Մամուլը մեր մասին

05/25
2020

Հանրային պաշտպանի գրասենյակը 8 և 9-րդ ծրագրերի շահառուներին կօգնի դիմում լրացնել. Ակլունց . Սպուտնիկ Արմենիա


armeniasputnik.am գրում է․ Հանրային պաշտպաններն օգնելու են անվճարունակ քաղաքացիներին լրացնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով ներդրված ծրագրերից օգտվելու դիմումները։ 

ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Հարութ Ակլունցի փոխանցմամբ` բազմաթիվ քաղաքացիներ դիմում են Հանրային պաշտպանի գրանսենյակ` խնդրելով աջակցել իրենց դիմումները լրացնելու հարցում, քանի որ դիմումների լրացման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ և դժվարություններ։ Դրան զուգահեռ, Հանրային պաշտպանի գրասենյակը հանգամանորեն ուսումնասիրել է միջոցառումների շահառուներին։

«8–րդ միջոցառման շահառուները գործազուրկ անձինք են, որոնք մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում եղել են վարձու աշխատողներ, սակայն հետագայում զրկվել են աշխատանքից։ «ՀՀ փաստաբանության մասին» օրենքի ուժով այդ անձինք հանդիսանում են Հանրային պաշտպանի գրանսենյակի շահառու։ Իսկ 9-րդ ծրագրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց երկու ծնողները, կամ եթե միայնակ խնամող ծնող է, չունեն աշխատանք։ Տվյալ դեպքում ակնհայտ է, որ օգնության տրամադրման հիմքը քաղաքացիների անվճարունակ լինելն է։ Վերոհիշյալ օրենքի համաձայն` անվճարունակ անձինք նույնպես համարվում են շահառու` անվճար իրավաբանական օգնություն ստանալու առումով»,–նշում է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալը։ 

Հարութ Ակլունցի տեղեկացմամբ` կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համաձայն` օգնությունը տրամադրվում է դիմումներն առցանց լրացնելու միջոցով։ Ըստ այդմ` ենթադրվում է, որ քաղաքացիներն այդ դիմումները պետք է լրացնեն իրենց բնակարաններում կամ գտնվելու հիմնական վայրերում, և, ըստ էության, չեն կարող հաճախել սոցալական աջակցության կենտրոններ։ 

«Մյուս կողմից` այդ անձինք ունեն պետության կողմից երաշխավորված իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք, հետևաբար, մեր խնդիրն է ապահովել նշված իրավունքի պատշաճ կատարումը, իրացումը»,– ասում է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալը։

Ակլունցի փոխանցմամբ` հայտարարությունը տարածվել է այսօր առավոտյան, և արդեն իսկ ստացվել են բազմաթիվ զանգեր։ Քաղաքացիները փաստաթղթեր են ուղարկում, որպեսզի դիմումների լրացման գործընթացն ապահովվի։ 

«Թեև կորոնավիրոսի կանխարգելման շրջանակներում Փաստաբանների պալատը և, մասնավորապես, Հանրային պաշտպանի գրասենյակը նույնպես ձեռնարկել են որոշակի քայլեր և հայտարարել, որ աշխատանքները մեծամասամբ կատարվելու են առցանց, բայց եթե բացառիկ դեպքեր են լինում, երբ առաջանում է տեղում հանդիպելու և խորհրդատվություն մատուցելու խիստ անհրաժեշտություն, ապա քաղաքացիները հրավիրվում են գրասենյակ։ Կոնկրետ նշված դիմումների առումով` որևէ խնդիր չկա, ընդամենն անհրաժեշտ է կապի միջոցներով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկել փաստաթղթերի տվյալները հանրային պաշտպաններին, որպեսզի նրանք օգնեն լրացնել դիմումները»,– նշում է փաստաբանը։

Հարութ Ակլունցը քաղաքացիներին հորդորում է իրենց հետ կապ հաստատել Հանրային պաշտպանի գրասենյակի հրապարակած հեռախոսահամարներով։ Գրասենյակը կաշխատի աշխատանքային սովորական գրաֆիկով։   




  • Տարածել նորությունը: