Guides

Հանրային պաշտպանի գրասենյակը ՀՀ փաստաբանների պալատի կողմից ստեղծված և նրա կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը պետության կողմից հատկացված միջոցներով օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով նախատեսված խմբերի անձանց տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն:
Անվճար իրավաբանական օգնությունը ցուցաբերվում է հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների՝ հանրային պաշտպանների կողմից, որոնք աշխատանքի են ընդունվում մրցույթի արդյունքում:
Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է` 1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց և նշված կարգով՝ ա) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված 16 խումբ անձանց՝ իրենց դիմումի հիման վրա, բ) քրեական հետապնդման ենթարկվող անձանց (կասկածյալ կամ մեղադրյալ)՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ վարույթն իրականացնող մարմնի (քննիչի, դատարանի) որոշման կամ դիմումի հիման վրա, գ) անգործունակ ճանաչվող անձանց՝ վարույթն իրականացնող դատարանի որոշման հիման վրա:
Հանրային պաշտպանի գրասենյակ անմիջականորեն դիմելու և անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն հետևյալ 16 խումբ անձինք․ 1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին. 2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին. 3) դատապարտյալներին. 4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին. 5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին. 6) գործազուրկներին. 7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին. 8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց. 9) փախստականներին. 10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին. 11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: 12) հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց. 13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց. 14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին. 15) խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով. 16) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձանց:
Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել` 1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով). 2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեկ միլիոն ՀՀ դրամը) գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ. 3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ: Անվճար իրավաբանական օգնություն կարող է չցուցաբերվել նաև ակնհայտ անօրինական և անհիմն պահանջի գործերով, երբ անձը հանդես է գալիս հայցվոր կամ դիմող կողմում: Անվճար իրավաբանական օգնություն կարող է չտրամադրվել, իսկ ցուցաբերվող օգնությունը կարող է դադարեցվել նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով, հանրային պաշտպանի գրասենյակի կոնոնակարգով, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կազմակերպելու մասին կարգով նախատեսված դեպքերում և հիմքերով:
Վճարունակ է համարվում այն անձը, որը ունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն ունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեկ միլիոն ՀՀ դրամը) գերազանցող արժեքի փոխադրամիջոց:
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով անձամբ ներկայանալ հանրային պաշտպանի գրասենյակի նստավայրեր, ներկայացնել համապատասխան դիմում՝ կցելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց համապատասխան խմբին պատկանելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը): Հանրային պաշտպանի գրասենյակ հնարավոր է դիմել նաև լիազոր ներկայացուցչի (օրինակ՝ նոտարական վավերացմամբ լիազորված), ինչպես նաև փոստի, էլեկտրոնային փոստի, հանրային պաշտպանի գրասենյակի կայքէջի և հեռապատճեն ուղարկելու միջոցով՝ ներկայացնելով ստորագրված դիմում և անհրաժեշտ փաստաթղթերը: Փոստի, էլեկտրոնային փոստի, հանրային պաշտպանի գրասենյակի կայքէջի միջոցով և հեռապատճենով ուղարկված դիմումը բավարարվելու դեպքում դիմողը պետք է հանրային պաշտպանի գրասենյակ ներկայանա բանավոր խորհրդատվություն ստանալու նպատակով: Առանձին դեպքերում, դիմող անձի տեղաշարժման խնդիրների վերաբերյալ հավաստի տվյալների առկայության դեպքում անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով կարող են իրականացվել տնայցեր:
Փակ հաստատություններում պահվող անձինք, բացի ընդհանուր կարգից, հանրային պաշտպանի գրասենյակ կարող են դիմել նաև հաստատության վարչակազմի միջոցով: Փակ հաստատություններում պահվող անձին անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է այդ հաստատություն հանրային պաշտպանի այցի միջոցով:
Հանրային պաշտպանի գրասենյակը ներկայացված է (նստավայրեր ունի) ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում: Հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայրը տեղակայված է Զաքիյան 7-2 հասցեում: Մարզերում հանրային պաշտպանի գրասենյակի նստավայրերը տեղակայված են հետևյալ հասցեներում․ Արագածոտնի մարզ քաղաք Աշտարակ, Սիսակյան 16 Արարատի մարզ քաղաք Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 60 շ․ (Արարատի մարզպետարան) Արմավիրի մարզ քաղաք Արմավիր, Հանրապետության 28 քաղաք Էջմիածին, Կամոյի 6 Գեղարքունիքի մարզ քաղաք Գավառ, Սայադյան 2/1 շ. քաղաք Սևան, Աբովյան փող., թիվ 2/2 քաղաք Վարդենիս, Անդրեսյան 4 Լոռու մարզ քաղաք Վանաձոր, Մյասնիկյան 6/37 քաղաք Ալավերդի, Թումանյան 8 Կոտայքի մարզ քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք (Կոտայքի մարզպետարան) քաղաք Աբովյան, Երիտասարդական փող., 5/3 քաղաք Եղվարդ, Երևանյան փող., 1 շենք Շիրակի մարզ քաղաք Գյումրի, Անկախության հրապ. 9 Վայոց ձորի մարզ քաղաք Եղեգնաձոր, Անդրանիկի փող., 12/4 Սյունիքի մարզ քաղաք Կապան, Ա. Մանուկյան 1ա, 19 քաղաք Գորիս, Մաշտոցի 3 փող., թիվ 2 վարչ. շ., 2-րդ հարկ
Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ հանդիսանալու վերաբերյալ և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի հաշմանդամության փաստաթուղթը (հաշմանդամության վկայական, հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք) և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Ազատությունից զրկված դատապարտյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի ուղեկցական գրությամբ հանրային պաշտպանի գրասենյակ ստացված դատապարտյալի դիմումի հիման վրա, իսկ ընդհանուր դեպքում դատապարտյալ լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը (օրինակ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ) և անձը հաստատող փաստաթուղթը հանրային պաշտպանի գրասենյակ ներկայացվելու (անձնագիր):
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0 ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից տրված տեղեկանքն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայական կամ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Գործազուրկներն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնեն զբաղվածության պետական ծառայության կողմից տրված՝ գործազրկություն վերաբերյալ տեղեկանք և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Միայնակ բնակվող կենսաթոշակառուն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակի գրքույկը, բնակության վայրից (համատիրություն, գյուղապետարան, ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմին) տրված տեղեկանքը ընտանիքի փաստացի կազմի (միայնակ բնակվելու) մասին տեղեկանք և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար հանրային պաշտպանի գրասենյակ կարող է դիմել երեխայի խնամակալը՝ ներկայացնելով երեխայի ծննդյան վկայականը, ծնողազուրկ լինելու մասին տեղեկանքը կամ ծնողների մահվան վկայականները, խնամակալ նշանակվելու մասին որոշումը կամ խնամակալի վկայականը: Առանձին դեպքերում, հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխայի լավագույն շահը պաշտպանելու անհրաժեշտությունը, երեխային կարող է անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերվել նրա այդպիսի կամարտահայտության դեպքում, ինչպես նաև տարածքային կառավարման պետական մարմնի կամ խնամակալության և հոգաբարձության կամ այլ իրավասու մարմինների միջնորդությամբ: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնեն խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառված լինելու մասին և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Փախստականի կարգավիճակ ունեցող անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի ճամփորդական փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի միգրացիոն պետական ծառայության կողմից տրված՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը՝ ժամանակավոր ապաստանի վկայականը:
Որպես անվճարունակ ֆիզիկական անձ անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անձը հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի իր անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ և այդ մասին տա գրավոր հայտարարություն՝ հավաստելով, որ չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց, ինչպես նաև պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: Ընդ որում, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կարգավորման ուժով՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստը ստուգելու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով, և հակառակը պարզելու դեպքում դադարեցնել տրամադրվող օգնությունը:
Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձին իր հիվանդանոցում գտնվելու և բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ կարող է տրամադրվել անվճար իրավաբանական օգնություն համապատասխան կազմակերպության միջնորդությամբ, այդ անձի դիմումով կամ դատարանի որոշմամբ: Առանձին դեպքերում, հաշվի առնելով հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, նրան կարող է անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերվել խնամակալության և հոգաբարձության կամ այլ իրավասու մարմնի միջնորդությամբ:
Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի ոստիկանության կողմից տրված՝ ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից օրենքով սահմանված կարգով զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի որոշումը զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու մասին և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Խոշտանգումից տուժած անձը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու հարցով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի իր՝ որպես տուժած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարված լինելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը կամ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշումը կամ խոշտանգման փաստը հաստատելու մասին ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի համաձայն տրված՝ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշումը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը՝ ընտանիքում բռնությունից տուժելու մասին, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունենալու և հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան հրավիրելու ցանկության դեպքում անհրաժեշտ է դիմել քրեական վարույթն իրականացնող քննիչին կամ դատարանին: Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը կամ դատարանը պարտավոր են ապահովել պաշտպանի պարտադիր մասնակցությունը, երբ այդպիսի ցանկություն է հայտնել կասկածյալը կամ մեղադրյալը: Հանրային պաշտպանի գրասենյակին անմիջականորեն դիմելու դեպքում հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող իրականացնել կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունը՝ անգամ, երբ տվյալ անձը պատկանում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն ունեցող անձանց խմբին: Քրեական գործով կասկածյալի և մեղադրյալի պաշտպանությունն իրականացվում է բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ:
Քրեական գործով տուժողի կարգավիճակ ունեցող անձանց անվճար իրավաբանական օգնություն է տրամադրվում ընդհանուր հիմունքներով՝ հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու դեպքում՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող 16 խումբ անձանց:
Քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձին անվճար իրավաբանական օգնություն չի կարող ցուցաբերվել, քանի որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ վկային իրավաբանական օգնություն ցույց տալը չի ընդգրկվում հանրային պաշտպանի գրասենյակին օրենքով վերապահված գործունեության՝ խորհրդատվություն տրամադրելու և ներկայացուցչություն իրականացնելու շրջանակներում: Բացառություն են միայն կասկածի շուրջ հարցաքննվող վկաները, որոնք օգտվում են կասկածյալի իրավունքներից: Վերջիններիս հանրային պաշտպան է տրամադրվում քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումով կամ որոշմամբ ներկայացված պահանջով:
Գործերը հանրային պաշտպաններին մակագրվում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից՝ ըստ հանրային պաշտպանների մասնագիտացման, զբաղվածության և ծանրաբեռնվածության՝ արդարության սկզբունքի հիման վրա: Անվճար իրավաբանական օգնություն ստացող անձը չի կարող իր հայեցողությամբ ընտրել կամ փոփոխել արդեն իսկ նշանակված հանրային պաշտպանին, իսկ նշանակված հանրային պաշտպանից հրաժարվելը ենթադրում է ընդհանրապես հանրային պաշտպանությունից հրաժարում:
Հանրային պաշտպանի փոխարինումը (գործի վերամակագրումը) տեղի է ունենում այն դեպքում, երբ՝ 1) գործը վարող հանրային պաշտպանն ազատվել է աշխատանքից. 2) առկա է գործը վարող հանրային պաշտպանի վստահորդի և նույն հանրային պաշտպանի այլ վստահորդի շահերի միջև հակասություն՝ նույն գործով. 3) առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանրային պաշտպանի մասնակցությունը բացառող այլ հիմք: Հանրային պաշտպանի փոխարինումը (գործի վերամակագրումը) կամ մակագրումը նաև այլ հանրային պաշտպանի, կարող է կատարվել այն դեպքում, երբ՝ 1) գործը վարող հանրային պաշտպանը գտնվում է արձակուրդում և գործի բնույթից ելնելով անհրաժեշտ է փոխարինել հանրային պաշտպանին. 2) քննչական գործողությունները կատարվում են ՀՊԳ տվյալ նստավայրի տարածքից 100 կմ ավելի հեռավորության վրա. 3) մեղադրյալն արգելանքի տակ է պահվում տվյալ նստավայրի տարածքից 100կմ ավելի հեռավորության վրա. 4) փոխվել է ընդդատությունը կամ քննչական ենթակայությունը. 5) մարզի հանրային պաշտպանի վարած քրեական գործն անցել է վերաքննության կամ վճռաբեկության փուլ. 6) գործը վարող հանրային պաշտպանի ծանրաբեռնվածությունը չի ապահովի գործը որակյալ և ողջամիտ ժամկետում վարելը, բացառապես այն դեպքում, երբ գործը վերամակագրվել է էականորեն քիչ ծանրաբեռնված հանրային պաշտպանի. 7) վստահորդը բողոքում է գործը վարող հանրային պաշտպանից և ներկայացնում է ապացույցներ հանրային պաշտպանի առերևույթ ոչ բարեխիղճ աշխատանքի վերաբերյալ. 8) հանրային պաշտպանը բողոքում է վստահորդից՝ պայմանավորված իր նկատմամբ վստահորդի ոչ կոռեկտ, գռեհիկ և ակնհայտ անհարգալից վերաբերմունքով կամ այլ անօրինական գործողությամբ. 9) վստահորդի և հանրային պաշտպանի միջև ծագել է անհամաձայնություն կամ վեճ, որը կարող է ազդել գործի հետագա ընթացքի վրա. 10) տվյալ գործի վարումն առավել նպատակահարմար է հանձնարարել այլ հանրային պաշտպանի կամ մի քանի հանրային պաշտպանի՝ ելնելով մասնագիտացումից, գործի բարդությունից, առանձնահատկությունից կամ այլ հանգամանքներից:
Հանրային պաշտպանների կողմից անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 28.09.2018թ. № 357-Լ որոշմամբ հաստատված՝ «Անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կազմակերպելու մասին կարգ»-ի 5-րդ գլխով սահմանված ժամկետներում:
Հանրային պաշտպանների աշխատանքի նկատմամբ հսկողություն է իրականացնում գրասենյակի ղեկավարը (տեղակալը), իսկ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը (տեղակալը): Հանրային պաշտպանների գործողությունների կամ անգործության առնչությամբ դժգոհություններ ունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին կամ նրա տեղակալին: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող է բողոքարկվել ՀՀ փաստաբաններին պալատի նախագահին:
Թեև հանրային պաշտպանի գրասենյակը ծառայություն է մատուցում պետական միջոցներով (պատվերով), այդուհանդերձ անկախ է և չի ենթարկվում որևէ պետական գերատեսչության: Իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հանրային պաշտպանները ենթարկվում են բացառապես փաստաբանի վարքագծին առաջադրվող համընդհանուր պահանջներին և գրասենյակի ներքին կարգապահական կանոններին:
The guidebook was funded through Calouste Gulbenkian Foundation grant.
Շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Վերը նշվածի իմաստով` 1) զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը. 2) զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով զինծառայողի աշխատունակության կորուստը:
Հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե՝ 1) զինծառայողը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով. 2) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել, կամ 3) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն։ Հատուցման դեպք չի համարվում այն դեպքը, երբ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
Զինծառայող են համարվում` 1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և (կամ) այլ զորքերում ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ու մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը. 2) տարածքային պաշտպանությանը ներգրավված և մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը (կամավորագրված անձ):
Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝ • ամուսինը. • զավակը (զավակները). • ծնողը (ծնողները). • հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում: Շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաև այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝ 1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք. 2) խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը:
Հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը/շահառուն դիմում է ներկայացնում այն պետական մարմնին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է: Հաշմանդամության դեպքում պետք է ներկայացվի. • Դիմում • Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը. • Անձնագիրը կամ սոցիալական քարտը. • Հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք. • բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից: Զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում պետք է ներկայացվի. • Դիմում. • մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ կամ օրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը. • Շահառու հանդիսացող անձանց անձնագրերը կամ սոցիալական քարտերը. • Շահառու հանդիսացող անձանց հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք. • Շահառու հանդիսացող անձանց բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից. • Եթե շահառու է զինծառայողի կինը, ապա վերջիններիս ամուսնության վկայականը. • Եթե շահառու է/են (նաեւ) զինծառայողի երեխաները, ապա վերջիններիս ծննդյան վկայականները. • Եթե շահառու է/են զինծառայողի՝ 18 տարին չլրացած քույրը կամ եղբայրը՝ վերջինիս ծննդյան վկայականը. • Եթե շահառու է/են զինծառայողի՝ անգործունակ ճանաչված քույրտը կամ եղբայրը՝ անգործունակ ճանաչելու մասին դատական ակտը. • Եթե շահառու է/ են զինծառայողի՝ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը՝ ուսումնառության վերաբերյալ տեղեկանքը` տրված ուսումնական հաստատության կողմից. • Եթե շահառու է/են զինծառայողի՝ հաշմանդամ քույրը և եղբայրը՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից. • Ամսական լրացուցիր գումար ստանալու իրավունք ունենալու դեպքում նաև լրացուցիչ գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը:
Զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում` ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին՝ 82.000.000 դրամ, բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին՝ 70.000.000 դրամ, գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ 58.000.000 դրամ: Գումարի ամբողջ չափից 10մլն. դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: Առողջությանը պատճառված վնասի հետևանքով՝ ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 82.000.000 դրամ, բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 70.000.000 դրամ, գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 58.000.000 դրամ, Գումարի ամբողջ չափից 10մլն. դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: դ. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 53.000.000 դրամ, ե. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 41.000.000 դրամ, զ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 29.000.000 դրամ: Գումարի ամբողջ չափից 5 մլն. դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի • երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ • 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ • 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ամսական լրացուցիչ 100 հազար ՀՀ դրամ ստանալու իրավունք ունեցող անձը հատուցում ստանալու մասին դիմում ներկայացնելու հետ մեկտեղ պետք է ներկայացնի. • ամսական լրացուցիչ գումար ստանալու դիմում. • օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների ծննդյան վկայականները. • չափահաս զավակների` ուսումնառության մեջ գտնվելու և ուսումնառության ժամկետի, կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները` տրված համապատասխանաբար ուսումնական հաստատության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից. • երրորդ երեխայի սաղմնավորման օրվա և հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք` տրված երեխայի մոր հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատության կողմից: Ընդ որում, սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով. • զինծառայողի և երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաև ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք` տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Ընդ որում, սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով. • օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում` խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը և խնամակալի անձնագիրը, ինչպես նաև զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը. • չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը սույն մասում նախատեսված անձանցից որևէ մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ նրանց ցանկությունը` ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: • Եթե ամսական լրացուցիչ գումարը վճարելու ընթացքում զինծառայողն ունենում է նոր երեխա, կամ լրացել է երեխայի 18 տարին և նա սովորում է առկա ցերեկային ուսուցմամբ կամ նա ունի հաշմանդամություն, որը սահմանվել է մինչև նրա 18 տարին լրանալը, ապա համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացվում համապատասխանաբար նոր դիմում, նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ուսումնառության և հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները: Ընդ որում, եթե առկա է` ամսական լրացուցիչ գումարն առանձնացնելու դեպք, ապա հատուցման հիմնադրամն իրականացնում է ամսական լրացուցիչ գումարի վճարման վերահաշվարկ` համապատասխան չափերով: Սույն կետում սահմանված պայմանների վերաբերյալ համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը գրավոր տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` վերջինիս կողմից դիմումը ներկայացնելու ժամանակ:
Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող, ապա մինչև զինծառայողին անհայտ բացակայող համարելու դադարումը, միանվագ և ամսական հավասար վճարների ձևով վճարված գումարները ենթակա չեն վերադարձման:
Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու հիմքով շահառուներին միանվագ և (կամ) հավասարաչափ վճարների ձևով վճարված հատուցման գումարները ենթակա են շահառուների կողմից վերադարձման, եթե պարզվի՝ 1) զինծառայողն անհայտ կորել է՝ ա. զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ բ. դասալքության կամ գ. կամովին գերի հանձնվելու կամ դ. մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով, և 2) վերը նշված հանգամանքները հաստատվել են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://drive.google.com/file/d/1MRgRRE19j6d0ZstAxmb8rl-QddHfc7Nr/view?usp=sharing
Ուղեցույցը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Հատուցում ստանալու իրավունք ունեն զոհված կամ անհայտ կորած զինծառայողի ամուսինը, ծնողը, զավակը: Որպես բացառություն՝ հատուցում կարող են ստանալ զոհված զինծառայողի քույրը և եղբայրը, եթե ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում, և եթե նշված քույրը/եղբայրը. 1) անչափահաս է, կամ 2) անգործունակ է ճանաչվել կամ 3) 23 տարեկանը չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող է, կամ 4) հաշմանդամ է ճանաչվել մինչև 18 տարեկանը և գտնվել է զինծառայողի խնամքի տակ: Նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաև այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝ 1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք. 2) խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը: Հատուցում ստանալու գործընթացը նախապատրաստվում է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավորապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (մարզպետարաններ, համայնքապետարաններ) հետ համագործակցությամբ: Նշված մարմիններն օժանդակություն են ցուցաբերում փաստաթղթերի հավաքագրման և դիմումների լրացման հարցում: Առանձին խնդրահարույց դեպքերում նշված մարմիններին օժանդակություն է ցուցաբերում նաև ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը: Այդուհանդերձ, ցանկության դեպքում զինծառայողի ընտանիքի անդամները ևս կարող են իրականացնել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը և դրանք ներկայացնել համապատասխան մարզպետարան կամ տեղական ինքնակառավարման մարմին: Դիմելու դեպքում փաստաթղթերի հավաքագրման հարցում անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերվում նաև հանրային պաշտպանի գրասենյակը (www.hpg.am ): Հանրային պաշտպանի գրասենյակը նաև անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում փաստաթղթերի հավաքագրման ընթացքում առաջացած այլ իրավական խնդիրների առնչությամբ (իրավաբանական փաստի ճանաչում և այլն):
Զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին օրենքով երաշխավորվում է անվճար իրավաբանական օգնությունը, որը տրամադրվում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից: Իրավաբանական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել գրասենյակի մոտակա նստավայր՝ ներկայացնելով կարգավիճակը հաստատող փաստաթուղթը: Գրասենյակի նստավայրերի հասցեները և հեռախոսահամարները հասանելի են գրասենյակի ինտերնետային կայքում՝ www.hpg.am:
Մինչ հատուցում ստանալը զոհված զինծառայողի ընտանիքին հուղարկավորության ծախսերի հատուցման նպատակով տրվում է 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ: Եվս 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տրվում է զոհված զինծառայողի գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման նպատակով՝ բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների: Հատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է դիմում` համապատասխանաբար ՀՀ պաշտպանության նախարարության կամ ազգային անվտանգության ծառայության կամ ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում (սոցիալական ապահովության վարչություն): Ընդ որում՝ ռազմական դրության ժամանակահատվածում հուղարկավորության ծախսերի հատուցման գումարն ստանալու դիմումը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում կարող է ներկայացվել նաև ՔԿԱԳ (ЗАГС) մարմնի միջոցով՝ մահվան վկայականը ՔԿԱԳ-ից ստանալուն զուգահեռ, կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հատուցման գումարը վճարվում է բանկային փոխանցման միջոցով, որի մասին իրազեկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հոգեբանական կենտրոնների, այդ թվում՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, հոգեբանական ծառայություններ է ցուցաբերում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին: Օգնությունը տրամադրվում է նաև այցելությունների միջոցով: Այդպիսի աջակցություն ստանալու համար դիմումներ կարող են ներկայացվել ինչպես ուղղակիորեն նշված հոգեբանական 7 կենտրոններին, այնպես էլ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին: Հոգեբանական աջակցություն են ցուցաբերում նաև Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:
ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործողությունների մասնակիցների համար պետության կողմից երաշխավորված է բժշկական օգնություն և սպասարկում: Դրան զուգահեռ, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողների համար երաշխավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր: Աջակցող միջոցների տրամադրման համար անձն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով գրավոր դիմում է համապատասխան կազմակերպությանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ համանուն հիմնադրամից հատուցում ստանալու իրավունք ունեն նաև 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները: Հատուցման համար հիմք է հանդիսանում զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն (ԲՍՓ) իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) որոշումը: Հատուցում ստանալու գործընթացը նախապատրաստվում է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավորապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Նշված մարմինները օժանդակություն են ցուցաբերում փաստաթղթերի հավաքագրման և դիմումների լրացման հարցում: Առանձին խնդրահարույց դեպքերում նշված մարմիններին օժանդակություն է ցուցաբերում նաև ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը: Այդուհանդերձ, ցանկության դեպքում հաշմանդամություն ստացած զինծառայողները ևս կարող են իրականացնել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը և դրանք ներկայացնել համապատասխան մարզպետարան կամ տեղական ինքնակառավարման մարմին (համայնքապետարան): Դիմելու դեպքում փաստաթղթերի հավաքագրման հարցում 8 անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերում նաև հանրային պաշտպանի գրասենյակը (www.hpg.am): Հանրային պաշտպանի գրասենյակը նաև անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում փաստաթղթերի հավաքագրման ընթացքում առաջացած այլ իրավական խնդիրների առնչությամբ (իրավաբանական փաստի ճանաչում և այլն):
Զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների հաշմանդամության կարգը որոշվում և սահմանվում է ընդհանուր կարգով՝ ՀՀ կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն որոշման համաձայն: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հաշմանդամության պատճառը (ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ժամանակ կամ զինվորական պարտականությունները կատարելիս համապատասխան հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը ստացած լինելը) սահմանվում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) կողմից տրված եզրակացության հիման վրա: Ընդ որում, ռազմական դրության ժամանակ ԿՌԲՀ-ի կողմից զինծառայողների և (կամ) մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան պատճառական կապի որոշումը կարող է ընդունվել պարզեցված ընթացակարգով՝ առանց մի շարք փաստաթղթերի առկայության:
ՀՀ կառավարության 17.12.2020թ. թիվ 2073-Լ որոշմամբ հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառում: Աջակցության միջոցառումից կարող են օգտվել այն զինծառայողները, որոնց ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի խորհրդի 2017թ. մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով. Դրանք են՝ 1) ստամոքսի լրիվ հեռացում, 2) մեկ թոքի հեռացում, 3) անդամահատված ծայրատներ, ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ, բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախաբազկի ամպուտացիոն ծայրատի հետ, գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա, դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ, 9 ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում, զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ, է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրության հետ, ը. զույգ դաստակների մատների բացակայություն, թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ, ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրության հետ, 4) կոկորդի հեռացում, 5) միզապարկի հեռացում, 6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով, 7) երկու աչքերի անվերադարձ կուրություն, 8) երկու ակնագնդերի բացակայություն, 9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ, 10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա), 11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդաբանական արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական: Նման վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների տվյալների հավաքագրումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություններից: Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները պարտավոր չեն լրացուցիչ այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ: Չնայած դրան, այն անձինք, որոնք ռազմական գործողությունների հետևանքով ստացել են վերը նշված վիրավորումներից որևէ մեկը, կարող են տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հոգեբանական կենտրոնների, այդ թվում՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, հոգեբանական ծառայություններ է ցուցաբերում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին: Օգնությունը տրամադրվում է նաև այցելությունների միջոցով: Այդպիսի աջակցություն ստանալու համար կարող է դիմում ներկայացվել ինչպես ուղղակիորեն նշված հոգեբանական կենտրոններին, այնպես էլ՝ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին: Հոգեբանական աջակցություն են տրամադրում նաև Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:
ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԴԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Անձի գերեվարված կամ պատանդ վերցված լինելու մասին տեղեկություններ ստանալու նպատակով նշված անձանց ընտանիքի անդամները կարող են դիմել ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ ստեղծված՝ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողով: Հանձնաժողովը զբաղվում է մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հարցերով:
Գերեվարման հանգամանքը հաստատվելու կամ դա ապացուցող հավաստի տվյալների առկայության դեպքում խոշտանգումներից կամ այլ վատ վերաբերմունքից գերեվարված զինծառայողի կամ պատանդ վերցված քաղաքացիական անձի պաշտպանվածությունը միջազգային գործիքակազմով ապահովելու, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ նպատակով հրատապ միջոց կիրառելու համար, անհրաժեշտ է դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակ կամ այդպիսի գործերով փորձառություն ունեցող փաստաբանների:
Ուղղակիորեն որևէ սոցիալական աջակցություն սահմանված չէ գերության մեջ գտնվող զինծառայողների կամ պատանդ վերցված քաղաքացիական անձանց ընտանիքի անդամների համար: Եթե զինծառայողի գերեվարման հանգամանքը հաստատված չէ պաշտոնապես, վերջինիս ընտանիքի անդամները կարող են օգտվել անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից: Միաժամանակ, գերության մեջ գտնվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում պահպանվում է պաշտոնային դրույքաչափը:
Գերեվարման հանգամանքների վերաբերյալ այնպիսի տեղեկությունների առկայության դեպքում, որոնք վերաբերում են պատասխանատու անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցավոր արարքներին, անհրաժեշտ է դրանք ներկայացնել քրեական հետապնդման մարմիններին, օրինակ՝ դատախազությանը, քննչական մարմիններին, ոստիկանությանը կամ ռազմական ոստիկանությանը, օրենքով սահմանված ընթացակարգերով ստուգման ենթարկելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հոգեբանական կենտրոնների, այդ թվում՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, հոգեբանական ծառայություններ է ցուցաբերում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին: Օգնությունը տրամադրվում է նաև այցելությունների միջոցով: Այդպիսի աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ինչպես ուղղակիորեն նշված հոգեբանական կենտրոններին, այնպես էլ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին: Հոգեբանական աջակցություն են ցուցաբերվում նաև Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից:
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Անհայտ կորած անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով նշված անձանց ընտանիքի անդամները կարող են դիմել ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ ստեղծված «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողով: Նշված հանձնաժողովը զբաղվում է մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հարցերով: Միաժամանակ, անհայտ կորած անձի վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում ևս անհրաժեշտ է ներկայացնել դրանք հանձնաժողովին՝ տվյալների համակարգվածությունը ապահովելու համար:
Ներկայումս անհայտ կորած զինծառայողների և այլ անձանց մարմինների հայտնաբերման գործընթացին նաև հնարավորություն է տրվում մասնակցել նշված անձանց հարազատներին: Գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ ստեղծված՝ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողով, կամ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն:
Դիերի նույնականացումը կատարվում է համապատասխան փորձաքննությունների իրականացմամբ: Նույնականացման համար նմուշ տրամադրելու համար անհրաժեշտ է մոտենալ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ (ք. Երևան, Հերացու փող., 5/1 շենք): Ընթացիկ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ևս անհրաժեշտ է դիմել նշված կենտրոն (հեռ.՝ 010-56-71-08), կամ ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ ստեղծված՝ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողով:
Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին շահագրգիռ անձանց դիմումով կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Նշված ժամկետը լրանալուց հետո դատարան դիմելու հետ կապված իրավաբանական օգնություն ստանալու նպատակով շահառու անձինք կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ (www.hpg.am):
Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամները զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում օգտվում են զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար նախատեսված երաշխիքներից, այդ թվում՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստանալու իրավունքից: Հատուցումը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ երաշխիքներն և արտոնություններն տրամադրվում է դատարանի կողմից զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելուց հետո:
Կառավարության 10.12.2020թ. թիվ 2001-Լ որոշմամբ նախատեսվել է սոցիալական աջակցություն անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին ամսական 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով մինչև դատարանի կողմից զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելը: Նշված աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպվում է Կառավարության 24.12.2020թ. թիվ 2180-Լ որոշմամբ սահմանված կարգով համապատասխան գերատեսչությունների կողմից: Գործընթացը սկսվում է ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ ստեղծված՝ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովի կողմից գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկը համապատասխան գերատեսչության (ՊՆ, ոստիկանություն, ԱԻՆ) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը տրամադրելով: Շահագրգիռ անձինք գործընթացի ընթացքի նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու ցանկություն ունենալու դեպքում պետք է յուրաքանչյուր փուլում դիմեն համապատասխան մարմնին՝ սկսելով հանձնաժողովից՝ ճշտելով, թե արդյոք համապատասխան զինծառայողն ընդգրկված է գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկում:
Անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ այնպիսի տեղեկությունների առկայության դեպքում, որոնք վերաբերում են պատասխանատու անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցավոր արարքներին, անհրաժեշտ է դրանք ներկայացնել քրեական հետապնդման մարմիններին, օրինակ՝ դատախազությանը, քննչական մարմիններին, ոստիկանությանը կամ ռազմական ոստիկանությանը, օրենքով սահմանված ընթացակարգերով ստուգման ենթարկելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հոգեբանական կենտրոնների, այդ թվում՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, հոգեբանական ծառայություններ է ցուցաբերում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին: Օգնությունը տրամադրվում է նաև այցելությունների միջոցով: Այդպիսի աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ինչպես ուղղակիորեն նշված հոգեբանական կենտրոններին, այնպես էլ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին: Հոգեբանական աջակցություն են ցուցաբերում նաև Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:
ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Կառավարության 01.10.2020թ. թիվ 1625-Ն որոշմամբ լրացում է կատարվել «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» Կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն որոշման մեջ և արդյունքում սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:
ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԻՆՔ
Կառավարության կողմից միանվագ դրամական օգնություն է նախատեսված Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար 68.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև կեցավայրի համար տրամադրվում է միանվագ լրացուցիչ աջակցություն՝ 15.000 դրամ: Արցախի հաշվառում ունեցող հետևյալ քաղաքացիները չեն կարող հանդիսանալ այդ միջոցառման շահառու՝ 1) Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող անձինք 2) Հայաստանի Հանրապետությունում աշխատող անձինք կամ անհատ ձեռնարկատերեր 3) 18-58 տարեկան արական սեռի անձինք (բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների): Աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության www.օոliոe.ssa.am կայքէջի միջոցով ներկայացված էլեկտրոնային դիմումի հիման վրա: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով: Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.gov.am/am/support-measures/:
Կառավարության կողմից միանվագ 300.000 դրամի չափով աջակցություն է տրամադրվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքներում 15 հաշվառում ունեցող և մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի այնտեղ բնակված Արցախի յուրաքանչյուր չափահաս և անչափահաս քաղաքացու: Աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության օոliոe.ssa.am կայքէջի միջոցով ներկայացված էլեկտրոնային դիմումի հիման վրա: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով: Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.gov.am/am/support-measures/:
Կառավարության կողմից միանվագ 250.000 դրամի չափով աջակցություն է տրամադրվում Արցախի բնակավայրի հասցեով հաշվառված և մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին), եթե պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Միջոցառման շահառու անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը միջոցառման շահառու է։ Աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության www.օոliոe.ssa.am կայքէջի միջոցով ներկայացված էլեկտրոնային դիմումի հիման վրա: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով: Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.gov.am/am/support-measures:
Կառավարության կողմից իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված ՀՀ-ում գտնվող գործազուրկ անձանց աջակցման ծրագիր՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու նպատակով: Միջոցառման շրջանակում գործատու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ և շահառուի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Գործազուրկ անձին վճարվում է ամսական աշխատավարձ` 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին՝ 34.000 ՀՀ դրամի չափով գումար: Գործազուրկ անձը կարող է լինել միջոցառման շահառու մեկ անգամ` 3 ամիս տևողությամբ: 16 Մեկ այլ միջոցառմամբ նախատեսվում է ապահովել նշված անձանց ժամանակավոր զբաղվածությունը: Միջոցառումն իրականացվում է համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ներկայացրած վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի նախագծի հիման վրա։ Համայնքի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը յուրաքանչյուր շահառուի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր: Շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 8.000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը): Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար: Շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։
Կենցաղային նվազագույն կարիքների ապահովման հարցերով աջակցություն ստանալու համար կարելի է դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմիններին, տվյալ դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքապետարաններ): Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առանձին հոգեբանական կենտրոններ անվճար հոգեբանական աջակցություն են ցուցաբերում Արցախից տեղահանված անձանց: Դրան զուգահեռ, մի շարք հասարակական կազմակերպություններ և խմբեր աջակցություն են տրամադրում նաև կենցաղային հարցերի առնչությամբ, անհրաժեշտության դեպքում տրամադրելով իրեր, հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ:
Հայաստանի Հանրապետությունում գտնվող երեխաների կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մոտ կրթական հաստատություն (դպրոց):
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻՆՔ
Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց Կառավարության կողմից միանվագ դրամական օգնության ձևով տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ հետևյալ չափերով 1) առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամի չափով. 2) երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 դրամի չափով. 17 3) երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 դրամի չափով. 4) հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամի չափով. 5) զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 դրամի չափով: Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը: Աջակցությունը փոխանցվում է շահառուի բանկային հաշվեհամարին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ ԿՐԱԾ ԱՆՁԻՆՔ
Կառավարությունը փոխհատուցում է տրամադրում ՀՀ Սյունիքի մարզի համայնքների այն բնակիչներին, որոնց պատկանող անշարժ գույքին 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով հասցվել է վնաս: Օժանդակությունը տրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ կախված գույքին պատճառված վնասի չափից: Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում է ներկայացնել մարզպետարան: Աջակցությունը փոխանցվում է շահառուի բանկային հաշվեհամարին: Բացի այդ, Ադրբեջանի դեմ հատուցման պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ է դիմել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչություն կամ ՄԻԵԴ դիմելու փորձառություն ունեցող փաստաբանների:
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործողությունների մասնակիցների համար նախատեսված են բազմաթիվ երաշխիքներ և արտոնություններ, այդ թվում՝ անվճար բժշկական օգնություն և սպասարկում, կրթության բնագավառում արտոնություններ: Նշված արտոնություններից օգտվելու հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ 18 է դիմել իրավունքների պաշտպանության միջոցների, այդ թվում՝ իրավասու մարմինների գործողությունների (անգործության) բողոքարկում: Իրավական խնդիրների դեպքում նշված անձինք կարող են դիմել հանրային պաշտպանի գրասենյակ (www.hpg.am), որտեղ նշված խմբի անձանց համար երաշխավորվում է անվճար իրավաբանական օգնության տրամադրումը:
Աշխատանքային օրենսգրքի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված են զորակոչված կամ կամավորագրված անձանց վարձատրության կանոնները: Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, պահպանելով աշխատատեղը (պաշտոնը), զորահավաքներին մասնակցելու ժամանակահատվածում: Նշված հիմքով աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողին վճարվում է կամ հատուցվում է միջին աշխատավարձը այն մարմնի կողմից, որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից: Որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակիցը ևս ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը): Այս դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի (ՊՆ-ի) տրամադրած՝ կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: Աշխատանքային օրենսգիրքն արգելում է գործատուին իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրն աշխատողի հետ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում: Գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրն աշխատանքային օրենդրությամբ սահմանված հիմքերով, եթե նշված ժամանակահատվածի ավարտից հետո աշխատողը չի ներկայանում աշխատանքի: Աշխատանքից ազատելու, վարձատրության կամ աշխատանքային այլ վեճեր առաջանալու դեպքում առաջարկվում է դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ (www.hpg.am), որտեղ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձանց համար երաշխավորվում է անվճար իրավաբանական օգնության տրամադրումը:
«Փաստաբանության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար երաշխավորվում է անվճար իրավաբանական օգնության տրամադրումը, ուստի ինչպես ռազմական գործողությունների մեկնելու առնչությամբ առաջացած իրավական խնդիրների, այդ թվում՝ տարատեսակ պարտավորությունների առնչությամբ, այնպես էլ յուրաքանչյուր իրավական բնույթի հարցով նշված խմբի անձինք կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հոգեբանական կենտրոնների, այդ թվում՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, հոգեբանական ծառայություններ է ցուցաբերում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին: Օգնությունը տրամադրվում է նաև այցելությունների միջոցով: Այդպիսի աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ինչպես ուղղակիորեն նշված հոգեբանական կենտրոններին, այնպես էլ «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին: Հոգեբանական աջակցություն են ցուցաբերում նաև Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ հեռ.՝ 010 600 713 Viber (+374) 33 600 714 010 600 714 WhatsApp (+374) 33 600 714 010 600 715 Skype (+374) 33 600 714 կայք www.advocates.am www.hpg.am ՀՀ պաշտպանության նախարարություն ԹԵԺ ԳԻԾ 1-28, 1-88, 012-21-00-00 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ԹԵԺ ԳԻԾ 1-14 «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողով հեռ.՝ 010-28-54-25, 010-28-37-42, 010-28-12-94, հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6 «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ հասցե՝ ք. Երևան, Հերացու փող., 5/1 շենք հեռ.՝ (010) 54-26-00 Աջակցության ծրագրերի դիմումների ներկայացման կայքէջ www.օոliոe.ssa.am
http://advocates.am/images/lureri_nkarnem/2021/Uxecuyc.PDF
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության քաղաքացի են նաև օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում` 1) քաղաքացիության ճանաչմամբ. 2) ծննդով. 3) քաղաքացիություն ստանալու միջոցով. 4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով. 5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով. 6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով. 7) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում` 1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում. 2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար. 3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Սույն կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի օրենքի ուժի մեջ մտնելու պահից:
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ 1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ, 2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ 3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե` 1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են. 2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է. 3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն. 4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային. 5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է. 6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:
Երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:
Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու) պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Այս դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաև ծնողների գրավոր համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնվել, եթե բացակայում են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը (քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին), և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել նույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով (քաղաքացիությունը դադարեցվում է կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի): Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած, սակայն այլ երկրի քաղաքացիություն չստացած անձը, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերումն իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե` 1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում. 2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և 3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այդ պահանջների բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը` 1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա. 2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար. 3) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից. 4) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:
Առանց այդ պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Առանց օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (հասցե՝ քաղաք Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք, թեժ գծի հեռախոսահամար՝ +374 10 37 02 64):
Այս դեպքում անձը կարող է դիմել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ:
Պարզեցված կարգով` առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող է դիմել՝ 1.այն անձը, որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, կամ 2. որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար: Այս դեպքում դիմողն անձամբ պետք է ներկայացնի. - դիմում` ուղղված ՀՀ Նախագահին - անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/ - 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար - ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին - իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը - պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Պարզեցված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող է դիմել նաև այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում և որը 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար: Այս կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող է դիմել այն անձը, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից. Այս դեպքերում դիմողն անձամբ պետք է ներկայացնի. - դիմում` ուղղված ՀՀ Նախագահին - անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/ - 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար - ծննդյան վկայականը և դրա պատճենը - պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
Ազգությամբ հայերն անձամբ պետք է ներկայացնեն. - դիմում` ուղղված ՀՀ Նախագահին - անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստան Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/ - 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար - ծննդյան վկայականը և դրա պատճենը - ազգությունը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ - պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ազգությամբ հայ լինելը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը` ա. ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (ՀՀ Կառավարությունը 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում) նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված այդ որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով, բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ, գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված կարգով, դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ (այս փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ): Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև անձնագիրը, ծննդյան վկայականը, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, եթե դրանք պարունակում են ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում:
Այս դեպքում անհրաժեշտ է ներկայացնել. - դիմում` ուղղված ՀՀ Նախագահին - անձնագիրը և դրա պատճենը /քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/ - 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար - պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախատեսված է 1,000 ՀՀ դրամ պետական տուրք (օտարերկրա պետությունում դիմելու դեպքում՝ 2 ԱՄՆ դոլար, 2 Եվրո, 200 ՌԴ ռուբլի):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմում է եզրակացություններ, որոք ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։
Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը:
Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի ղեկավարից, անդամներից և քարտուղարից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարի կողմից տրամադրվում են հանձնաժողովի ղեկավարին և անդամներին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում: Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները։ Քննարկումների ընթացքում հանձնաժողովը կարող է դիմել պետական կառավարման համակարգի մարմիններին անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով։
Քննարկումների արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ, որոնք հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո համապատասխան արձանագրության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Հայաստանի Հանրապետության վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիության շնորհումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է անձին քաղաքացիություն շնորհելու մասին առաջարկությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առանց Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից եզրակացություն ստանալու:
Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ հարցերը օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հանրապետության նախագահը՝ հրամանագիր ընդունելու միջոցով:
Դիմումի ընթացքին անձը կարող է հետևել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով ՀՀ ոստիկանության «police.am» պաշտոնական կայքէջ:
Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում:
Այո, իրավունք ունի: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Նշված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Օրինակ, օրենքով հստակ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե անձի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, կամ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ, կամ անձն ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ (օրինակ՝ չեն անցել զինվորական ծառայություն) և այլն:
The guidebook was funded through Calouste Gulbenkian Foundation grant.
Երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում են տրամադրվում է` 1) զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին. 2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին. 3) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայության ծառայողների, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների հետևյալ անդամներին` ա. 18 տարին չլրացած երեխաներին, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակներին, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներին, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը, բ. ծնողներին, ամուսնուն, գ. խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քրոջը և եղբորը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քրոջը և եղբորը, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:
Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն սահմանված ձևի ուղեգիր, համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթեր: Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն` • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, • Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները (այսուհետ՝ գերատեսչական մարմին), • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, • Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հոսպիտալներն ու պոլիկլինիկաները, • ինչպես նաև առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունները (ամբուլատորպոլիկլինիկական կազմակերպություն):
Ծրագրի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելու համար հիմք են համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը (ներկայացվում են պատճենների հետ միասին՝ բացառությամբ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականի, որի դեպքում նշվում են միայն վկայականի համարը և այն տրամադրող մարմնի անվանումը): 1) զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին` զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին. 2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին՝ համապատասխան ծառայության թոշակառուի վկայական կամ հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը. 3) 18 տարին չլրացած երեխաներին, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակներին, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներին, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը ներկայացվում է. զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողի համար՝ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, երեխայի ծննդյան վկայականը և անձնագիրը, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) երեխաների համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ երեխայի անվամբ տրված տեղեկանքը, հաշմանդամ երեխայի դեպքում՝ նաև երեխայի հաշմանդամության վկայականը, ուսանող երեխայի դեպքում` նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից. 4) ծնողների, ամուսնու դեպքում ՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողի համար՝ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) կնոջ (ամուսնու) կամ ծնողների համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ծնողների դեպքում՝ նաև զինծառայողի ծննդյան վկայականը, կնոջ (ամուսնու) դեպքում՝ նաև ամուսնության վկայականը. 5) խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քրոջը և եղբորը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քրոջը և եղբորը, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, քրոջ (եղբոր) և զինծառայողի ծննդյան վկայականները, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) քրոջ (եղբոր) համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ծնողների հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, ուսանող քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, հաշմանդամ քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը:
Վերը նշված փաստաթղթերը պետք է ներկայացվեն բնօրինակ տեսքով, իսկ բնօրինակները ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում են այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կրկնօրինակները կամ արխիվային փաստաթղթերը, կամ սահմանված ձևի փաստաթղթեր:
Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ուղեգիր տրվում է` 1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համար՝ ա. Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար՝ Երևանի տարածքում գործող համապատասխան գերատեսչական մարմնի կամ գերատեսչական բժշկական հիմնարկի կողմից, բ. մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կամ տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից. գ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին՝ տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի կամ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից. Անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները կարող են ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:
1) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը. 2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը), սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունները. 3) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:
Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում` 1) մասնագիտացված կոնսուլտացիաները. 2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը (ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները). 3) անհրաժեշտ դեղերով ապահովումը և բուժական միջամտությունները. 4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը. 5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը. 6) կոմունալ, տնտեսական և այլ անհրաժեշտ ծախսերը:
Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար փոխհատուցման ենթակա չեն` 1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայությունները). 2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության, երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը և ծառայությունները: • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը. • Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումը. • Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 506-Ն որոշումը:
1. ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ /կրճատ ՀՊԳ/ հասցե`ՀՀ, 0010, ք.Երևան, Զաքյան 7-2 շենք (+37410) 600 701 (+37410) 600 704 (+37410) 600 703 [email protected] Երկուշաբթի - ուրբաթ 10:00 - 18:00 Ընդմիջում` 13:00 - 14:00 ՀՊԳ գրասենյակի գործունեության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.hpg.am կայքէջ: ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044 հեռախոս` + 37410294699 Էլ․ փոստ՝ [email protected] ԹԵԺ ԳԻԾ` 1-28 (+37412) 21-00-00 09։00 - 18։00, Երկուշաբթի - Ուրբա ՀՀ առողջապահության նախարարություն հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Կառավարական տուն 3 էլ.փոստ ՝[email protected] հեռախոս՝ (+37460) 80 80 03 /2303 Պետական առողջապահական գործակալություն /ՀՀ առողջապահության նախարարություն/ Հասցե՝ ՀՀ , ք.Երևան Նորք, Գ. Հովսեփյան փող., 10 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան) Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00 հեռախոսահամար` +374-10-654691
Ուղեցույցը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել բացառապես փաստաբանը:
Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են` 1) կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով. 2) ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա:
Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի և օրինական ներկայացուցչի միջոցով: Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանի և օրինական ներկայացուցչի մասնակցությունը քրեական դատավարությանը չի սահմանափակում կասկածյալի և մեղադրյալի իրավունքները:
Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ` 1) այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը. 2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով. 3) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում. 4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին. 5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է. 6) մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է. 7) կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի. 8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում. 9) կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է. 10) դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում. 11) դատարանը մեղադրյալի նկատմամբ կիրառում է դատական նիստերի դահլիճից հեռացում սանկցիա։
Քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը (հետաքննության մարմինը, քննիչը, դատավորը): Պաշտպանի պարտադիր մասնակցության հիմք առաջանալու դեպքում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը պաշտպան չունի, հանրային պաշտպան նշանակելու պահանջով քրեական վարույթն իրականացնող մարմինը դիմում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
Քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձը հանրային պաշտպան ունենալու ցանկության դեպքում պետք է դիմի վարույթն իրականացնող մարմնին (հետաքննության մարմնին, քննիչին, դատարանին): Հանրային պաշտպանը քրեական վարույթին կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունը կարող է իրականացնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի պահանջով հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից նշանակվելու դեպքում:
Փաստաբանը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից:
Պաշտպան ունենալու` կասկածյալի կամ մեղադրյալի արտահայտած ցանկությունը քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող հանգամանք չէ, եթե նրանք ունեցել են նշանակված պաշտպան, սակայն հայտարարել են պաշտպանից հրաժարվելու մասին, որն ընդունել է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որևէ մեկին երաշխավորել հրավիրելու որևէ պաշտպանի: Ավելին, մյուս կողմից ևս, արգելվում է փաստաբանին ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու առաջարկը: Այդպիսի առաջարկի ընդունումը փաստաբանի համար կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավունք ունեն կասկածյալին կամ մեղադրյալին առաջարկել հրավիրելու այլ պաշտպան կամ պաշտպան նշանակել հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, եթե` 1) պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելու պահից 24 ժամվա ընթացքում պաշտպանը հնարավորություն չունի ներկայանալու կամ չի ներկայանում կասկածյալի կամ արգելանքի վերցված մեղադրյալի առաջին հարցաքննությանը. 2) պաշտպանը հնարավորություն չունի մասնակցելու քրեական գործով վարույթին 3 օրից ավելի ժամանակով:
Կասկածյալը և մեղադրյալը կարող են ունենալ մի քանի պաշտպաններ: Հարկ է նկատել, որ դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը:
Միևնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ պաշտպան, բացառությամբ պաշտպանյալների շահերի միջև հակասության առկայության, ինչպես նաև այն դեպքերի, երբ վտանգ կա, որ նրանց միջև պաշտպանի շփումները կարող են խոչընդոտել արդարադատության իրականացմանը։
Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե` 1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը. 2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին. 3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը. 4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:
Պաշտպանից հրաժարվելը նշանակում է կասկածյալի կամ մեղադրյալի մտադրությունը` իր պաշտպանությունն իրականացնել առանց որևէ պաշտպանի իրավաբանական օգնության: Պաշտպանից հրաժարվելու մասին կասկածյալի կամ մեղադրյալի հայտարարությունն արտացոլվում է արձանագրության մեջ: Պաշտպանից հրաժարվելու պահից կասկածյալը և մեղադրյալը համարվում են իրենց պաշտպանությունն ինքնուրույն իրականացնող, որը տվյալ դեպքում իրավունքներից չի զրկում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հետագայում նշանակված կամ քրեական գործով վարույթին մասնակցելուց չազատված պաշտպանին թույլատրել մասնակցելու վարույթին:
Պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան: Չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ: Այն դեպքերում, երբ  կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում,  կամ կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին,  կամ հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է,  կամ քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում, քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելը և նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները:
Պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումն այդ առիթով: Տվյալ դեպքում, նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ գործի վարույթը վերսկսելու համար:
Պաշտպանն իրավունք չունի կատարել պաշտպանյալի շահերին հակասող որևէ գործողություն: Պաշտպանը չի կարող հակառակ պաշտպանյալի դիրքորոշման` ընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը դրա կատարման մեջ: Ավելին, Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի հանձնարարության` 1) հայտարարել հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին. 2) հայտարարել տուժողի հետ պաշտպանյալի հաշտվելու մասին. 3) ընդունել քաղաքացիական հայցը. 4) հետ վերցնել պաշտպանյալի ներկայացրած բողոքը:
Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
Փաստաբանի կողմից թույլ տրված ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ անհրաժեշտ է դիմել ՀՀ փաստաբանների պալատ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կամ փաստաբանական վարքագծի կանոնագրքի խախտման առկայությունը հաստատվելու դեպքում՝ փաստաբանը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ արտոնագրի գործողության դադարեցում: Հանրային պաշտպանից դժգոհություններ ունենալու դեպքում դրանք կարող են ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
Բոլոր այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն համարվում են փաստաբանական գաղտնիք և գտնվում են օրենքի պաշտպանության ներքո: Փաստաբանը պետք է պահպանի այն ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, որի մասին նա տեղեկանում է իր մասնագիտական գործունեության ընթացքում և պարտավոր է չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Գաղտնիության պարտականությունը ժամանակով սահմանափակված չէ։ Փաստաբանական գաղտնիք չպահպանելը փաստաբանի համար կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:
Փաստաբանները չեն կարող կանչվել և հարցաքննվել որպես վկա` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ: Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել նաև` 1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները. 2) անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ. 3) դատավորը, այդ թվում նաև՝ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի. 4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին. 5) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին:
Կասկածյալը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` 1) իմանալ` ինչում է կասկածվում, տեղեկացվել կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը. 2) ձերբակալվելուց հետո իրեն հասկանալի լեզվով հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ ստանալու իր իրավունքների, ինչպես նաև իրեն ազատությունից զրկելու պատճառների և հիմքերի մասին գրավոր ծանուցում և պարզաբանում. 3) ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` դրա պատճենը. 4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն. 5) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցվել իր պաշտպանի հետ` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման, բացառությամբ սույն օրենսգրքի 211-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի. 6) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ. 7) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց. 8) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց. 9) որ իր ընտրած անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությունը արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղեկացվելու իրեն արգելանքի տակ պահելու տեղի և հիմքերի մասին։ Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը։ Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել. 10) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու համար. 11) հայտնել բացարկներ. 12) հարուցել միջնորդություններ. 13) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ. 14) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ. 15) ծանոթանալ այն քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն. 16) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները. 17) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները. 18) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը. 19) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:
Մեղադրյալը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` 1) իմանալ` ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անհապաղ անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը. 2) արգելանքի վերցվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ անվճար ստանալ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում. 3) մեղադրանք առաջադրելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն. 4) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման. 5) հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ. 6) տալ ցուցմունքներ կամ հրաժարվել ցուցմունքներ տալուց, առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ. 7) տալ բացատրություններ կամ հրաժարվել բացատրություններ տալուց. 8) իր միջնորդությամբ, հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի թույլտվությամբ անձամբ կամ պաշտպանի միջոցով մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին կամ հրաժարվել դրանց մասնակցելուց, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ. 9) արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով իր ընտրած անձին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։ Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի և հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև շահագրգիռ այլ պետությանը: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել. 10) քրեական գործին կցելու և հետազոտելու համար ներկայացնել նյութեր. 11) հայտնել բացարկներ. 12) հարուցել միջնորդություններ. 13) հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին. 14) առարկել քրեական հետապնդման մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ. 15) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները. 16) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն. 161) մինչև գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ. 17) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին և գործի նյութերի հետազոտմանը, հանդես գալ ճառերով և ռեպլիկով. 18) դատական քննության ընթացքում հանդես գալ վերջին խոսքով. 19) քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը. 20) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը. 21) հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը. 22) առարկություններ ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն տեղեկացված կամ այլ հանգամանքների արդյունքում իրեն հայտնի դարձած դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ. 23) դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով. 24) բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ. 25) առարկել նախագահողի գործողությունների դեմ. 26) ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անօրինական պատճառված վնասի հատուցումը:
Յանցագործութեան համար մեղադրուողը կը համարուի անմեղ, քանի դեռ անոր մեղքը ապացուցուած չէ օրէնքով սահմանուած կարգով` դատարանի ` օրինական ուժի մէջ մտած դատավճիռով: Անձի մեղաւորութեան ապացուցման պարտականութիւնը դրուած է վարոյթը իրականացնող մարմնին վրայ: Ատոր զուգահեռ՝ անձը իրաւունք ունի իրականացնել իր պաշտպանութիւնը մեղադրանքէն: Կասկածեալին եւ մեղադրեալին կարելի չէ հարկադրել, ցուցմունքներ տալ, նիւթեր ներկայացնել քրէական վարոյթը իրականացնող մարմնին կամ անոր որեւէ աջակցութիւն ցոյց տալ:
Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում: Այս արգելքը, սակայն, չի խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, ինչպես նաև այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից: Պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների (բերման է ենթարկվել, ձերբակալվել է, պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է, կալանավորվել է կամ իր նկտամամբ այլ խափանման միջոց է կիրառվել):
Անձին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել իրավաչափ՝ նույնիսկ պետական և հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ բացահայտման անհրաժեշտության դեպքում:
Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:
Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Ավելին, անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել տեղեկություններ կամ տրամադրել նյութեր, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:
Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` 1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք. 2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք. 3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք. 4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. 5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին
Անձը կարող է անձնական ազատությունից զրկվել միայն հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` 1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար. 2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար. 3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով. 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով. 6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով. 7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
Սահմանադրությունը երաշխավորում է, որ ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝ Ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացված լինելու ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին, Բ) ազատությունից զրկվելու մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին (այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով: Գ) անհապաղ ազատ արձակվելու, եթե քրեական հանցանք կատարելու կասկածանքի հիմքով ազատության զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, Դ) վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը:
Սահմանադրությունը, հռչակելով յուրաքանչյուր անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը և նախատեսելով այդ իրավունքի սահմանափակման հնարավոր հիմքերը, միաժամանակ որպես երաշխիք սահմանել է, որ բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ, ընդ որում՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
The guidebook was funded through Calouste Gulbenkian Foundation grant.
Հանրային պաշտպանի գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց: Անձին հաշմանդամության խումբ տրվում է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և նրա տարածքային մարմինների կողմից: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտերնետային կայքի՝ գործում է այդպիսի 27 հանձնաժողով:
Հաշմանդամ է համարվում այն անձը, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն։
Բժշկասոցիալական փորձաքննություն առաջին անգամ անցնելու համար քաղաքացին պետք է դիմի իր հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող բժշկական կազմակերպություն (տարածքային պոլիկլինիկա): Մինչ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվելը, քաղաքացին բժշկական կազմակերպությունում պետք է անցնի անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումները և ավարտից հետո միայն կազմակերպությունը կարող է ուղեգրել անձին բժշկասոցիալական փորձաքննության, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում անձին մասնագետները կարող են ուղեգրել փորձաքննության՝ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ՝ քան բուժման անցնելուց 3 ամիս հետո (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի):
Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անձը հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի գրավոր դիմում և իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են նաև հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև անձի բուժումը կամ բուժսպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության ուղեգիր, որտեղ նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքները: Այն դեպքում, երբ անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մաuին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկաuոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց):
Այն դեպքում, երբ քննվող անձը ինքնուրույն չի կարող ներկայացնել փաստաթղթերը, ապա դա կարող է անել նրա ներկայացուցիչը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը, իսկ 16-18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը և հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին: Հանձնաժողովի նախագահը նշանակված փորձաքննության օրը ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում: Հանձնաժողովի նախագահը (ստորաբաժանման ղեկավարը) անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու կամ անձի միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) սահմանելու վերաբերյալ որոշումը հրապարակում է փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ:
Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը: Վերականգնողական անհատական ծրագիրն անձի բժշկասոցիալական փորձաքննական որոշման հետ միասին` օրենքով սահմանված կարգով հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին: Անձի վերականգնողական անհատական ծրագիրը եռօրյա ժամկետում ուղարկվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին հանձնաժողովը ծանուցում է ուղարկում անձին սպասարկող բժշկական կազմակերպություն: Փորձաքննական որոշման քաղվածքը կամ ծանուցումը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:
Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում հանձնաժողովում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Փորձաքննական որոշումն ուժի մեջ է մտնում բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու հաջորդ օրվանից: Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:
Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ` վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ։ Վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների որոշումները՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաև հաշմանդամության այս կամ այն խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը սահմանելու վերաբերյալ, կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել` 1) գործակալության պետի հանձնարարությամբ` վերափորձաքննության բաժնի կողմից. 2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից:
Անձը կարող է հանձնաժողովի ընդունած փորձաքննական որոշումը բողոքարկել գործակալության պետին վեցամսյա ժամկետում, որի հանձնարարությամբ անձը վերափորձաքննվում է վերափորձաքննության բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումն ընդունում է որոշում։ Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը մեկամսյա ժամկետում կարող է այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրում է փորձաքննված անձի բողոքը` ներառյալ բժշկասոցիալական փորձաքննական գործն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը, և տալիս է համապատասխան եզրակացություն։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման առարկությունների շրջանակներում` հանձնաժողովի կողմից վերափորձաքննության արդյունքում ընդունված նոր որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը կարող է որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:
1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, իսկ 2-րդ խմբի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով։
Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ` ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետևանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով և օրգանիզմի օրգանների և օրգան — համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման, գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
–ին և 2–րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում, ինչպես նաև անվճար դեղորայք ստանալու արտոնություն: 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ: Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և նրա տարածքային մարմինների կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ: Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը նախատեսված է օրենսդրությամբ: «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ կամ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձինք ներառված չեն շրջանակի մեջ: Ուստի, նրանք կարող են ստանալ այդպիսի օգնություն, եթե հանդիսանում են այդ շրջանակի մեջ ներառված անձանցից որևիցե մեկը:
Հանրային պաշտպանի գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն՝ ա) hոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց. բ) անգործունակ ճանաչվող անձանց: Ուստի, եթե հոգեկան խանգարում ունեցող անձը բուժվում է հոգեբուժական կազմակերպությունում, կամ ունի անգործունակ ճանաչվող անձի դատավարական կարգավիճակ, նա ունի իրավունք՝ ստանալ անվճար իրավաբանական օգնություն:
Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն` 1) հաստատելու նամակագրական կապ. 2) օգտվելու հեռախոսակապից. 3) հանդիպելու այցելուների հետ. 4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից. 5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով. 6) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ. 7) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից. 8) ստանալու իրավաբանական օգնություն. 9) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից. 10) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ. 11) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից. 12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով. 13) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը իր հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու համար ստեղծված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին. 14) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին. 15) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում. 16) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների. 17) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին. 18) հետազոտման, բուժման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին:
Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Բժիշկը պարտավոր է հոգեկան խանգարումով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկություններ տրամադրել հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների մասին: Դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում) կատարվում է գրանցում: Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքերում:
Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելուց հետո, եթե` 1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ 2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը: Հոգեբուժական հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում համապատասխան հոգեբուժական կազմակերպության տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու համար:
Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը նախատեսված է օրենսդրությամբ: Հոգեկան խանգարում ունեցող անձինք, որոնք կա´մ բուժվում են հոգեբուժական կազմակերպությունում կա´մ ունեն անգործունակ ճանաչվող անձի դատավարական կարգավիճակ, ներառված են այդ շրջանակի մեջ: Հոգեկան խանգարում ունեցող այլ անձինք, կարող են ստանալ անվճար իրավաբանական օգնություն, եթե հանդիսանում են շրջանակի մեջ ներառված անձանցից որևիցե մեկը:
Անգործունակ ճանաչվող անձի դատավարական կարգավիճակ ունեն նրանք, որոնց անգործունակ ճանաչելու վերաբերյալ հարուցվել է գործ՝նրա ընտանիքի անդամի, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական կազմակերպության դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, և գործի քննությունը դեռ չի ավարտվել: Անձը համարվում է անգործունակ ճանաչված, եթե առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ՝ նրան անգործունակ ճանաչելու վերաբերյալ: Քաղաքացին կարող է ճանաչվել անգործունակ, եթե հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինՀանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու առիթը գրավոր դիմումն է: Այն դեպքում, երբ հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձն ունի քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրան օգնություն տրամադրելու առիթը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն է կամ դիմումը: Քրեական վարույթ իրականացնող մարմինն է դատարանը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը: Ինչ վերաբերում է այն դեպքին, երբ անձն ունի դատապարտյալի կարգավիճակ, օգնություն տրամադրելու առիթը դատարանի որոշումն է: Վերջապես, եթե անձն ունի անգործունակ ճանաչվողի դատավարական կարգավիճակ, նրան օգնությունը տրամադրելու առիթը դատարանի որոշումն է:
Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք գրավոր դիմումը կարող են ներկայացնել անձամբ, իսկ այն դեպքում, երբ անձը ճանաչված է անգործունակ, դիմումը ներկայացվում է անձի անունից, սակայնխնամակալի կողմից:Խնամակալները անգործունակ ճանաչված անձանց ներկայացուցիչներն են օրենքի ուժով և նրանց անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները, այդ թվում՝ ներկայացնում են դիմում Հանրային պաշտպանի գրասենյակ: Խնամակալության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչև խնամակալ նշանակելը, խնամակալի պարտականություններն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը: Այսինքն, եթե անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակված չէ, Հանրային պաշտպանի գրասենյակ դիմումը ներկայացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:
Հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ սահմանվում է խնամակալություն: Խնամակալ նշանակում է խնամակալության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` մեկ ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ դատարանը տեղեկացրել է խնամակալության և հոգաբարձության մարմնին` քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են (գյուղապետ, քաղաքապետ): Երևանում խնամակալության և հոգաբարձության մարմնին վերապահված լիազորությունները քաղաքապետի անունից իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի հաշմանդամության փաստաթուղթը (հաշմանդամության վկայական, հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք) և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
The guidebook was funded through a Department of State Public Affairs Section grant.
Հանրային պաշտպանի գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն միայն միայնակ բնակվող կենսաթոշակառուներին:
Միայնակ բնակվող կենսաթոշակառուն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակի գրքույկ, բնակության վայրից (համատիրություն, գյուղապետարան, ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմին) տրված տեղեկանքը ընտանիքի փաստացի կազմի (միայնակ բնակվելու) մասին տեղեկանք և անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր):
Կենսաթոշակառու է համարվում այն անձը, ում գրավոր դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նշանակում է կենսաթոշակ, կամ ով օրենքով սահմանված իրավունք (բացառությամբ լիազորագրով ստացած իրավունքի) ունի ստանալու կենսաթոշակ:
Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմիններն են` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային ստորաբաժանումները, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները։
Օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձիք, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Կենսաթոշակառուն պարտավոր է` ա) լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ, բ) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:
Կենսաթոշակառուների կողմից օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված գումարները ենթակա են հետգանձման օրենքով սահմանված կարգով կամ դատարանի վճռի հիման վրա, եթե դադարել է կենսաթոշակ ստանալու` անձի իրավունքը:
Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը` 1) մշակում և վարում է պետական կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականությունը. 2) վերահսկում է պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականությունը. 3) իրականացնում է կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու մեթոդական ղեկավարումը. 4) կազմում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց կատարումը. 5) գործատուներից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում` ստուգում դրանց հավաստիությունը. 6) հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը. 7) առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու և դրանք փոփոխելու համար. 8) իր լիազորությունների շրջանակում քննարկում է կենսաթոշակային օրենսդրության խախտումները. 9) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները. 10) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին. 11) օրենքով սահմանված կարգով քննարկում է կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, վճարելու մասին դիմումները. 12) կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կենսաթոշակառուին անվճար տրամադրում է կենսաթոշակի վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 13) կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում. 14) համագործակցում է համապատասխան հասարակական ու միջազգային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ. 15) վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը. 16) կատարում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է` ա) դիմելու օրվանից. բ) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` 3-ամսյա ժամկետում, գ) կերակրողի մահվան օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` 6-ամսյա ժամկետում:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել քաղաքացիների կողմից։
Կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով։
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա մշտապես կամ առավելապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով) և կենսաթոշակ չի ստանում այլ պետությունից:
Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա կենսաթոշակ չի ստանում այն պետությունից, որի քաղաքացին է:
Օրենքով սահմանվում են կենսաթոշակի հետևյալ տեսակները. 1. աշխատանքային` 1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի. 2. զինվորական` 1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում. 3. սոցիալական` 1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:
Պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:
Անձին սոցիալական կենսաթոշակ չի նշանակվում, եթե նա ունի սույն օրենքով սահմանված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կայացնում է կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում, երբ անձը, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, չունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայր (հասցե)։
Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ խնդրելով նախկին բնակության վայրից պահանջել իր կենսաթոշակի գործը։ Կենսաթոշակի գործը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակվող ստորաբաժանումից տեղափոխվում է բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում տասնօրյա ժամկետում։ Կենսաթոշակառուի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենսաթոշակի գործն ստանալուց հետո: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:
Կենսաթոշակը կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է։ Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարի տրամադրումն է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:
Կազմակերպությունը կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարում է Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում` կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին տրամադրելու միջոցով:
Կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակի գումարն ստանալու համար համապատասխան մարմնի աշխատողին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը: Աշխատողը համադրում է կենսաթոշակ ստացող անձի ներկայացրած փաստաթղթի և վճարման ցուցակի տվյալները: Անհամապատասխանություններ չլինելու դեպքում կազմակերպության աշխատողը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում կենսաթոշակի գումարը: Կենսաթոշակ ստացող անձն ստորագրում է կենսաթոշակների վճարման ցուցակում:
Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:
Այո, կենսաթոշակը կարող է վճարվել է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում։ Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում լիազորագիրը և դրա լուսապատճենը: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը լիազորագրի պատճենը համեմատում է բնօրինակի հետ, պատճենի վրա կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը, կնքում է տարածքային բաժնի կնիքով և վերադարձնում բնօրինակը: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք, կենսաթոշակառուի տվյալների հետ միասին արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձ:
Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ստուգում է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը և որոշում է ընդունում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին։ Կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելուց հետո` 10 օրվա ընթացքում, կենսաթոշակառուին անվճար տրամադրում է կենսաթոշակի վկայական։ Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ եթե կենսաթոշակ նշանակելը մերժվել է օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու պատճառով, ապա ծանուցում է նրա` կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:
Կենսաթոշակի վկայակնի մեջ նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, ստաժի չափը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակը նշանակելու և վճարելու ժամկետները: Վկայականը կնքում և ստորագրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը:
Եթե փոխվում է կենսաթոշակի չափը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան մասնագետը կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի գրքույկում գրառում է կենսաթոշակի նոր չափը: Գրքույկն ստորագրում և կնքում է ստորաբաժանման ղեկավարը:
Կենսաթոշակի վկայականը կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարում է «Կրկնօրինակ» գրառումը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել նաև կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու որոշումն ընդունելուց հետո` փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով:
Այո, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով, թե ինչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացնի:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել: Այն դեպքում, երբ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքի առկայությունը բացակայում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամի` կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության նույն վայրում (հասցեում) նրա հետ հաշվառված լինելու դեպքում: Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին: Կենսաթոշակառուին հասանելիք, սակայն նրա մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նաև այդ գումարներն ստանալու իրավունք ունեցող անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով:
Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնող ժառանգին կամ դատարանի վճռով ժառանգություն ընդունած ժառանգին:
Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով։
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի հիման վրա։ Հաշմանդամության սահմանելու օրն է՝ քաղվածքի մեջ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը:
Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները:
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին: Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` 1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում. 2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում. 3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում. 4) Առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած կերակրողի՝ մինչև իր 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահամանափակում ունեցող 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակի աշխատելու դեպքում Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած կերակրողի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողների, ամուսնու աշխատելու դեպքում Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած կերակրողի՝ չաշխատող և զավակներ չունեցող կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակմամբ զավակներ ունեցող պապիի և տատիի աշխատելու դեպքում Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած կերակրողի՝ մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` համապատասխան կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղվող, ամուսնու կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձի՝ անկախ տարիքից, աշխատելու դեպքում 5)զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում. 6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու դեպքում. 7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում. 8) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում). 9) օտարերկրյա քաղաքացուն կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում. 10) կենսաթոշակի իրավունքը կորցնելու կամ կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում. 11) Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում: Սույն մասում նշված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:
Կենսաթոշակից պահումներ կատարվում են՝ 1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե` ա. կենսաթոշակառուն ներկայացրել է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն, բ. սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին վճարվել են ավելի գումարներ. 2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակից պահումներ կատարելու մասին որոշում է ընդունում, եթե ավելի վճարված գումարի չափը չի գերազանցում որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, և առկա է կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը: Այն դեպքում, երբ ավելի վճարված գումարի չափը գերազանցում է որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, կամ առկա չէ կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը, ապա պահումները կատարվում են դատական կարգով:
Հանրային պաշտպանի գրասենյակի մարզի նստավայր այցելած քաղաքացու դիմումը էլեկտրոնային համակարգում կազմում և հաշվառում է մարզի հանրային պաշտպանը կամ համապատասխան աշխատակիցը:
The guidebook was funded through a Department of State Public Affairs Section grant.
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Խտրականությունը, կախված սեռից արգելվում է:
Կանանց նկատմամբ խտրականությունը նշանակում է սեռի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որը նպատակ ունի կանանց համար սահմանափակել կամ վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում, տղամարդկանց և կանանց, անկախ նրանց ամուսնական կարգավիճակից, հավասարության հիմքով, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ճանաչումը և կանանց կողմից այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը կամ դրանցից օգտվելը:
Գենդերային խտրականություն չեն` • կանանց և տղամարդկանց հարաբերությունների կարգավորման հարցերում տարբերությունների սահմանումը` պայմանավորված հղիությամբ և ծննդաբերությամբ, երեխայի խնամքով և կրծքով կերակրելով. • տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը. • կանանց և տղամարդկանց աշխատանքի պահպանման առանձնահատկությունները` կապված նրանց վերարտադրողական առողջության պահպանման հետ. • մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը` հիմնված պարտականությունների` միայն որոշակի սեռի անձանց, կատարման հնարավորության վրա. • այն տարբերությունների սահմանումը, որը պայմանավորված է տարբեր սեռերի կենսաբանական առանձնահատկությամբ:
Երկրի քաղաքական ու հասարակական կյանքում կանանց համար, տղամարդկանց հետ հավասար պայմաններով, ապահովում են հետևյալ իրավունքները. • քվեարկելու բոլոր ընտրություններում և հանրաքվեներում, ընտրվելու բոլոր պետական ընտրովի մարմիններում, • մասնակցելու կառավարության քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը և կառավարման բոլոր մակարդակներով զբաղեցնելու պետական պաշտոններ և իրականացնելու բոլոր պետական գործառույթները, • մասնակցելու երկրի հասարակական ու քաղաքական կյանքին առնչվող հասարակական կազմակերպությունների և միավորումների գործունեությանը:
Կանայք և տղամարդիկ հանրային ծառայության ընդունվելու և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ունեն հավասար իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն և հավասար հնարավորություններ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել կանանց և տղամարդկանց` հանրային ծառայության ընդունվելու հավասար հնարավորություններ` իրենց ընդունակություններին և մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողներին պաշտոններում նշանակելիս, աշխատանքային առաջխաղացում կամ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով վերապատրաստման, ուսուցման գործուղում իրականացնելիս բացառվում են գենդերային խտրականության դրսևորումները: Կանայք և տղամարդիկ հանրային ծառայության թափուր պաշտոնների համալրմանը իրավունք ունեն մասնակցելու օրենքով սահմանված կարգով` հավասարապես և հավասար պայմաններում: Արգելվում է միայն մեկ սեռի անձանց համար հանրային ծառայության ընդունվելու մրցույթներ հայտարարելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ուղղակիորեն բխում է այլ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունից:
Ընտանիքում բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Ընտանիքում կնոջ նկատմամբ դրսևորվող բռնության տեսակներն են՝ • ֆիզիկական բռնություն` ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը. • սեռական բռնություն` բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը և այլն. • հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը. • տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը:
Կինը համարվում է ընտանիքում բռնության ենթարկված, այն դեպքում, եթե ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում բռնությունից:
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են` 1) նախազգուշացումը, որը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: 2) անհետաձգելի միջամտության որոշումը, որը կիրառվում է այն դեպքում եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: 3) պաշտպանական որոշումը, որը կայացվում է դատարանի կողմից ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնի ներկայացրած դիմումի հիման վրա:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ հայցադիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
Ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են` 1) սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմինը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը). 2) ոստիկանությունը. 3) կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը. 4) առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը. 5) խնամակալության և հոգաբարձության մարմինները. 6) ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները` ա. աջակցության կենտրոնները, բ. ապաստարանները:
Հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն տրամադրում է այն կանանց, ովքեր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտանիքում ենթարկվել են բռնության:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձն անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ պետք է ներկայացնի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի համաձայն տրված՝ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշումը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը՝ ընտանիքում բռնությունից տուժելու մասին, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը:
Ընտանիքում կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ: Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։ Երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցերը ամուսինները լուծում են համատեղ՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:
Կանայք տղամարդկանց հետ հավասար ունեն՝ • ամուսնության միևնույն իրավունքը, • ամուսնու ազատ ընտրության և միայն իր ազատ ու լիակատար համաձայնությամբ ամուսնանալու միևնույն իրավունքը, • ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս միևնույն իրավունքներն ու պարտականությունները, • տղամարդկանց և կանանց համար միևնույն իրավունքներն ու պարտականությունները որպես ծնողներ՝ անկախ նրանց ամուսնական կարգավիճակից իրենց երեխաներին վերաբերող հարցերում, • երեխաների թվի և նրանց ծննդի միջև ընկած ժամանակամիջոցի հարցն ազատորեն ու պատասխանատվությամբ լուծելու միևնույն իրավունքը և այդ իրավունքներն իրականացնելու հնարավորություն ընձեռող տեղեկատվություն, կրթություն և միջոցներ ստանալու իրավունքը, • երեխաների խնամակալության, հոգաբարձության և որդեգրման կամ համանման գործառույթներ իրականացնելու միևնույն իրավունքներն ու պարտականությունները, • միևնույն անձնական իրավունքները՝ որպես ամուսին և կին, այդ թվում՝ ազգանվան, մասնագիտության և զբաղմունքի ընտրության իրավունքը, • ամուսինների հավասար իրավունքները գույքի սեփականության, ձեռքբերման, տիրապետման, կառավարման, դրանից ինչպես անվճար, այնպես էլ վարձով օգտվելու և տնօրինելու կապակցությամբ:
Կինը ունի համատեղ սեփականության իրավունք ամուսնության ընթացքում ամուսնու կողմից ձեռք բերած գույքի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը համարվում է նրա սեփականությունը:
Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց։ Կինը իրավունք ունի ալիմենտ վճարելու անհրաժեշտ միջոցներ ունեցող ամուսնուց դատական կարգով պահանջել վճարել ալիմենտ հետևյալ դեպքերում՝ ա) անաշխատունակ անապահով լինելու դեպքում, բ) հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամելու դեպքում մինչև երեխայի երեք տարին լրանալը. գ) եթե կինը անապահով է և խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ չափահաս զավակին:
Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
Մայրության նպաստի իրավունք ունեն` 1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (վարձու աշխատողներ). 2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք). 3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (չաշխատող անձ):
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում` դիմում, որում ներառվում են՝ • դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, • շահառուի (չաշխատող կնոջ) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, • շահառուի բանկային հաշվի համարը կամ այն բանկը, որտեղից շահառուն ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը. • դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց. • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը. • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, իսկ եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո` ծննդօգնության պետական հավաստագրի պատճենը (վավերացված այն բժշկական կազմակերպության կնիքով և տնօրենի ստորագրությամբ, որտեղ ծննդաբերել է հղին) և երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական, երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթուղթ կամ մահվան վկայական). • շահառուի ստորագրած հայտարարությունը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին (հայտարարությունը ներառում է նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով:
Օտարերկրացու հետ ամուսնությունը, ամուսնալուծությունը, ամուսնության ընթացքում ամուսնու կողմից քաղաքացիությունը փոխելն ինքնաբերաբար չեն ազդում կնոջ քաղաքացիության վրա: Ամուսնու կողմից որևէ պետության քաղաքացիության կամավոր ձեռքբերումը, քաղաքացիությունից հրաժարումը չեն խոչընդոտում այդ քաղաքացու կնոջը` պահպանելու իր քաղաքացիությունը, չեն վերածում նրան քաղաքացիություն չունեցող անձի և չեն կարող նրան ստիպել ընդունելու ամուսնու քաղաքացիությունը: Կանայք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն իրենց երեխաների քաղաքացիության առնչությամբ:
Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից։
Արգելվում է հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ ազատելը: Հղի կնոջը հղիության շարժառիթով կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ շարժառիթով աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը համարվում է հանցագործություն և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Արգելվում է միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով պայմանավորված: Աշխատանքների որակավորման համակարգի կիրառման դեպքում միևնույն չափանիշները պետք է կիրառվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ, և այդ համակարգը պետք է մշակված լինի այնպես, որ բացառի սեռային հատկանիշներով ցանկացած խտրականություն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատող հղի կանայք ունեն մի շարք իրավունքներ և արտոնություններ: Դրանք են՝ • Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: • Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո: • Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: • Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: • Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: • Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: • Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը: • Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ: • Արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելը: • Գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ(աշխատանքային պայմանների փոփոխություն/ այլ աշխատանքի փոխադրում նույն կազմակերպությունում, այսպիսի հնարավորության բացակայության դեպքում վճարովի արձակուրդի տրամադրում՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը): • Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը, • Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կարող է սահմանվել հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով, • Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով • Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:
Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ` 1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության). 2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում. 3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
The guidebook was funded through a Department of State Public Affairs Section grant.
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նշված մարմինների և պաշտոնտար անձանց կողմից Սահմանադրությամբ կամ օրենքով չնախատեսված գործողություն իրականցնելը կարող է հանգեցնել պատասխանատվության, այդ թվում՝ քրեական:
Ի հակառակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց՝ անհատ անձն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ հռչակված է միջազգային մի շարք հանրաճանաչ փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Արդյունավետ դատական պաշտպանության անձի իրավունքը ենթադրում է մի կողմից օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից։ Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով
Յուրաքանչյուր ոք, ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք:
Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:
Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել` 1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները. 2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ. 3) անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ. 4) դատավորը, այդ թվում նաև՝ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի. 5) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին. 6) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի ` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Անձի մեղավորության ապացուցման պարտականությունը դրված է վարույթն իրականացնող մարմնի վրա, դրան զուգահետ անձը իրավունք ունի իրականացնել իր պաշտպանությունը մեղադրանքից:
Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, սակայն այս արգելքը չի խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:
Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` 1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք. 2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք. 3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք. 4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. 5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին
Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Անձը կարող է դիմել և ակնկալել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, և հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումների առնչությամբ:
Հանրագիր է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդումը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունը: Սահմանադրությունը երաշխավարում է, որ յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք
Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, մերժում են տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք. 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը. 3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները. 4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք). 5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝ 1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին. 2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը. 3) չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։
Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք տարին առնվազն մեկ անգամ պարտավոր են հրապարակել իրենց գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները. 1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները. 2) բյուջեն. 3) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները. 4) հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները. 5) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը. 6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը. 7) հասարակական միջոցառումների ծրագրերը. 8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը. 9) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները). 10) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը. 11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը. 12) նշված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները. 13) նշված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր իրավաբանական ուժն ունի Սահմանադրությունը: Մյուս բոլոր նորմերը՝ սահմանադրական օրենքները, օրենքները, ՀՀ կառավարության որոշումները և այլ ենթաօրենսդրական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Միջազգային պայմանագրերերը ՀՀ-ի կողմից չեն կարող վավերացվել, եթե դրանք հակասում են Սահմանադրությանը, սակայն վավերացվելու դեպքում միջազգային պայմանագրերն առավել բարձր իրավաբանական ուժ ունեն քան Հայաստանի Հանրապետության ներպետական օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը:
Ոչ: Սահմանադրությունն արգելում է որևէ մեկին դատապարտել կամ ենթարկել մահապատժի:
Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Անձին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել իրավաչափ՝ նույնիսկ պետական և հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ բացահայտման անհրաժեշտության դեպքում: Մարմնական պատիժները ևս արգելվում են:
Անձը կարող է անձնական ազատությունից զրկվել միայն հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` 1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար. 2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար. 3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով. 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով. 6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով. 7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝ Ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացված լինելու ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին, Բ) ազատությունից զրկվելու մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին (այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով: Գ) անհապաղ ազատ արձակվելու, եթե քրեական հանցանք կատարելու կասկածանքի հիմքով ազատության զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, Դ) վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը:
Սահմանադրությունը երաշխավորում է, որ ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները
Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Սահմանադրությունը, հռչակելով յուրաքանչյուր անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը և նախատեսելով այդ իրավունքի սահմանափակման հնարավոր հիմքրերը, միաժամանակ որպես երաշխիք սահմանել է, որ բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ, ընդ որում՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Հաղորդակցության ազատությունը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատություն և դրանց գաղտնիության իրավունք: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Սահմանադրությունը նախատեսում է հաղորդակցության գաղտնիության սահմանափակում միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:
Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք, իսկ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
Յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին, ավելին՝ պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում: Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն ամուսնական տարիքի հասած` տասնութ տարեկանը լրացած կինը և տղամարդը միմյանց հետ՝ փոխադարձ կամավոր համաձայնությամբ: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, ինչպես նաև՝ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։
Արգելվում է ամուսնություն կնքել՝ ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ. բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև. գ) որդեգրողների և որդեգրվածների միջև. դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ:
Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից միայն դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով, եթե նրանք` 1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց. 2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում. 3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից. 4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից. 5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա. 6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ. 7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 8) դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես` ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, բ. պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը: Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից նաև, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար: Վերը նշված 1-ին, 3-րդ և 4-րդ դեպքերը ծնողական իրավունքներից զրկելու հիմք չեն, եթե ծնողը գտնվում է բժշկական հաստատությունում, կարգապահական գումարտակում, ուղղիչ հիմնարկում, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում, մասնակցում է վարժական հավաքներին կամ գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում, գերության մեջ, մեկնել է օտարերկրյա գործուղման, եթե ծնողական իրավունքներից զրկելը չի բխում Երեխայի լավագույն շահերից։ Դատարանը, որպես հարգելի պատճառ, կարող է դիտարկել նաև այլ իրավիճակներ:
Սահմանադրությունը սահմանում է, որ չափահաս աշխատունակ զավակները պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին: Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով: Ընդ որում, անաշխատունակ կամ նյութական օգնության կարիք ունեցող ծնողին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը հանգեցնում է քրեական պատասխանատվության:
Երեխաներն ունեն ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։ Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը: Երեխան իրավունք ունի նաև իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու, պաշտպանության իրավունք, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք, անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք, ինչպես նաև գույքային և այլ իրավունքներ:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը։ Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում՝ պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի։
Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, և որ պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Սահմանադրություն սահմանում է նաև, որ յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:
Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք և յուրաքանչյուրն ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:
Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: ՀՀ քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:
Մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
Կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Սահմանադրությամբ երաշխավորված է մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հավաքների ազատությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն մասնակցել և կազմակերպել խաղաղ, առանց զենքի հավաքներ:
Մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում, մյուս բոլոր դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ հավաքի անցկացման վայրի համայնքի ղեկավարին ներկայացված իրազեկման հիման վրա:
Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է։
Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
Սահմանադրությունը երաշխավորում է, որ ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ մասնավոր միավորման:
Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով և միայն դատարանի որոշմամբ: Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց: Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող ստեղծել և անդամագրվել կուսակցությունների:
Սահմանադրությունն արգելում է այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:
Սահմանադրությունը երաշխավորում է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել միայն օրենքով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Ազգային ժողովի ընտրություններին կամ հանրաքվեների մասնակցելու իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն:
Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը վեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում` 1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. 2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված. 3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):
Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն: Այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք թեև չունեն ընտրվելու իրավունք, սակայն իրավունք ունեն ընտրելու և մասնակցելու հանրաքվեին:
Որևէ անձ չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը իրականացնում են ընդհանուր իրավասության դատարանները:
Տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով աշխատողներն իրավունք ունեն իրականացնելու գործադուլ:
Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք չեն օգտվում հողի սեփականության իրավունքից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
The guidebook was funded through Calouste Gulbenkian Foundation grant.
1) քաղաքացիական գործերով դատական ակտերը՝ վճիռները, որոշումները և դատարանի արձակած վճարման կարգադրությունները․ 2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով. 3) արբիտրաժային տրիբունալների վճիռները.
Կատարողական թերթը տրվում է` 1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա. 2) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա: 3) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
1) Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում՝ անհապաղ: 2) Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջից (նրա ներկայացուցչից) կամ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վարչական մարմնից ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) վայրում կամ նրա գույքի գտնվելու վայրում: Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:
Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08:00 ից մինչև 20:00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:
Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե. 1) անհրաժեշտ է անհապաղ կատարում, 2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է, 3) դա նախատեսված է կատարողական թերթով:
Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ վարչական դատարան: Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները: Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:
Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա` - գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք. - պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում. - հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով. - որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի և այլն:
Ժամանակավոր անաշխատունակության և գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս։
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ: Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչև 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը: Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ:
Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե` 1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար. 2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:
Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից` 1) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով. 2) 10.000 դրամից մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով. 3) մինչև 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով: Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում: Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը բռնագանձվում է պարտապանից:
Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջև կատարում է հարկադիր կատարողը: Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են հետևյալ հերթականությամբ. - առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները, - երկրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը, - երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը, - չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները, - հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները, - վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները, - յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Ուղեցույցը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
1) ընտանեկան նպաստ, 2) սոցիալական նպաստ, 3) հրատապ օգնություն, 4) երեխայի ծննդյան միանվագ նպաստ, 5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, 6) ժամանակավոր անաշխատունակության նպաստ, 7) մայրության նպաստ, 8) ծերության նպաստ, 9) հաշմանդամության նպաստ, 10) կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, 11) թաղման նպաստ:
Հրատապ օգնության տեսակներն են` 1) միանվագ հրատապ օգնություն, 2) եռամսյակային հրատապ օգնություն:
Միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են. 1) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ, 2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ, 3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:
Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա:
Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):
Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին(ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն):
Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղում բնակվող, չաշխատող կանայք: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում: Այսինքն, քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ: Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
Ուղեցույցը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։