Մամուլը մեր մասին

06/26
2020

Գավառի միջադեպի գործով մեղադրյալներից մեկն ազատ կարձակվի. դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը.pastinfo.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Գավառի միջադեպի գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը:

Նշենք, որ նույն մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը շուրջ երկու ամիս առաջ կայացրել էր դատավոր Դավիթ Հարությունյանը:

Պաշտպանի խոսքով՝ պատահական չէ, որ կալանքի երկարացման միջնորդությունը մերժվել է, քանի որ այս ընթացքում դատարանին ներկայացվել իր պաշտպանյալի անձը բնութագրող բազմաթիվ փաստաթղթեր, մասնավորապես, որ նա հանցավոր վարքագիծ չի դրսևորել, սովորական հայ քաղաքացի է, գյուղացի մարդ, ով ունի ընտանիք, գյուղատնտեսական վարկեր և փորձում իր ընտանիքը ապահովել: Հարությունյանը տեղեկացրեց, որ շուրջ 300 համագյուղացի ստորագրությամբ երաշխավորել են իր պաշտպանյալի դրսում գտնվելու ժամանակ պատշաճ վարքագիծն ապահովելու հարցում եւ այդ ստորագրությունները ներկայացվել են դատարան
Բացի այդ՝ մեղադրող կողմը չէր կարողացել ներկայացնել հիմնավոր փաստարկներ՝ կալանավորման համար։

«Նախաքննություն իրականացնող մարմինը զուտ ներկայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կալանավորման հիմքերը՝ ընդհանրական մեկնաբանություններ տալով, առանց որևէ փաստական տվյալներ ներկայացնելու, առանց որևէ փաստական տվյալներ ներկայացնելու, առանց ներկայացրած միջնորդությունն ինչ- որ ծանրակշիռ փաստերով հիմնավորելու: Խոսքն անազատության մեջ գտնվող մարդու անազատությունը ևս երկու ամսով երկարացնելու մասին: Սա կատակ բան չէ և, եթե գտնում են, որ կալանքը պետք է երկարացվեր, ապա պետք է ծանրակշիռ փաստեր ներկայացվեր»,- ասաց նա՝ նշելով, որ շուրջ 8 թերթ առարկություն է ներկայացվել իր կողմից և դատական նիստին հնչած հարց ու պատասխանները, դատարանի որոշումը թույլ են տալիս պնդելու, որ նախաքննության մարմինը հիմնավոր փաստարկներ չի ներկայացրել, որը թույլ կտար երկարացնելու կալանավորման ժամկետը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ կալանքի ժամկետը լրանում է հունիսի 29-ին, ուստի՝ իր պաշտպանյալը հունիսի 29-ից հետո ազատ կարձակվի:

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Հարությունյանն ասաց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ Հարությունյանի պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը:

Փաստաբանը չհերքեց, որ Գավառում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իր պաշտպանյալը հիվանդանոց մուտք գործել է, սակայն նշեց, որ գնացել է համագյուղացիների հետ՝ իմանալով, որ երկու հոգի սպանվել են. «այդ պահին մեծ հաշվով առանձնապես չի էլ իմացել, թե ինչու է գնում և գնացել է հիվանդանոց ՝ ինչպես բոլորը»,- ասաց Հարությունյանն ու ավելացրեց. «Ինչ- որ կոնկրետ դիտավորություն՝ գույք վնասելու, անձ վնասելու, իմ պաշտպանյալը չի ունեցել և նախաքննությամբ էլ ինձ նման տեղեկատվություն չի ներկայացվել նախաքննական մարմնի կողմից»,- ասաց Հարությունյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ նրա դեմ ցուցմունք են տվել ոստիկանության ծառայողները, որոնք այնքան էլ միանշանակ չէին և պաշտպանական կողմի հարցերին ի պատասխան նախնական ցուցմունքները բավականաչափ փոփոխման և խեղաթյուրման էին ենթարկվել, ցուցմունքներում հակասություն կա:

Հիշեցնենք, ապրիլի 28-ին Գավառում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է երկու երիտասարդ՝ Նորատուսի բնակիչ Վ. Ավետիսյանը և Գավառի բնակիչ՝ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Զ. Պարոնիկյանը, 6 հոգի տեղափոխվել բժշկական կենտրոն: Սակայն դեպքն այդքանով չի ավարտվել և դարձել է վենդետայի պատճառ: Դանակով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ պահին հսկողություն էին իրականացնում ոստիկանության ծառայողները, այն ամբողջությամբ տակնուվրա արել, հարձակվել հիվանդանոցում գտնվող միջադեպի մասնակիցների վրա՝ նրանց մեղադրելով իրենց հարազատների սպանության մեջ։

ՔԿ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

  • Տարածել նորությունը: