2026 թվականի օգոստոսի 21-ին ՀՊԳ ղեկավար Գևորգ Մկրտչյանը հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ աշխատանքային այցով գտնվել է Հանրային պաշտպանի գրասենյակի Վանաձորի նստավայրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի ու ՄԱԿ ՓԳՀ (UNHCR) համագործակցության ծրագրում ներգրավված փաստաբան Սերինե Մանասյանը:
Տեղի հանրային պաշտպանների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել եմ մի շարք գործնական և իրավակիրառ խնդիրներ, որոնք պահանջում են հստակ ու հետևողական լուծումներ:
Պաշտպանների գերծանրաբեռնվածություն. Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Լոռու մարզում մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկնում 399 գործ։ Այս ծանրաբեռնվածության և դատարանների հագեցած գրաֆիկի պայմաններում մեր գործընկերները հաճախ աշխատում են նաև ոչ աշխատանքային ժամերին և օրերին:
Էլեկտրոնային արդարադատության կիրառման խոչընդոտներ. Մտահոգիչ է վերադաս դատարանների կողմից էլեկտրոնային բողոքների վերադարձման պրակտիկան այն հիմնավորմամբ, որ բողոքին առանձին կցված չէ ֆիզիկական «էլեկտրոնային կրիչ», թեև փաստաթուղթն արդեն իսկ ստորագրված և ուղարկված է էլեկտրոնային եղանակով։ Նման կոշտ և ձևական պահանջները չեն բխում էլեկտրոնային արդարադատության նպատակներից։ Մենք հետամուտ ենք լինելու այս հարցում միասնական և տրամաբանական մոտեցման ձևավորմանը։
Հանրային պաշտպանի ինստիտուտի դերի ընկալում. Նկատելի է պրակտիկա, երբ հանրային պաշտպանը վարույթն իրականացնող մարմինների կողմից ներգրավվում է զուտ այն նպատակով, որպեսզի վերջինիս մասնակցությամբ հաստատվի մեղադրյալի՝ նախկինում առանց փաստաբանի տված ցուցմունքը։ Հանրային պաշտպանի ինստիտուտի նմանօրինակ կիրառումն ու որպես ձևական ընթացակարգային տարրի ընկալումն անթույլատրելի են։
Անչափահասների գործերով նոր իրավակարգավորումների կիրառում. Ինչպես նկատել էինք նախորդիվ այցելած նաև այլ մարզերում, Լոռիում ևս վարույթն իրականացնող մարմինները դեռևս բավարար չափով չեն կիրառում անչափահասի նկատմամբ վարույթը կարճելու և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու օրենսդրական նոր հնարավորությունները։
Արձանագրված խնդիրների շուրջ մենք նախաձեռնելու ենք կառուցողական, բայց խիստ հետևողական գործընթացներ՝ ուղղված համակարգային լուծումների ապահովմանը: Մեր նպատակը շարունակում է մնալ քաղաքացիների համար որակյալ անվճար իրավաբանական օգնության երաշխավորումն ու պաշտպանի դերի և ինստիտուտի անկախության բարձրացումը։