Հանրային պաշտպան Արմեն Նեսիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշ նորմերի սահմանադրականության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու միջնորդությամբ:
Հանրային պաշտպան Ա.Ներսիսյանի պաշտպանյալ Արթուր Մնացականյանին 2017 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այն դրսևորվել է նրանում, որ 2017 թվականի դեկտեմբերի 08-ին, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի տներից մեկի հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է իր եղբայր՝ Արման Մնացականյանին գոտկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մնացականյանին դատավարական անգործունակ ճանաչելու և անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության ապահովման միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ որոշումը հաստատելու մասին: Դա կատարվել է այն դեպքում, երբ տվյալ պահին ի հայտ էր եկել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար նախատեսված հիմք․ տուժողը հաշտվել է կասկածյալ կամ մեղադրյալի հետ: «Տուժող Արման Ավագի Մնացականյանը 29 հունվարի 2018թ.-ին ցուցմունքում նշել է, որ չնայած Արթուրը իրեն վնաս է պատճառել, տուժողը որևէ բողոք կամ պահանջ չունի»,-նշել է Արմեն Ներսիսյանը:
Պաշտպանը հայտնել է նաև, որ քննիչը որոշում է կայացրել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որից հետո միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու և Արթուր Մնացականյանին դատավարական անգործունակ ճանաչելու մասին:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտերով քննիչի միջնորդությունները բավարարվել են:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերը նշված դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման վերաբերյալ Արմեն Ներսիսիյանը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել: «Այդ բողոքների շրջանակներում գտել եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերը նշված դատական ակտերը կայացնելիս թույլ է տվել գործի ելքի վրա ազդող նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք բերել են դատական սխալի: Վճռաբեկ բողոքում հայտնել եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վիճարկվող 2 դատական ակտերի մասով խախտել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
մի շարք հոդվածներ: Առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած ակտերը բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն այդ դատական ակտերը թողնվել են անփոփոխ»:
Նշված դատական ակտերը Ա.Ներսիսյանի կողմից բողոքարկվել են վճռաբեկության կարգով, ինչի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, 2020 թվականի մայիսի 26-ին որոշում է կայացրել դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու՝
-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու համար իրավունքներից օգտվելու հնարավորությունների առումով տարբերակված մոտեցում է ենթադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝ հանգեցնելով քրեական վարույթին լիարժեք մասնակցելու և հիմնարար սահմանադրական իրավունքներից օգտվելու երաշխիքների անհամաչափ սահմանափակման,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը այնքանով, որքանով հասարակության համար վտանգ ներկայացնող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու և ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցի բացակայությունը, ինչպես նաև ազատությունից զրկելու իրավաչափության պարբերական վերանայման ընթացակարգի և առավելագույն ժամկետի բացակայությունը վտանգում են անձնական ազատության սահմանադրական իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիքները: