Հանրային պաշտպան Արմեն Նեսիսյանի ներկայացրած
վճռաբեկ բողոքի հիման ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշ
նորմերի սահմանադրականության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու միջնորդությամբ:
Հանրային պաշտպան Ա.Ներսիսյանի
պաշտպանյալ Արթուր Մնացականյանին 2017 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական
օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այն
դրսևորվել է նրանում, որ 2017 թվականի դեկտեմբերի 08-ին, Արագածոտնի մարզի Կոշ
գյուղի տներից մեկի հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական
վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել
է իր եղբայր՝ Արման Մնացականյանին գոտկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով
թեթև վնաս:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ
քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Դավթյանը
միջնորդություն է ներկայացրել ՀՀ
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մնացականյանին դատավարական
անգործունակ ճանաչելու և անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով արգելված
արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության ապահովման միջոց՝ հոգեբուժական
հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ որոշումը հաստատելու մասին: Դա կատարվել է
այն դեպքում, երբ տվյալ պահին ի հայտ էր եկել
մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի
վարույթը կարճելու համար նախատեսված հիմք․ տուժողը հաշտվել է կասկածյալ կամ
մեղադրյալի հետ: «Տուժող Արման
Ավագի Մնացականյանը 29 հունվարի 2018թ.-ին ցուցմունքում նշել է, որ չնայած Արթուրը
իրեն վնաս է պատճառել, տուժողը որևէ բողոք կամ պահանջ չունի»,-նշել է Արմեն
Ներսիսյանը:
Պաշտպանը հայտնել է նաև, որ քննիչը որոշում է կայացրել ամբուլատոր
դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որից հետո միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Արագածոտնի
մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ անմեղսունակության վիճակում քրեական
օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական
հիվանդանոցում տեղավորելու և Արթուր Մնացականյանին դատավարական
անգործունակ ճանաչելու մասին:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական
ակտերով քննիչի միջնորդությունները բավարարվել են:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերը
նշված դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման
վերաբերյալ Արմեն Ներսիսիյանը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել: «Այդ բողոքների շրջանակներում գտել եմ, որ ՀՀ
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերը նշված
դատական ակտերը կայացնելիս թույլ է տվել գործի ելքի վրա ազդող նյութական և
դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք բերել են դատական սխալի: Վճռաբեկ
բողոքում հայտնել եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանը վիճարկվող 2 դատական ակտերի մասով խախտել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
մի
շարք հոդվածներ: Առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած ակտերը բողոքարկվել են ՀՀ
վերաքննիչ դատարան, սակայն այդ դատական ակտերը թողնվել են անփոփոխ»:
Նշված դատական ակտերը Ա.Ներսիսյանի կողմից բողոքարկվել են վճռաբեկության
կարգով, ինչի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, 2020 թվականի մայիսի 26-ին որոշում
է կայացրել դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու՝
-ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի
4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ
հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը՝ հաշվի
առնելով, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձին
անգործունակ ճանաչելու ինստիտուտը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի,
դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով
արգելված արարքից պաշտպանվելու համար
իրավունքներից օգտվելու հնարավորությունների առումով տարբերակված մոտեցում է ենթադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝ հանգեցնելով
քրեական վարույթին լիարժեք
մասնակցելու և հիմնարար սահմանադրական
իրավունքներից օգտվելու երաշխիքների
անհամաչափ սահմանափակման,
- ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի՝ ՀՀ
Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը այնքանով,
որքանով հասարակության համար վտանգ ներկայացնող
հոգեկան առողջության խնդիրներ ունեցող
անձին հոգեբուժական
հիվանդանոցում տեղավորելու և
ազատությունից զրկելու այլընտրանքային
միջոցի բացակայությունը, ինչպես նաև
ազատությունից զրկելու իրավաչափության
պարբերական վերանայման ընթացակարգի և առավելագույն ժամկետի բացակայությունը
վտանգում են անձնական ազատության
սահմանադրական իրավունքի պաշտպանության
հիմնարար երաշխիքները: