Մամուլը մեր մասին

11/21
2019

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՈՐևԷ ՄԵԿԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՄԵՐԺՈՒՄ. ՄԵԼԱՆՅԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Հանրային պաշտպանի գրասենյակը ֆինանսավորվում է պետության կողմից, սակայն հանրային պաշտպաններն անկախ են: Հունվարի 30-ին Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ նման Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը նշեց, որ անգամ ինքը՝ կառույցի ղեկավարը, չի որոշում հանրային պաշտպանների գործերի մարտավարությունը, նրանց գործերին չի միջամտում այնքան ժամանակ, քանի դեռ բողոք չի եղել:

«Հանրային պաշտպանները մեր հանրապետությունում 54-ն են, մեզ այդքան հաստիք է տրվել, դա շատ քիչ է աշխատանքային ծանրաբեռնվածության համար: Այն ծանրաբեռնվածությունը, որ նրանք ունեն, աննախադեպ է, 2014 թ. մենք ունեինք 3666 քրեական գործ, 1334 քաղաքացիական գործ, իսկ 2017-ին ունենք 5900 քրեական գործ, 5860 քաղաքացիական գործ, սակայն այս ընթացքում որևէ ռեսուրս ակնհայտ չի ավելացել, ընդամենը հինգ հաստիքի ավելացում ենք ունեցել»,- ասաց նա:

Առուստամյանը նշեց, որ իրենց լրացուցիչ հաստիքներ տրամադրելու վերաբերյալ խնդրանք-պահանջը պետությունը դեռ չի բավարարել՝ ֆինանսական միջոցների սուղ լինելու հիմնավորմամբ:

ՀՊԳ ղեկավարը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի՝ տասը ամիսը լրանալուն պես, իրենք գնահատում են հանրային պաշտպանի աշխատանքը: Նա նշեց, որ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության աջակցությամբ ներդրել են «Հանրային պաշտպանի գրասենյակ» էլեկտրոնային ծրագիր, որով շատ արագ կարողանում են կազմակերպել աշխատանքները ամբողջ հանրապետության տարածքում: Առուստամյանն ասաց, որ իրենց գրասենյակն օգնություն է տրամադրում բոլորին անխտիր, իրենց դիմող որևէ մեկին չեն մերժել ծանրաբեռնվածության պատճառով:

«Հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում, երբ անձը հայտարարում է, որ ինքը անվճարունակ է: Եթե դատարանը որոշում է, որ տվյալ անձը պետք է հանրային պաշտպանով ապահովվի, ես չեմ քննարկում այդ որոշումը՝ դա դատական ակտ է: Վերջին շրջաններում շատ է ընդզվումը, թե ինչու են հատկապես աղմկահարույց գործերով հանրային պաշտպաններ տրամադրվում: Օրենսդիրը նման որոշման քննարկման իրավունք ինձ չի տվել»,- ասաց նա:

Առուստամյանը նշեց, որ հանրային պաշտպան, ըստ օրենքի, տրամադրվում է նաև փախստականներին: Նրա խոսքով՝ փախստականներից շատերը թեպետ ստացել են ՀՀ քաղաքացու կարգավիճակ, բայց դեռ կարողանում հաշտվել այդ կարգավիճակի հետ, դրա համար ընդվզումը մեծ է: ՀՊԳ ղեկավարը նշեց, որ իրենք օգնություն են տրամադրում փախստականներին, եթե չեն ներկայացնում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, իրենք նրան հանրային պաշտպան են տրամադրում՝ իբրև անվճարունակ անձի, նույնը վերաբերում է ապաստան հայցողներին:

Հանրային պաշտպաններ են ներգրավվում նաև սահմանախախտների դեպքում, ովքեր լեզվին չեն տիրապետում:

«Յուրաքանչյուր ապաստան հայցողի նախապես որպես սահմանախախտ են դիտում, յուրաքանչյուր սահմանախախտ նաև ապաստան հայցող է: Մենք օրենսդրական մի խնդիր ունենք, օրինակ՝ ձեռնարկատիրական գործունեության հետ կապված խնդիրներով չենք կարող օգնել փախստականներին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցն առաջ եկավ սիրիահայերի ժամանումից հետո: Առուստամյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հինգշաբթի իրենք օգնություն են տրամադրում՝ բաց դռների օրվա շրջանակներում, ընդ որում՝ անգամ նրանց, ովքեր անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու իրավունք չունեին:

Առուստամյանն ընդգծեց՝ իրենց գրասենյակը գերծանրաբեռնված է աշխատում, բայց պատրաստ է համագործակցության, սակայն՝ առողջ համագործակցության: 

  • Տարածել նորությունը: