1. Ինչի մասին էր գործը և ինչի էին մեղադրում.
Գործը վերաբերում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու և սթափության զննությունից հրաժարվելու մեղադրանքին։ Գրասենյակի շահառուին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության զննությունից հրաժարվելը)։ Մեղադրանքը հիմնված էր պարեկային ծառայողների ցուցմունքների վրա, որի հիման վրա առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել՝ նշանակելով խոշոր չափի տուգանք։
2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.
Հանրային պաշտպանը, ստանձնելով գործի պաշտպանությունը վերաքննիչ ատյանում, վիճարկեց մեղադրական դատավճռի հիմքում ընկած ապացույցների արժանահավատությունը։ Հանրային պաշտպանը փաստարկեց, որ մեղադրանքը կառուցված է եղել բացառապես ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք եղել են դեպքի անմիջական մասնակիցներ և շահագրգռված են եղել իրենց կողմից իրականացված վարչարարության արդարացմամբ։ Բացի այդ, ապացուցվեց, որ չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները օբյեկտիվ ապացույցներ՝ մասնավորապես տեսաձայնագրություններ ձեռք բերելու համար, ինչը հանգեցրել է հիմնավոր կասկածների։
3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար.
Այս գործը յուրահատուկ էր նրանով, որ Գրասենյակի շահառուն ի սկզբանե հայտնել էր, որ մեքենան չի վարել, և պնդել էր այդ դիրքորոշումը նույնիսկ այն ժամանակ, երբ դա իր համար իրավական բարդություններ էր ստեղծում։ Նրա համառությունը՝ չընդունելու իրեն չվերագրվող արարքը, դարձավ գործի կարևոր առանցքը, որը պաշտպանությանը հնարավորություն տվեց պայքարել մինչև վերջ։
4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը․
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով հանրային պաշտպանի բողոքը, արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանը չի ապահովել ՄԻԵԴ նախադեպային որոշումներով սահմանված արդար դատաքննության երաշխիքները։ Դատարանը բեկանեց մեղադրական դատավճիռը, ճանաչեց և հռչակեց Գրասենյակի շահառուի անմեղությունը՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։
Գործով հաղթանակն ապահովել է Հանրային պաշտպան Անահիտ Ասատրյանը:
English
Հայերեն