Տեղեկատվություն

07/06
2020

Հանրային պաշտպանի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադարական դատարան պարզաբանում ստանալու

Հանրային պաշտպան Արմեն Նեսիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշ նորմերի սահմանադրականության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու միջնորդությամբ:

Հանրային պաշտպան Ա.Ներսիսյանի պաշտպանյալ Արթուր Մնացականյանին 2017 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այն դրսևորվել է նրանում, որ 2017 թվականի դեկտեմբերի 08-ին, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի տներից մեկի հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ  ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ  պատճառելու  դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է իր եղբայր՝ Արման Մնացականյանին գոտկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության ավագ քննիչ Ա. Դավթյանը միջնորդություն է ներկայացրել   ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մնացականյանին դատավարական անգործունակ ճանաչելու և անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության ապահովման միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ որոշումը հաստատելու մասին: Դա կատարվել է այն դեպքում, երբ տվյալ պահին ի հայտ էր եկել  մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու համար նախատեսված հիմք․ տուժողը հաշտվել է կասկածյալ կամ մեղադրյալի հետ: «Տուժող Արման Ավագի Մնացականյանը 29 հունվարի 2018թ.-ին ցուցմունքում նշել է, որ չնայած Արթուրը իրեն վնաս է պատճառել, տուժողը որևէ բողոք կամ պահանջ չունի»,-նշել է Արմեն Ներսիսյանը:

Պաշտպանը հայտնել է նաև, որ քննիչը որոշում է կայացրել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որից հետո  միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում  տեղավորելու և Արթուր Մնացականյանին դատավարական անգործունակ ճանաչելու մասին:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտերով քննիչի միջնորդությունները բավարարվել են:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերը նշված դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման վերաբերյալ Արմեն Ներսիսիյանը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել: «Այդ բողոքների շրջանակներում գտել եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերը նշված դատական ակտերը կայացնելիս թույլ է տվել գործի ելքի վրա ազդող նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք բերել են դատական սխալի: Վճռաբեկ բողոքում հայտնել եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վիճարկվող 2 դատական ակտերի մասով  խախտել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
մի շարք հոդվածներ: Առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած ակտերը բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն այդ դատական ակտերը թողնվել են անփոփոխ»:

Նշված դատական ակտերը Ա.Ներսիսյանի կողմից բողոքարկվել են վճռաբեկության կարգով, ինչի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, 2020 թվականի մայիսի 26-ին որոշում է կայացրել դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու՝

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  451-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից  պաշտպանվելու համար իրավունքներից օգտվելու հնարավորությունների առումով  տարբերակված մոտեցում է ենթադրում  հոգեկան առողջության  խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝ հանգեցնելով քրեական վարույթին  լիարժեք մասնակցելու  և հիմնարար սահմանադրական իրավունքներից  օգտվելու երաշխիքների անհամաչափ սահմանափակման,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածների համապատասխանության հարցը այնքանով, որքանով հասարակության համար վտանգ ներկայացնող  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող  անձին  հոգեբուժական հիվանդանոցում  տեղավորելու և ազատությունից զրկելու  այլընտրանքային միջոցի բացակայությունը, ինչպես նաև  ազատությունից զրկելու իրավաչափության  պարբերական վերանայման  ընթացակարգի  և առավելագույն ժամկետի բացակայությունը վտանգում են անձնական ազատության  սահմանադրական իրավունքի պաշտպանության  հիմնարար երաշխիքները:

  • Տարածել նորությունը: