2026 թվականի
սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի կողմից կազմակերպվել է «Արցախահայերի
սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախից
բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրների, որոնք
հիմնականում առնչվում են բնակարանային ապահովությանը, կրթությանը, առողջապահությանը,
քաղաքացիությանը և սոցիալական աջակցությանը: Քննարկվել են նաև արցախահայության մշակույթի
պահպանմանն ու ծնելիության նվազմանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային
հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետևյալ խնդիրներին.
- Անշարժ գույքի շուկայական արժեքի աճի պատճառով
բնակապահովման հավաստագիր ունեցող անձանց, հատկապես բազմազավակս և սոցիալապես խոցելի
ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու սահմանափակ հնարավորություններին:
- Սոցիալական աջակցության գումարների չտրամադրմանը
տարաբնույթ ոչ օրինաչափ պատճառաբանություններով, ինչպես նաև վարչական և դատական վեճերի
երկարատև քննություններին:
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի բարդություններին,
որոնք ուղեկցվում են լրացուցիչ փաստաթղթերի պահանջմամբ և էլեկտրոնային դիմումների համակարգի
պատճառով տարեցների մոտ առաջացող դժվարություններով:
Արձանագրված խնդիրների լուծման նպատակով առաջարկվել
է վերանայել գործող բնակարանային և սոցիալական աջակցության մեխանիզմներն ու գումարների
չափերը՝ համապատասխանեցնելով դրանք անշարժ գույքի և շուկայական իրական գներին:
Միաժամանակ առաջարկվել է Արցախից բռնի տեղահանված
անձանց համար սահմանել համապատասխան իրավական կարգավիճակ՝ տրամադրվող աջակցության հստակ
և երկարաժամկետ երաշխիքներ ապահովելու համար:
Շեշտվել է նաև, որ Արցախից բռնի տեղահանված անձինք,
անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից, պետք է օգտվեն ՀՀ Կառավարության կողմից
սահմանված բոլոր արտոնություններից:
English
Հայերեն