«Հատկապես քաղաքացիական գործերով քաղաքացիները սոցիալապես թշվառ վիճակում են»
Արդեն 12 տարի՝ 2006թ.-ից, անվճարունակ քաղաքացիները ստանում են անվճար իրավաբանական օգնություն: Ողջ հանրապետության տարածքում 54 հանրային պաշտպաններ, որից 38-ը՝ Երևանում, ամեն օր ծանրաբեռնված գրաֆիկով պաշտպանում են սոցիալապես անապահով մարդկանց շահերը: Հանրային պաշտպանների հաստիքացուցակը պետությունը չի ավելացնում, փոխարենը՝ տարեցտարի ավելանում են հանրային պաշտպանների վարած գործերը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ասում է, որ «հատկապես քաղաքացիական գործերով քաղաքացիները սոցիալապես թշվառ վիճակում են»:
Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության հարցը ստեղծումից ի վեր պարբերաբար բարձրացվել է: Այսօր էլ խնդիրը նույնն է՝ արդյոք մեկ հանրային պաշտպանը կարող է տարեկան 50-79 գործ վարելով՝ ապահովել որակյալ աշխատանք:
Այն, որ հանրային պաշտպաններն աշխատում են ծանրաբեռնված, փաստում է նաև գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը. «Իրո՛ք, հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է աշխատում, բայց այնպես չէ, որ մեր պաշտպանները ուզում են այդպես աշխատել: Մենք ունենք շատ արհեստավարժ կադրեր: Ուղղակի կա օրենսդրական խնդիր, որը մենք բարձրացնում ենք: Կա նաև հաստիքների պակաս»:
Հանրային պաշտպանների հաստիքների սակավության, աշխատանքային ծանրաբեռնվածության ու այդ պայմաններում աշխատանքային բարձր որակ ապահովելու դժվարությունների մասին մշտապես կատարվել են ուսումնասիրություններ, հետազոտություններ ինչպես հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների, այնպես էլ միջազգային գործընկեր կառույցների կողմից: Նմանատիպ հետազոտություն վերջին անգամ կատարել է «Հելսինկյան ասոցիացիան»:
Ըստ հետազոտության թվային պատկերի, հանրային պաշտպանի գրասենյակում գործերի աճի տենդենցը ստեղծման օրվանից անընդհատ կա: Եթե նախկինում մեկ հանրային պաշտպանը տարեկան վարել է 20-35 գործ, ներկայում՝ 49-79 գործ: Օրինակ՝ 54 հանրային պաշտպաններ 2016-ին վարել են 5264 գործ, մեկ հանրային պաշտպանին բաժին է հասել անգամ մինչև 79 գործ: