Information

  • Home
  • /
  • Information
02/16
2021

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԵԼ Է ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

2021 թվականի փետրվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմված «Ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ» ուղեցույցի վերաբերյալ:

 Ասուլիսի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը ներկայացրել են նշված ոլորտի հետ կապված հիմնախնդիրները:

Ուղեցույցը միտված է 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տուժած հայրենակիցներին իրավական աջակցություն տրամադրելուն:

Ուղեցույցը պարզ և համառոտ կերպով ներկայացնում է, թե ինչ իրավունքներ ունեն մարտական գործողությունների մասնակիցները և նրանց ընտանիքի անդամները,  ովքեր իրավունք ունեն ստանալ հատուցում զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, պարզաբանում է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների բժշկական օգնություն ստանալու կարգը, գերեվարված զինծառայողների և պատանդ վերցված քաղաքացիական անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները, շահերի պաշտպանության իրավական միջոցները, տեղահանված անձանց իրավունքներն ու շահերի պաշտպանության միջոցները, օգտակար տվյալներ և այլն:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է. «Մեր դիտարկումներով, հետպատերազմյան ամիսներին հանրության կողմից ձևավորվել է նման իրավական տեղեկատվության մեծ պահանջարկ:

ՀՀ փաստաբանների պալատը իր կողմից նախաձեռնել է այդ ուղեցույցի հրատարակումը, փորձելով մեկ գրքույկում հավաքագրել այն բոլոր իրավական կարգավորումները, որոնք առնչվում են պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին: Քաղաքացիների մոտ որևէ հարց առաջանալու դեպքում, բացի հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսներից, նաև ձևավորել ենք կամավոր փաստաբանների խումբ, ովքեր նույնպես օժանդակելու են մեր հայրենակիցներին: Այսինքն, այս առումով ևս փաստաբանները գտնվում են մեր հայրենակիցների կողքին և պատրաստ են անվճար իրավաբանական օգնությամբ ուղղորդել և խնդիրների լուծման ճիշտ ճանապարհ գտնել»:

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև  որոշ խնդիրներ:

Մասնավորապես, նշվել է, որ համակարգված փաստահավաք աշխատանքներ չեն կատարվում: «Կարևոր հատված է: Ապագայի համար պետք է եղած փաստերը ճիշտ հավաքագրել, որպեսզի կարողանանք  մեր պահանջատիրությունը ներկայացնել: Այս մասով բոլոր տեղերում ցրված աշխատանքներ են կատարվում:

Փաստահավաք աշխատանքները նպաստելու են  միջազգային ատյաններում պահանջներ ներկայացնելուն, քանի որ միայն բանավոր հայտարարությունները բավարար չեն, պետք են որոշակի պահանջներին համապատասխանող ապացույցներ: Փաստաբանների պալատը պատերազմի օրերին Արցախում ավելի քան 50 օբյեկտի վերաբերյալ նյութեր է հավաքել՝ լուսանկարներով, որոշակի ձևաթղթերի վրա կատարված նկարագրություններով»,- ասուլիսի ընթացքում նշել է Արա Զոհրաբյանը:

Ուղեցույցի որոշակի խմբաքանակ կտրամադրվի ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և իրավասու այլ մարմիններին՝ շահառուներին հանձնելու նպատակով:

Բեռնել ուղեցույցը

Բեռնել ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների և դրանց լուծման եղանակների վերաբերյալ տեղեկանքը

 


01
01
01
01
01

  • Share on: