1.
Ինչի
մասին էր գործը և ինչի էին մեղադրում.
Գործը
վերաբերում էր հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ
բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեղադրանքին։ Գրասենյակի շահառուին
մեղադրանք էր առաջադրվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով
(որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասին)։
Ըստ մեղադրանքի՝ վերջինս, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում
պահանջելով հանդիպել թաղապետի հետ և դժգոհելով ապրանքի առգրավումից, բարձրաձայն
հնչեցրել է հայհոյանքներ, ինչի հետևանքով, ըստ մեղադրող կողմի, խախտվել է
հասարակական կարգը և խաթարվել հիմնարկի բնականոն աշխատանքը։ Հաշվի առնելով
շահառուի մոտ առկա հոգեկան առողջության խնդիրները՝ վարույթն իրականացվել է
բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հատուկ ընթացակարգով։
2.
Պաշտպանի
գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.
Հանրային
պաշտպանը հիմնավորեց, որ անձի գործողությունները զուրկ են եղել խուլիգանական
մղումներից և ինքնանպատակ հակահասարակական դրսևորումներից։ Մասնավորապես,
վերլուծվելով գործի փաստական հանգամանքները՝ ապացուցվեց, որ միջադեպը կրել է զուտ
իրավիճակային, վարչաիրավական հարաբերությունների շրջանակում ծագած վեճի բնույթ,
որին նախորդել էր վարչական մարմինների կողմից անձի ապրանքի առգրավումը։ Բացի այդ,
դատահոգեբուժական փորձաքննությամբ հաստատվել էր անձի անմեղսունակության վիճակը,
ինչը, ըստ էության, բացառում էր հանցակազմի սուբյեկտիվ կողմի՝ ուղղակի
դիտավորության և հանրությանը հակադրվելու նպատակի առկայությունը։
3.
Մարդկային
պատմությունը` սկզբունքային պայքար.
Այս գործը
յուրահատուկ էր նրանով, որ ցույց տվեց պետական մարմինների և սոցիալապես խոցելի,
առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու փոխհարաբերությունների բարդությունը։
Շահառուն, ով զբաղվել է փողոցային մանր առևտրով՝ ընտանիքի հանապազօրյա հացը
վաստակելու համար, ապրանքի առգրավման փաստից հայտնվել է խիստ հուզական և սթրեսային
վիճակում։ Նրա բարձրաձայն բողոքը և թաղապետի հետ հանդիպելու պահանջը պայմանավորված
չեն եղել հասարակական կարգը տապալելու մոլուցքով, այլ հանդիսացել են սեփական
խախտված իրավունքների ու հուսահատության յուրատեսակ բողոքի ձև, ինչը դատաքննության
ընթացքում պահանջում էր խիստ իրավական և բարեխիղճ մոտեցում։
4.
Դատարանի
վերջնական խոսքն ու արդարացումը․
Երևան քաղաքի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գնել
Գասպարյանի, արձանագրելով, որ խուլիգանության որակման համար անհրաժեշտ է
հիմնավորել արարքի քրեական հակաիրավականությունը և հասարակական կարգը կոպիտ կերպով
խախտելու դիտավորությունը, փաստեց, որ կոնկրետ անձին կամ վարչական մարմնին ուղղված
իրավիճակային դժգոհությունը կամ հուզական վարքագիծը չի կարող որպես
խուլիգանություն որակվել։ Դատարանը հիմնավորեց, որ գործում առկա ապացույցներով չի
ապացուցվել շահառուի կողմից հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և
հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանգամանքը։
Արդյունքում՝ դատարանը ճանաչեց և հռչակեց շահառուի անմեղությունը նրան առաջադրված
մեղադրանքում։
English
Հայերեն