբժշկական փորձաքննությամբ շահառուի փորձանմուշներում հայտնաբերվել էին թմրամիջոցի հետքեր, սակայն փորձագետը չէր կարողացել հստակ նշել թմրամիջոցի գործածման կոնկրետ օրը և ազդեցության պահպանման ստույգ ժամանակահատվածը, այլ միայն մատնանշել էր մինչև 10 օրվա վաղեմություն: Դրան գումարվել էին նաև զորամասի հրամանատարական կազմի ցուցմունքներն այն մասին, որ շահառուն դրական է բնութագրվում, բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, և նրա մոտ ծառայության ընթացքում երբևէ ոչ ադեկվատ վիճակ կամ տարօրինակ վարքագիծ չի նկատվել։
3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար.
Այս գործում մարդկային գործոնը շատ կարևոր էր: Զինծառայողը, ով իր հրամանատարների կողմից բնութագրվում էր որպես բարեխիղճ և պարտաճանաչ ծառայող, անկեղծորեն հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել նախկինում՝ ակումբներից մեկում ընկերոջ հրավերին մասնակցելիս, իսկ ծառայության վայրում նա երբևէ խախտում թույլ չի տվել։ Չնայած առաջադրված խիստ մեղադրանքին և այն հանգամանքին, որ օրգանիզմում հայտնաբերվել էին հետքեր՝ շահառուն չընկրկեց։ Նա և իր հանրային պաշտպանը սկզբունքային պայքար մղեցին՝ ապացուցելու համար, որ ծառայությունից դուրս կատարված նախկին արարքի հետևանքով մնացած հետքերը չեն նշանակում, որ զինծառայողը պարտականությունները կատարելիս գտնվել է ոչ սթափ վիճակում։
4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Է. Ավագյանի), գնահատելով ապացույցները, արձանագրեց, որ մեղադրանքը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա: Դատարանը փաստեց, որ ներկայացված ապացույցներով՝ այդ թվում փորձագիտական եզրակացությամբ, չի հաստատվում անմիջապես թմրանյութ գործածած վիճակում շահառուի՝ ծառայության ներկայանալու հանգամանքը, և եղած կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։
Դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ՝ ճանաչելով և հռչակելով Գրասենյակի շահառուի անմեղությունը նրան մեղսագրվող արարքի կատարման մեջ՝ հանցանքի կատարումն ապացուցված չլինելու հիմքով: Միաժամանակ, վերացվեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
5. Պաշտպանի մասնագիտական ուղին.
Հանրային պաշտպան Արսեն Խառատյանը Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքի է անցել մրցութային կարգով։ Փաստաբանական գործունեության փորձառության պակասը վերջինս արագ լրացրեց իր ջանասիրությամբ և շատ կարճ ժամանակահատվածում ապացուցեց իր պրոֆեսիոնալիզմը: Դրսևորելով բարձր պատասխանատվություն, հետևողականություն և բացառիկ բարեխղճություն՝ Արսեն Խառատյանն արագորեն համալրեց լավագույնների շարքերը: Այս սկզբունքային հաղթանակը նրա մասնագիտական նվիրումի հերթական վառ վկայությունն է։
English
Հայերեն