Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր համաներում կիրառեց 65-ամյա կնոջ նկատմամբ, ով անցնում է թմրանյութերի ապօրինի շրջանառության փորձի գործով։
65-ամյա Գ.Գ․-ն, ըստ մեղադրանքի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ․ Զ․-ի կողմից թմրամիջոց և հոգեմետ նյութ ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, 2018 թվականի սեպտեմբերի 2-ին չպարզված անձից Երևան քաղաքի Ուլնեցի փողոցում ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խաշոր չափերով 9.421 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ և խոշոր չափերով 0.52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև կալանավոր Կ․Զ․-ի պահանջով 2018 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր բնակության վայրում հիշյալ զանգվածը՝ փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթում, փոխանցել է Հ․ Մ-ին (վերջինս կին է,- հեղ):
Հ․ Մ.-ն իր հերթին կալանավոր Կ․Զ․-ի կողմից խոշոր չափերի 0.52 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով 9.421 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութը ձեռք բերելուն օժանդակելու նպատակով նշված զանգվածները՝ փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթում, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին ապօրինի փոխադրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվելու վախով պայմանավորված, այն իր հետ քրեակատարողական հիմնարկ չի մտցրել և թաքցրել է հարակից տարածքում: Կ․Զ․-ին տեսակցելուց հետո վերջինիս ցուցումով հիշյալ զանգվածը նույն օրը հանձնել է կալանավորի եղբորը, ով 2018 թվականի սեպտեմբերի 4-ին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ թմրամիջոցի և հոգեմետ նյութի պարունակությամբ փաթեթը:
Բացի այս, ըստ մեղադրանքի, 65-ամյա Գ․Գ.-ն, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, 2018 թվականի հուլիսի 26-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող իր որդուն փորձել է իրացնել խոշոր չափի՝ 4.09 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութը, սակայն հանձնուքի պարունակությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան աշխատակցի կողմից ստուգվելուց հետո, նշված հոգեմետ նյութը հայտնաբերվել է և Գ․Գ․-ն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել:
Մեզ հետ զրույցում Գ․Գ.-ի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ մեղադրող դատախազը դատարանում իր պաշտպանյալի մեղադրանքը փոփոխել ու խստացրել է, նրա համար 7 տարի ժամկետով ազատազրկում պահանջել։
Դատավոր Մակյանը, սակայն, 65-ամյա կնոջն այսօր մեղավոր ճանաչեց այն հոդվածներով, որոնցով գործն ուղարկվել էր դատարան։ Գ․Գ․-ն այսպիսով, մեղավոր ճանաչվեց ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների իրացնելու փորձի և առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն իրացման փորձին օժանդակելու մեջ։
Գ․Գ.-ի նկատմամբ դատարանը պատիժ սահմանեց 6 տարի ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ համաներում կիրառեց։ Գ․Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, մնաց անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ․ Զ․-ն մեղավոր ճանաչեց առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձի մեջ, դատապարտվեց ազատազրկման 4 տարի, 6 ամիս ժամկետով։ Հանցանքների համակցությամբ նրա պատժին գումարվեց մեկ այլ գործով պատիժն ու վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ժամկետով ազատազրկումը։
Գործով մյուս ամբաստանյալը՝ Հ․Մ.-ն, դատավճռի հրապարակմանը եկել էր մանկահասակ երեխայի հետ։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձին օժանդակելու մեջ, նրան դատապարտեց 2 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման և նրան համաներման հիմքով ազատեց նշանակված պատժից՝ վերացնելով ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին։