2007թ-ից հանրապետությունում գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ), որը հիմնադրվել է ՀՀ Փաստաբանների պալատի կազմում: Այս գրասենյակի նպատակը երկրի սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելն է։ Փաստաբանները, ովքեր ստանձնում են այդ աշխատանքը, կոչվում են հանրային պաշտպաններ և վարձատրվում են պետական բյուջեից` օրենքով սահմանված չափով և կարգով։
Բացի Երևանից ՀՊԳ-ի գրասենյակներ կան Հայաստանի բոլոր մարզերում:
Ինչպե՞ս օգտվել հանրային պաշտպանի ծառայություններիցՔրեական գործերով հանրային պաշտպանությունը կատարվում է վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
Յուրաքանչյուր գործի համար հանրային պաշտպանին նշանակում է ՀՊԳ ղեկավարը։Իսկ քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիների դիմումների հիման վրա ՀՊԳ ղեկավարի կողմից՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
Անվճար հանրային պաշտպանությունը ներառում է`
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմումը, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրումը,
2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
Ովքե՞ր կարող են օգտվել
Մինչև 2011թ. հանրային պաշտպանները օրենքով նշանակվել են միայն քրեական գործերով անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար: Փաստաբանության մասին օրենքի փոփոխություններով ավելացել են նաև քաղաքացիական, վարչական, սահմանադրական դատարանի գործերը: Ավելացել են նաև անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող նոր խմբեր: Դրանց շարքում են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, գործազուրկները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները (անկախ վերջիններիս գույքային դրությունից), աղքատության նպաստ ստացողները, Հայրենական մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, փախստականները և այլն (ամբողջական ցանկն այստեղ)։