Մամուլը մեր մասին

10/17
2023

ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՐԴԻՆ՝ ՀՐԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Հոկտեմբերի 17-ը  փաստաբան Մաի Հակոբյանի որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հրաչիկ Ավետիսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար քսաներեք  տարեկան:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հրաչիկ Ավետիսյանի  ընտանիքին՝ այցելելով Եռաբլուր զինվորական պանթեոն՝ նահատակի շիրիմին:

Փաստաբանները խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին Հրաչիկի շիրիմին: Գործընկերները վերհիշեցին Հրաչիկի հետ կապված ամենատարբեր պատմություններ, որոնք լավագույնս բնութագրում են նրա օրինակելի տեսակը: Մինչ պատերազմը, Հրաչիկը գերազանց ծառայության համար պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշով:

Անմահացած հայորդին պարգևատրվել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան»  և «Արիության» մեդալներով:

Թերևս նրա անսահման հայրենասիրության մասին է վկայում նաև անձնուրած կռիվը Մատաղիսում, որտեղ էլ հերոսը բռնել է անմահության ճանապարհը՝ հավատալով անկախ և ուժեղ հայրենիք ունենալու իր բաժին երազանքի իրականանալուն:

Եռաբլուր զինվորական պանթեոնում գործընկերները ծաղիկներ խոնարհեցին նաև իրենց մյուս գործընկերոջ ՝ փաստաբան Խաչիկ Դանիելյանի՝ պատերազմում նահատակված որդու՝ Միքայել Դանիելյանի և այլ հերոսների շիրիմներին: 

Եռաբլուր զինվորական պանթեոնում փաստաբանները հանդիպեցին նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Կարեն Աղասու Ջալավյանին:

 

Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակն անմար պահելն է: Փաստաբանների պալատն իր պարտքն է համարում մշտապես լինել գործընկերների կողքին և Փաստաբանների պալատի նախաձեռնության համաձայն  ամեն տարի փաստաբանական համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցելու մեր հերոսների ընտանիքներին:

  • Տարածել նորությունը: