2019 թվականի սեպտեմբերի 13-ին www.news.am լրատվական կայքում հրապարակվել է փաստաբան Երվանդ Վարոսյանի «Շուկան քանի՞ նոր փաստաբանի կարիք ունի. Երվանդ Վարոսյանի նամակը՝ Ռուստամ Բադասյանին» վերտառությամբ հրապարակումը (այսուհետ՝ Հրապարակում), որում փաստաբան Երվանդ Վարոսյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և հանրային պաշտպանի գրասենյակի հետ կապված իր գնահատմամբ խնդիրներին և ոչ նպատակային ծախսերին:
Հարկ է նշել, որ փաստաբան Երվանդ Վարոսյանի կողմից անձնական կամ ուղղորդված պատճառներից ելնելով, ՀՀ արդարադատության յուրաքանչյուր նոր նախարարի նշանակումից հետո, հերթական անգամ փորձ է կատարվում ապատեղեկատվության միջոցով բացասական կարծիք ձևավորել հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության և ծախսերի առնչությամբ:
Հատկանշական է, որ փաստաբան Երվանդ Վարոսյանի կողմից ներկայացված նմանատիպ նյութին հակիրճ, բայց փաստարկված պատասխան էր ներկայացվել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի կողմից, դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 15-ին:
Հրապարակման մեջ Երվանդ Վարոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման համար հատկացվող գումարներից ամսեկան առնվազն 4 միլիոն դրամը ոչ նպատակային է ծախսվում, ըստ հեղինակի՝ պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելով:
Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Գրասենյակի ծախսերի, այդ թվում՝ Գրասենյակում աշխատող հանրային պաշտպանների հաստիքների քանակը պայմանավորված է համապատասխան տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով հատկացվող միջոցների չափով:
Նշված գումարը բաղկացած է հանրային պաշտպանների, ՀՊԳ ղեկավարի և տեղակալի աշխատավարձերի դրույքաչափերից, ինչպես նաև հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) նախատեսված այլ ծախսերից (տրանսպորտային ծախսեր, մարզերում տարածքների վարձակալության վճարներ, կոմունալ և կապի ծախսեր, նյութատեխնիկական միջոցների ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն)՝ աշխատավարձային ֆոնդի 30 %-ի չափով:
Ներկայումս Գրասենյակի ամբողջ աշխատակազմը կազմված է Երևան քաղաքում և մարզերում գործող հանրային պաշտպանի 54, ՀՊԳ ղեկավարի 1, ՀՊԳ ղեկավարի տեղակալի 1 և ՀՊԳ օժանդակ աշխատակազմի 18 հաստիքներից:
Փաստաբանի պնդումը հավանաբար վերաբերում է վերը նշված օժանդակ անձնակազմին:
«Օժանդակ աշխատակազմ» եզրույթով կոչվել են այն հաստիքները, որոնք ուղղված են ոչ թե անմիջականորեն հանրային պաշտպանության իրականացմանը, այլ հանրային պաշտպանության կազմակերպմանը և օժանդակությանը:
ՀՊԳ օժանդակ աշխատակազմը ներկայացնող աշխատակիցներն անվճար իրավաբանական օգնություն չեն տրամադրում, այլ հանրային պաշտպաններին նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերում հանրային պաշտպանության և իրենց աշխատանքային գործառույթների իրականացման գործընթացում, ինչպես նաև սպասարկում եմ Գրասենյակը և քաղաքացիներին:
Դժվար է պատկերացնել ՀՊԳ գործերի և այցելուների մասշտաբներն ունեցող որևէ կառույց, որը չունենա նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերող օժանդակ անձնակազմ:
Ընդ որում՝ ՀՊԳ օժանդակ աշխատակազմի 18 հաստիքներից 10-ի աշխատավարձի դրույքաչափի 50%-ը վճարվում է Փաստաբանների պալատի բյուջեից, իսկ մյուս 50%-ը համաֆինանսավորվում է ՀՊԳ պահպանման համար հատկացված գումարից, քանի որ այդ հաստիքների (օրինակ՝ ֆինանսական տնօրեն, գլխավոր հաշվապահ, աշխատակազմի ղեկավար, մատակարար-պահեստապետ, պարետ-էներգետիկ և այլն) գործառույթներն ուղղված են և՛ Փաստաբանների պալատի և՛ հանրային պաշտպանի գրասենյակի սպասարկմանը: Մնացած 8 օժանդակ աշխատակազմի հաստիքները ուղղված են բացառապես Գրասենյակի սպասարկմանը (ՀՊԳ ղեկավարի օգնականներ, ընդունարանի պատասխանատուներ, վարորդներ, հավաքարարներ):
ՀՊԳ օժանդակ աշխատակազմի առումով էական է արձանագրել հետևյալ տարբերությունը. ոչ թե փաստաբանների պալատի աշխատակազմն է «ուռճացված կարգով» օգտվում ՀՊԳ պահպանման համար հատկացված նյութատեխնիկական միջոցներից, և ըստ Երվանդ Վարոսյանի պետական բյուջեի միջոցներից ոչ նպատակային ծախս կատարվում, այլ փաստաբանների պալատի աշխատակազմի որոշ հաստիքներ (ընդամենը 10 հաստիք) զբաղեցնող անձինք սպասարկում են նաև Գրասենյակը և հանրային պաշտպաններին և արդարացիորեն այդ անձանց աշխատավարձի 50%-ը վճարվում (համաֆինանսավորվում) է ՀՊԳ համար հատկացված միջոցներից:
Փաստաբանների պալատը չի կարող պալատի բյուջեի՝ փաստաբանների կողմից վճարվող անդամավճարների հաշվին սպասարկել Գրասենյակը և հանրային պաշտպաններին:
Հատկանշական է, որ համաֆինանսավորվող աշխատակազմի քաղաքականությունը համաձայնեցված է եղել ոլորտը կարգավորող մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ: ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ արդարադատության նախարարության միջև յուրաքանչյուր տարվա համար կնքված պայմանագրում հստակ արձանագրվել է, որ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի մեջ ներառվում է նաև ՀՊԳ հետ առնչվող աշխատակազմի վարձատրությունը:
ՀՊԳ համար հատկացված միջոցները համեմատած ՀՊԳ-ի կողմից վարած գործերի քանակին բավականաչափ սուղ են, սակայն կենտրոնացված և արդյունավետ բաշխված ծախսերը հնարավորությունն են տալիս խնայելու որոշակի միջոցներ, արդյունավետ աշխատելու և Գրասենյակի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Հատկանշական է, որ կիրառվող ծախսային մեխանիզմների պարագայում մեկ գործի վրա պետությունը ծախսում է նվազագույն գումար:
Հրապարակման մեջ Երվանդ Վարոսյանը հայտնել է կարծիք առ այն, որ նշված գումարի նպատակային ծախսի պարագայում, առանց պետական բյուջեի համար հավելյալ բեռի, հնարավոր է ապահովել հանրային պաշտպանի առնվազն 10 նոր հաստիք։
Այս առումով նկատենք միայն, որ Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ ՀՊԳ գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի (այդ թվում՝ օժանդակ աշխատակազմի վարձատրության) համար աշխատավարձային ֆոնդի 30%-ի չափով պետական բյուջեից հատկացվող գումարը չի թույլատրվում օգտագործել հանրային պաշտպանների աշխատավարձի կամ լրացուցիչ հավելավճարների վճարման ուղղությամբ:
Ինչ վերաբերվում է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմին, ապա հարկ է նշել, որ այն վերջին երեք տարիներին բաղկացած է 24 աշխատողից՝ չհաշված ՀՊԳ աշխատակազմը: Համեմատության համար պետք է նշել, որ 2012 թվականին փաստաբանների պալատի աշխատակազմը բաղկացած է եղել 23 աշխատողից՝ չհաշված ՀՊԳ աշխատակազմը, այն պարագայում, երբ վերջին յոթ տարիների ընթացքում Փաստաբանների պալատի աշխատողների միջին թվաքանակը չի փոխվել, չնայած այն հանգամանքին, որ նույն ժամանակահատվածում շուրջ եռակի անգամ աճել է Փաստաբանների պալատի գործավարության և իրավական ակտերի վիճակագրական ցուցանիշները:
Անդրադառնալով տրանսպորտային միջոցներին՝ նկատենք, որ մինչև 2019թ. ապրիլը ՀՀ փաստաբանների պալատին պատկանող 3 տրանսպորտային միջոցներից երկուսն ամբողջությամբ օգտագործվել են հանրային պաշտպաններին տեղափոխելու համար, իսկ 3-րդ տրանսպորտային միջոցը սպասարկել է ՀՊԳ սպասարկում, հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող փաստաբանների պալատի ղեկավար անձանց (նախագահ, ֆինանսական տնօրեն, գլխավոր հաշվապահ, ՀՊԳ ղեկավար և այլն), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հանրային պաշտպաններին: Փաստաբանների պալատի նախագահն աշխատավայր ներկայանալու և գնալու ժամանակ չի օգտվում տրանսպորտային միջոցից, քանի որ աշխատանքի վայրին մոտ է բնակվում:
2019թ. ապրիլից սկսած ՀՀ փաստաբանների պալատին պատկանող վերոհիշյալ 3 տրանսպորտային միջոցներից օգտվում են բացառապես հանրային պաշտպանները, իսկ ՀՊԳ սպասարկում, հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող փաստաբանների պալատի ղեկավար անձանց սպասարկում է բարերար Ռայմոնդ Եզեգելյանի միջոցներով ձեռք բերված ավտոմեքենան:
Վերը նշված 3 ավտոմեքենաների ծանրաբեռնվածությունն այնպիսին է, որ գործնականում թե՛ ՀՊԳ ղեկավար անձնակազմը, թե՛ օժանդակ անձնակազմը նույնիսկ խիստ անհրաժեշտության դեպքում չեն կարող օգտվել այդ ավտոմեքենաներից: Շատ հաճախ հանրային պաշտպաններն իսկապես ևս չեն կարողանում օգտվել մեքենաներից, բայց դա միայն այն պատճառով, որ դրանք աշխատում են գերծանրաբեռնված: Եվ դա այն դեպքում, որ ավտոմեքենաների երթուղիները և դրանց ժամերը կազմակերպվում է այն հաշվառմամբ, որպեսզի մեկ երթուղով միաժամանակ սպասարկեն հնարավորինս շատ հանրային պաշտպանների: Այդ հանգամանքն ինքնին ապացուցում է ոչ միայն մեքենաների առկայության հիմնավորվածությունը, այլ վկայում՝ դրանց քանակի նվազ լինելու մասին:
ՀՊԳ համար հատկացված միջոցների կենտրոնացված և արդյունավետ բաշխված հետևանքով 2016 թվականի սեպտեմբերից ՀՊԳ-ում ներդրվել է հանրային պաշտպանների փաստացի կատարած ծախսերի փոխհատուցման նոր համակարգ, որի շրջանակներում հստակեցվել են ՀՊԳ ծախսերի հատուցման չափանիշները, ինչպես նաև նախատեսվել է Երևան քաղաքում և մարզերում աշխատող հանրային պաշտպանների տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցման (Երևանում՝ դրամական, մարզերում՝ համաձայն պայմանագրի վառելիքի ծախսի) համակարգ:
Անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու շրջանակներում ՀՊԳ-ի կատարած մեկ գործը նախարարությանը տասը առանձին գործ ներկայացնելու հայտարարությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը:
ՀՊԳ համակարգը գործերը հաշվառում է դատավարական անկախ փուլերով: Օրինակ, քրեական գործով այդպիսի փուլեր են համարվում՝
ա. նախաքննության փուլը.
բ. առաջին ատյանում գործի քննության փուլը.
գ. վերաքննիչ ատյանում գործի քննության փուլը.
դ. վճռաբեկ դատարանում գործի քննության փուլը (բողոքը վարույթ ընդունելու դեպքում):
Ընդ որում, այս փուլերի մեջ առանձին չի հաշվարկվում նախաքննության փուլում դատական վերահսկողության շրջանակներում նիստերի մասնակցությունը, միջանկյալ դատական ակտերի դեմ բողոքների քննությունը, արգելանքի տակ գտնվող անձանց հետ հանդիպումները, տարատեսակ դատավարական և այլ փաստաթղթերի կազմումը:
Յուրաքանչյուր դատավարական փուլ ունի իր առանձնահատկությունը, ծավալը, դատավարական գործողությունների կոնկրետ շրջանակը:
Ընդ որում, այս մոտեցումը կիրառվում է նաև փաստաբանների մասնավոր պրակտիկայում, երբ փաստաբաններն իրենց վստահորդների հետ պայմանագրեր կնքելիս սահմանում են կոնրետ դատավարական փուլը և վարձատրության պայմանը այդ փուլի համար:
Դրա մասին է վկայում նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.4 ենթակետի պահանջն առ այն, որ՝ վճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում պետք է նախատեսվի`
- հոնորարի չափը և վճարման կարգը.
- հանձնարարության բնույթը և ծավալը (ատյանը, փուլը և այլն) կամ այն որոշելու չափորոշիչները:
Տեղեկացնում ենք նաև, որ, կատարված աշխատանքի ծավալը հաշվարկվում է գրասենյակում ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կարգով: Հանրային պաշտպանի գրասենյակն օրենքի պահանջին համապատասխան ներկայացնում է մատուցված ծառայությունների իրական ծավալը և որևէ շահագրգռվածություն ու կարիք չունի այն արհեստականորեն ուռճացնելու: Ուշագրավ է, որ չնայած ՀՊԳ գործերի քանակի աճին, 2016 թվականից հետո պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը չի ավելացել:
Նման պայմաններում գտնում ենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը պարզապես շարունակում է արդեն իսկ ձեռագիր դարձած իր գործելաոճը և առանց հիմնավոր փաստերի ապատեղեկատվություն տարածելու քաղաքականություն է վարում՝ փորձելով անկախ ՀՀ փաստաբանների պալատի նկատմամբ պետական մարմինների «ճնշումներ» ապահովել:
Հիշեցման կարգով պետք է նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատը չունի վերադաս որևէ մարմին և հաշվետու է միայն փաստաբանական համայնքին, իսկ ՀՊԳ ֆինանսավորման մասով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ արդարադատության նախարարության փոխհարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ և կարգավորվում են միմյանց միջև կնքված պայմանագրով՝ մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության քաղաքացիական օրենսդրության սկզբունքների հիման վրա:
ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի տեղակալ՝ Հարութ Ակլունց