1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին
մեղադրում. Գործը
վերաբերում էր ֆիզիկական ներգործությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի
1-ին մաս): Ըստ մեղադրանքի՝ Գրասենյակի շահառուն, իբր գտնվելով ոչ սթափ վիճակում,
հարվածներ է հասցրել ինքնապաշտպանության հնարավորությունից զրկված քաղաքացուն։
Մեղադրանքը հիմնված էր գլխավորապես տուժողի նախաքննական ցուցմունքի և դեպքի վայր
ժամանած պարեկների զեկուցագրերի վրա, ովքեր, սակայն, բուն միջադեպին ականատես չէին
եղել։
2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի
առանձնահատկությունները.
Շիրակի մարզի հանրային պաշտպան Ժորա Պետրոսյանը գործի քննության ընթացքում
արձանագրեց լրջագույն դատավարական խնդիրներ։ Քանի որ տուժողը մահացել էր մինչև
դատաքննությունը, պաշտպանական կողմը զրկվել էր նրան խաչաձև հարցաքննելու
հնարավորությունից։ Պաշտպանը հիմնավորեց, որ անձը չի կարող դատապարտվել միայն մեկ՝
դատարանում չստուգված և հակադարձ հարցման չենթարկված ցուցմունքի հիման վրա, երբ
բացակայում են այն հաստատող այլ անկախ ու արժանահավատ ապացույցներ։ Դատարանում
հարցաքննված պարեկները հաստատեցին, որ հարվածի պահը չեն տեսել, իսկ նրանցից մեկը
նշեց, որ շահառուին իրականում մատնացույց էր արել ոչ թե տուժողը, այլ ինչ-որ
անծանոթ կին, ում ինքնությունն այդպես էլ չէր պարզվել։ Բացի այդ, գործով առկա
դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ճանաչվեց անթույլատրելի ապացույց։
3. Մարդկային պատմությունը` սկզբունքային
պայքար. Շահառուն հայտնվել
էր խիստ ծանր կացության մեջ՝ նրան մեղսագրվում էր խոցելի վիճակում գտնվող անձի
նկատմամբ բռնություն գործադրելը, ինչը շատ բացասական հանրային և բարոյական
պիտակավորում է ենթադրում։ Չնայած այն հանգամանքին, որ իրավապահները փորձում էին
մեղադրանքը կառուցել անուղղակի տեղեկությունների, ասեկոսեների ու
ենթադրությունների վրա, քաղաքացին՝ վստահելով իր հանրային պաշտպանին, մինչև վերջ
պնդեց իր անմեղությունը և թույլ չտվեց, որ իրեն դատապարտեն ապացույցների
բացակայության պայմաններում։
4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Արփինե Շտոյանի), հիմք ընդունելով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային
որոշումները, արձանագրեց, որ բացակա վկայի (տուժողի) ցուցմունքը չի կարող դառնալ
մեղադրանքի միակ կամ վճռորոշ ապացույցը առանց ծանրակշիռ հակակշռող գործոնների:
Դատարանը փաստեց, որ մեղադրյալի մեղավորությունը ողջամիտ կասկածից վեր
ապացուցողական չափանիշով հաստատված չէ, իսկ չփարատված կասկածները պետք է
մեկնաբանվեն հօգուտ նրա: Արդյունքում կայացվեց արդարացման դատավճիռ, և Գրասենյակի
շահառուի անմեղությունը հռչակվեց։
5. Պաշտպանի մասնագիտական ուղին. Ժորա Պետրոսյանը բավականին պատկառելի
աշխատանքային ստաժ ունի պետական համակարգում: Այնուհետև, արդեն փաստաբանի
կարգավիճակում, 2019 թվականից նա իր ողջ փորձն ու գիտելիքներն է ներդրել հանրային
պաշտպանության ոլորտում: Ժորա Պետրոսյանի ընդգծված աշխատասիրությունը,
բարեխղճությունն ու պարտաճանաչությունը վարակիչ են և պարտավորեցնող Գրասենյակի
մյուս փաստաբանների համար: Յուրաքանչյուր շահառուի և յուրաքանչյուր քրեական գործի
հանդեպ ցուցաբերելով ուրույն ու խորքային մոտեցում՝ նա շարունակում է արդյունավետ
պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու արձանագրել նորանոր մասնագիտական
հաղթանակներ:
English
Հայերեն