Հանրային պաշտպանի գրասենյակը ՀՀ փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անձանց տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն՝ իրականացնում է հանրային պաշտպանություն: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է գրասենյակում աշխատող փաստաբանների՝ հանրային պաշտպանների միջոցով:
Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
Փաստաբանները որպես հանրային պաշտպան աշխատանքի են ընդունվում մրցույթային ընթացակարգի արդյունքներով և վարձատրվում են ՀՀ փաստաբանների պալատին ՀՀ պետական բյուջեից հատուկ այդ նպատակով տրամադրվող միջոցներով: Գրասենյակը ղեկավարում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը, որն ըստ օրենքի ունի երկու տեղակալ: Գրասենյակի բնականոն աշխատանքը կազմակերպվում է օժանդակ անձնակազմի միջոցով (ընդունարանի պատասխանատու, օգնական, վարորդ, հաշվապահ և այլն):
Թեև հանրային պաշտպանի գրասենյակը ծառայություն է մատուցում պետական միջոցներով (պատվերով), այդուհանդերձ անկախ է և չի ենթարկվում որևէ պետական գերատեսչության: Իրավաբանական օգնություն ցուցաբերելիս Հանրային պաշտպանները ենթարկվում են բացառապես փաստաբանի վարքագծին առաջադրվող համընդհանուր պահանջներին և գրասենյակի ներքին կարգապահական կանոններին: Հանրային պաշտպանների աշխատանքի նկատմամբ հսկողություն են իրականացնում գրասենյակի ղեկավարը (տեղակալը), իսկ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը (տեղակալը):
Դիմելուց հետո Ձեր գործը կուղորդվի համապատասխան հանրային պաշտպանին, ով կանցկացնի խորհրդատվություն
Խորհրդատվությունից հետո հանրային պաշտպանը հաճախորդի հետ սկսում է մշակել ռազմավարություն
Ռազմավարությունը օգնում է ճիշտ հանդես գալ դատարանում, դատական գործի ընթացքում