Արդարադատության
իրական պատկերը հաճախ թաքնված է բարդ դատավարական պրոցեսների և հատորների մեջ։ Ամեն
օր հանրային պաշտպաններն իրականացնում են հսկայական ու դժվարին աշխատանք՝ անվճար իրավաբանական
օգնություն տրամադրելով քաղաքացիներին և հասնելով արդարության հաղթանակի:
Որպեսզի հանրությանը ցույց տանք մեր պաշտպանների կատարած իրական աշխատանքն ու գործերի
այն նրբությունները, որոնք շրջադարձային են լինում մարդկանց ճակատագրերում, սկսում
ենք նոր շարք՝ նվիրված հանրային պաշտպանների կողմից շահած և արդարացված գործերի մասին։
Այսուհետ պարբերաբար կկիսվենք իրական պատմություններով՝ ներկայացնելով հանրային պաշտպանի
աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը։ Եվ այսպես, ներկայացնում ենք մեր առաջին արդարացված
գործը․
Անմեղության հաստատումը թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքի գործով` Գործ №2390
1. Ինչի՞ մասին էր գործը և ինչու՞մ էին մեղադրում․
Գործը
վերաբերում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքին։ Գրասենյակի շահառուին
մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝
խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար։
Նրան սպառնում էր ծանր պատիժ՝ ընդհուպ մինչև երկարատև ազատազրկում։
2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները․
Հանրային
պաշտպանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, պարզեց, որ այն հիմնված է ենթադրությունների
վրա, ուստի որոշեց պաշտպանության ռազմավարությունը կառուցել՝ ապացույցների անբավարարության
և մեղադրանքի հերքման վրա։ Հանրային պաշտպանը շեշտադրեց, որ գործում առկա ապացույցները
բավարար չեն հիմնավորելու Գրասենյակի շահառուի մասնակցությունը կամ նախնական համաձայնությունը
թմրամիջոցների շրջանառությանը։ Պաշտպանական կողմը կարողացավ հիմնավորել, որ մեղադրանքը
կառուցված է ենթադրությունների վրա, իսկ շահառուի՝ քննությանն առնչություն ունենալու
մասին հայտարարությունները չեն հաստատվել դատարանում հետազոտված ապացույցներով։
3. Մարդկային պատմությունը՝ հույս և պայքար․
Այս գործը յուրահատուկ էր նաև նրանով, որ Գրասենյակի
շահառուն, ով գտնվում էր բուժման ընթացքում և փորձում էր հաղթահարել կյանքի դժվարին
փուլը, հայտնվել էր իրավական անհիմն հետապնդման թիրախում։ Նրա անձնական պայքարը՝ առողջության
վերականգնման և իրավունքների պաշտպանության համար, դարձավ գործի կարևոր հուզական կատեգորիաներից
մեկը, որն ընդգծում էր պաշտպանության անհրաժեշտությունը։
4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը․
Դատարանը,
հիմք ընդունելով հանրային պաշտպանի ծանրակշիռ փաստարկները և արձանագրելով, որ մեղադրանքի
հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական
չափանիշին համապատասխան, որոշեց՝ ճանաչել և հռչակել Գրասենյակի շահառուի անմեղությունը։
Դատարանն ընդգծեց, որ վերագրվող արարքը կատարված լինելու հանգամանքը ապացուցված չէ,
իսկ առկա ողջամիտ կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։
Նշված
գործով հաղթանակն ունեցել է հանրային պաշտպան Էդիկ Աղաբեկյանը:
English
Հայերեն