Press About Us

  • Home
  • /
  • Press About Us
08/27
2026

ԳՈՐԾ №0290․ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՃԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ՄՀԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ)

1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում.

Գործը վերաբերում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքին: Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Գրասենյակի շահառուին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա 2012 թվականին գումար է տրամադրել մեկ այլ քաղաքացու, և գրավի պայմանագրի փոխարեն կնքելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով իբր հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող անշարժ գույքը:

 

2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.

Հանրային պաշտպան Մհեր Մանգասարյանը, ստանձնելով քաղաքացու պաշտպանությունը, հիմնավորեց, որ կողմերի միջև առկա է եղել բացառապես քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություն: Պաշտպանական կողմը և դատարանն արձանագրեցին, որ գույքային շրջանառության և պայմանագրային պարտավորությունների կատարման հարցերն արդեն իսկ լուծվել էին քաղաքացիական դատավարության կարգով (դատարանն այն ճանաչել էր որպես փոխառության և գրավի քողարկված գործարք): Հիմնավորվեց, որ քաղաքացիական վեճը չի կարող տեղափոխվել քրեական տիրույթ, և դիտավորյալ հանցագործության (խարդախության) պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ ի սկզբանե գույքը հափշտակելու դիտավորությունը բացակայում է:

 

3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար.

Այս գործն աչքի էր ընկնում իր վաղեմությամբ և բարդությամբ: Դեպքերը տեղի էին ունեցել դեռևս 2012 թվականին, իսկ քրեական վարույթը նախաձեռնվել և տևական ժամանակ քննվել էր 2017 թվականից ի վեր: Շահառուն տարիներ շարունակ ստիպված է եղել անցնել դատաքննությունների և հարցաքննությունների բարդ ճանապարհով՝ կրելով ծանր հոգեբանական բեռ: Չնայած առաջադրված ծանր մեղադրանքին՝ նա և իր պաշտպանը չհանձնվեցին և սկզբունքային պայքար մղեցին՝ ապացուցելու, որ անձանց միջև ծագած ֆինանսական և գույքային պայմանագրային տարաձայնությունները քրեորեն պատժելի հանցագործություն չեն:

 

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Ժ. Չիչոյանի), գնահատելով ապացույցները, արձանագրեց, որ ներկայացված մեղադրանքը չի հաստատվում անհրաժեշտ և բավարար ապացույցների համակցությամբ, և առկա են ողջամիտ կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դատարանը փաստեց, որ քաղաքացիական վեճը չի կարող լուծվել քրեաիրավական կարգավորումների շրջանակներում: Դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ՝ ճանաչելով և հռչակելով Գրասենյակի շահառուի անմեղությունը՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով, ինչպես նաև վերացրեց կիրառված խափանման միջոցը:

 

5. Պաշտպանի մասնագիտական ուղին.

Մհեր Մանգասարյանը Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքի է անցել 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելուց հետո, որտեղ երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին: Նա, հայրենազրկման վիշտը սրտում, կարողացավ վերակազմակերպվել և իր գիտելիքները դնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության վեհ գործին: Այս բարդ և բազմադրվագ գործով դրսևորեց իրավական խորը գիտելիքներ և մասնագիտական պատասխանատվություն: Դրսևորելով հետևողականություն և բացառիկ բարեխղճություն՝ նա կարողացավ հստակ տարանջատել քրեական հանցագործությունը քաղաքացիաիրավական վեճից՝ ապահովելով անձի հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այս սկզբունքային հաղթանակը պաշտպանի մասնագիտական նվիրումի և բարձր հմտության հերթական վառ վկայությունն է:

 

  • Share on: