Հանրային պաշտպանի գրասենյակի պատմություն Ի կատարումն 2005 թվականին ընդունված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2006 թվականին հաստատել է Հանրային պաշտպանի գրասենյակի կանոնադրությունը, և այսպիսով փաստացի հիմք է դրվել Հանրային պաշտպանի գրասենյակի ստեղծմանը: Նախնական հատվածում գրասենյակում աշխատում էին ընդհանուր Երևանում և մարզերում 32 հանրային պաշտպան, որոնք աշխատում էին տներում և ժամանակավոր գրասենյակներում:
2007 թվականի հունիսին բացվել է Հանրային պաշտպանի գրասենյակի երևանյան նստավայրը՝ հիմք հանդիսանալով գրասենյակի հետագա կայուն զարգացման համար:
Առաջին տարիներին, օրենքի կարգավորումներին համապատասխան, անվճար իրավաբանական օգնություն էր ցուցաբերվում բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում՝ ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով և խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:
Այնուհետև՝ 2011 թվականին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, քաղաքացիական, վարչական և այլ գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց թիվն օրենսդրորեն ընդլայնվել է՝ ընդգրկելով 11 խումբ անձանց: Ընդ որում, որոշ խմբերի մասով կարգավորումներն ուժի մեջ են մտել 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուսներ մասով՝ 2014 թվականի հունվարի 1-ից:
Հետագա տարիներին ևս օրենսդրական լրացումների արդյունքում ավելացել են անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը: Ներկայում գրասենյակ դիմելու դեպքում անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերովում 16 խումբ անձանց:
Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ, Հանրային պաշտպանի գրասենյակի հավելյալ ծանրաբեռնվածության հաշվառմամբ, պետության կողմից հանրային պաշտպանների հաստիքների համար հատկացվող միջոցներն ավելացվել է: Արդյունքում՝ 2016 թվականին հանրային պաշտպանների հաստիքներ քանակը հասել է 54-ի: Չնայած ծանրաբեռնվածության կայուն աճին, այդ թվում՝ պայմանավորված անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի օրենսդրական ընդլայնմամբ, 2016 թվականից ի վեր պետության կողմից գրասենյակին հատկացված հաստիքները չեն վերանայվել և լրացուցիչ հաստիքներ չեն տրամադրվել:
Հանրային պաշտպանի գրասենյակը հիմնվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար բոլորովին նոր հայեցակարգի ներդրմամբ: ՀՊԳ կազմավորման ողջ ընթացքում ճնշում է գործադրվել այս մոդելից հրաժարվելու համար, սակայն տարիների հետևողական աշխատանքն ու մատուցվող բարձրորակ ծառայություններն իրականության մեջ ապացուցել են ընտրված մոդելի արդյունավետությունը և արդիականությունը:
Հանրային պաշտպանի գրասենյակի ստեղծման և կայացման հարցում անուրանալի աջակցություն է ցուցաբերել Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնությունը: Վերջինս հանդիսացել է գրասենյակի կայուն գործընկերը՝ շարունակաբար աջակցելով գրասենյակին՝ հանրային պաշտպանության ծառայությունների իր կարողությունները գնահատելու և արդյունավետ զարգացնելու հարցում:
Գոյության ամբողջ ընթացքում թե՛ սեփական ուժերով, թե՛ համագործակցությունների շրջանակներում գրասենյակում իրականացվել են շարունական աշխատանքներ մատուցվող ծառայությունների որակը հետզհետե բարձրացնելու, հանրային պաշտպանների հմտությունները ու գիտելիքները բազմաոլորտ զարգացնելու, նոր մեթոդաբանության և գործիքակազմի ներդնելու ուղղությամբ: Շարունակաբար բարելավվել է ներքին կազմակերպումը, վարչարարությունը և վերահսկողությունը, ինչպես նաև գրասենյակի գործունեության թափանցիկությունը:
Բացի այդ, մշտապես իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, որոնք միտված են եղել բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը պաշտպան ունենալու իրավունքի և ՀՊԳ ծառայությունների վերաբերյալ: Արդյունքը՝ յուրաքանչյուր տարի գրասենյակ դիմող անձանց քանակի կայուն աճն է: Դրան զուգահեռ աշխատանքներ են տարվել անվճար իրավաբանական օգնությունն առավել համընդգրկուն և հասանելի դարձնելու ուղղությամբ: Ներկայում գրասենյակը ներկայացված է և նստավայերեր ունի հանրապետության գրեթե բոլոր քաղաքային բնակավայրերում: Բոլոր մարզերում ծառայություններ են մատուցվում թե՛ քրեաիրավական, թե՛ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ: