Մամուլը մեր մասին

09/17
2026

ԳՈՐԾ №0566․ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՔ ՉԵՆ՝ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ԱՐԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ)

1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում. Գործը վերաբերում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտքով բնակարանային գողություն կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ)։ Ըստ մեղադրանքի՝ երեք անձինք, այդ թվում՝ Գրասենյակի շահառուն, ենթադրաբար կոտրել էին բնակարանի ճաղավանդակն ու հափշտակել ջեռուցման համակարգը: Շահառուի դեմ մեղադրանքի հիմնական «ապացույցն» այն էր, որ դեպքից 7 օր անց ոստիկանները կանգնեցրել էին մի ավտոմեքենա, որով տեղափոխվելիս է եղել գողոնի մի մասը, իսկ ոստիկանների պնդմամբ՝ մեքենայից փախուստի դիմած երրորդ անձը, իբրև թե եղել է Գրասենյակի շահառուն:

 

2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները. Հանրային պաշտպան Արամ Մաթևոսյանը ցուցաբերեց փայլուն վերլուծական մոտեցում՝ վեր հանելով մեղադրանքի ողջ տրամաբանությունը: Պաշտպանը հիմնավորեց, որ նախաքննական մարմինը որևէ փաստական տվյալ չունի դեպքի օրը շահառուի՝ դեպքի վայրում գտնվելու վերաբերյալ: Ավելին, ապացուցվեց, որ հանցագործության օրը և դրան հաջորդող օրերին շահառուի և մյուս մեղադրյալների միջև որևէ հեռախոսային խոսակցություն չի եղել, մեքենան նրան չի պատկանել, իսկ գիշերային մթության պայմաններում ոստիկանի կողմից փախչող անձին մեջքից ճանաչելու հանգամանքը խիստ կասկածելի է և չի հաստատվում տեսաձայնագրություններով: Պաշտպանի գլխավոր փաստարկն այն էր, որ նույնիսկ եթե անձը 7 օր անց գտնվել է այդ մեքենայում, դա ինքնին չի ապացուցում, որ նա մասնակցել է բուն գողությանը:

 

3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար. Գրասենյակի շահառուն կանգնած էր 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկման իրական վտանգի առաջ՝ հիմնված զուտ օպերատիվ ենթադրությունների վրա: Քաղաքացու համար չափազանց ծանր է հայտնվել մեղադրյալի աթոռին այնպիսի արարքի համար, որի հետ որևէ առնչություն չունի, պարզապես այն պատճառով, որ իրավապահները փորձում են դեպքից օրեր անց տեղի ունեցած իրադարձությունները կապել բուն հանցագործության հետ: Շահառուն, վստահելով իր հանրային պաշտպանին, մինչև վերջ պնդեց իր անմեղությունը՝ հրաժարվելով ընդունել ենթադրությունների վրա կառուցված մեղադրանքը:

 

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Արմեն Պողոսյանի), գնահատելով պաշտպանի փաստարկները, հանգեց այն միակ ճիշտ դիրքորոշմանը, որ մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա: Դատարանը փաստեց, որ վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել հաղթահարել անմեղության կանխավարկածը, և գործում առկա ապացույցների անբավարարությունը հավասարազոր է ապացուցված անմեղության: Արդյունքում, Դատարանը Գրասենյակի շահառուին ճանաչեց և հռչակեց անմեղ՝ վերացնելով նրա նկատմամբ կիրառված բոլոր արգելքները:

 

5. Պաշտպանի մասնագիտական ուղին. Հանրային պաշտպան Արամ Մաթևոսյանն այս գործով ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր պրոֆեսիոնալիզմն ու ապացույցների բազմակողմանի վերլուծության հմտությունը: Նրա հետևողական աշխատանքի շնորհիվ կանխվեց քաղաքացու ապօրինի դատապարտումը, իսկ համակարգին ևս մեկ անգամ հիշեցվեց, որ ցանկացած մեղադրանք պետք է հիմնված լինի անհերքելի, թույլատրելի և փոխկապակցված փաստերի վրա: Հատկանշական է, որ իր պարտաճանաչության, համեստության և մասնագիտական խոհեմության շնորհիվ Արամ Մաթևոսյանը կարճ ժամանակահատվածում հասցրել է վայելել Գրասենյակի ողջ կազմի անվերապահ հարգանքը։ Նրա աշխատանքային ձեռագրին և մարդկային որակներին ակնածանքով են վերաբերվում ոլորտի բազմաթիվ մասնագետներ: Ավելին, վստահորդների շրջանում նրա բարեխիղճ և գրագետ աշխատանքի համբավն այնքան հաճախ է շրջանառվում, որ Գրասենյակի շահառուներից շատերը խնդրում են, որպեսզի իրենց գործով որպես պաշտպան նշանակվի հենց ինքը։ Արամ Մաթևոսյանի գործունեությունը լավագույնս արտացոլում է Հանրային պաշտպանի գրասենյակի գլխավոր առաքելությունը՝ լինել հուսալի և պրոֆեսիոնալ վահան յուրաքանչյուր քաղաքացու համար:

  • Տարածել նորությունը: