Մամուլը մեր մասին

11/13
2026

Ապացույցների անթույլատրելիության հիմքով Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուն արդարացվել է․ Հանրային պաշտպանը՝ Տաթևիկ Հակոբյան

Արդարադատությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը դառնում է ոչ թե ձևականություն, այլ հետևողական և սկզբունքային աշխատանք։

2026 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ՝ Հանրային պաշտպանի գրասենյակի շահառու Ս․ Ֆ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

Գործը քննվել է հանրային պաշտպան Տաթևիկ Հակոբյանի մասնակցությամբ, որի հետևողական և սկզբունքային պաշտպանական աշխատանքի արդյունքում դատարանում հաջողվել է բացահայտել մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման օրինականության հետ կապված էական խախտումները։

Ըստ մեղադրանքի՝ շահառուին վերագրվել էր բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով, հարմարեցված բանալի օգտագործելով, ուրիշի խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելը։ Մեղադրանքի համաձայն՝ հափշտակված գույքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.500.000 ՀՀ դրամ։

Դատական քննության ընթացքում հանրային պաշտպան Տաթևիկ Հակոբյանը ներկայացրել է գործում առկա ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն՝ ուշադրությունը հրավիրելով պաշտպանյալի ձերբակալման իրավաչափության և դրա հետևանքով ձեռք բերված ապացույցների օրինականության վրա։

2026 թվականի հունիսի 5-ին դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը՝ անթույլատրելի ճանաչելով մեղադրանքի հիմքում դրված հիմնական ապացույցները։

Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ դեռևս 2024 թվականի մայիսի 7-ի որոշմամբ դատարանն անօրինական էր ճանաչել շահառուի՝ 2024 թվականի մայիսի 4-ին իրականացված ձերբակալումը՝ հիմնավոր կասկածի՝ ակնհայտ անմիջականորեն ծագած չլինելու պատճառաբանությամբ։

Դատարանը գտել է, որ ձերբակալման իրավաչափ հիմքի բացակայության պայմաններում անձի ազատությունից զրկումն իրականացվել է նրա սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտմամբ։ Հետևաբար, անթույլատրելի են ճանաչվել ոչ միայն ձերբակալման արձանագրությունը, այլև դրան ուղեկցող անձնական խուզարկության արձանագրությունը։

Ավելին, դատարանը կիրառել է իրավական պրակտիկայում հայտնի «թունավոր ծառի պտուղները թունավոր են» սկզբունքը՝ արձանագրելով, որ անձնական խուզարկության արդյունքում ձեռք բերված առարկաները ևս անթույլատրելի են որպես ապացույց, քանի որ դրանց ձեռքբերումը պայմանավորված է եղել օրենքի էական խախտմամբ իրականացված գործողությամբ և դրա հետ գտնվում է անմիջական պատճառահետևանքային կապի մեջ։

Այսպիսով, պաշտպանական կողմի ներկայացրած իրավական փաստարկների և դատարանի կողմից դրանց գնահատման արդյունքում մեղադրանքի հիմքում դրված հիմնական ապացույցները զրկվել են ապացուցողական նշանակությունից, իսկ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին դատարանը կայացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուին արդարացնելու դատավճիռը։

Այս գործը ևս մեկ անգամ ընդգծում է հանրային պաշտպանի ինստիտուտի կարևոր առաքելությունը՝ ապահովել յուրաքանչյուր անձի արդյունավետ պաշտպանությունը, հետևողականորեն բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումները և հասնել նրան, որ քրեական արդարադատությունն իրականացվի բացառապես օրենքի պահանջների պահպանմամբ։

 

  • Տարածել նորությունը: