Մամուլը մեր մասին

09/10
2026

ԳՈՐԾ №0592․ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում. Գործի առանցքում անշարժ գույքի սեփականաշնորհման շուրջ ծագած խճճված պատմությունն էր, որը նախաքննական մարմինը որակել էր որպես առանձնապես խոշոր չափերով խարդախություն: Ըստ մեղադրանքի՝ Գրասենյակի շահառուն, համագործակցելով մեկ այլ անձի հետ, որպես իրավաբան խոստացել է գնորդին աջակցել Երևանի հողատարածքներից մեկի փաստաթղթային ձևակերպումների հարցում: Վարույթն իրականացնող մարմինը պնդում էր, որ խոստումն ի սկզբանե կեղծ է եղել, և տրամադրելով վճարման շինծու անդորրագրեր՝ նա հափշտակել է քաղաքացուց ստացված խոշոր գումարը:

2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները. Քրեական իրավունքում ամենաբարդ ապացուցվող և հաճախ շահարկվող տարրը անձի ներքին դիտավորությունն է: Հանրային պաշտպան Սերգեյ Մանուկյանն իր ռազմավարությունը կառուցեց հենց այս ուղղությամբ՝ ցույց տալով, որ գործում առկա նյութերը վկայում են հիմնավոր կասկածի բացակայության մասին, մասնավորապես բովանդակային վերլուծության ենթարկելով, ինչպես խարդախության հանցակազմը, այնպես էլ քրեական դատավարությունում մեղքի հարցի լուծման տեսանկյունից անհրաժեշտ նախադրյալների առկայությունը, հիմնավորելով  դատարանի առջև, որ անձի մեղավորությունը խարդախության մեջ ի սկզբանե եղել է մտացածին, իսկ անձի անմեղությունը չի կարող հաղթահարվել ապացույցների միայն քանակական տվյալներով:    

3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար. 2019 թվականից սկիզբ առած այս գործընթացը վերածվել էր իսկական հոգեբանական փորձության: Քաղաքացին հայտնվել էր հետախուզման մեջ, ապա զրկվել ազատությունից՝ հայտնվելով նախ կալանավայրում, իսկ ավելի ուշ՝ տնային կալանքի տակ: Տարիներ շարունակ նա կրում էր ծանրագույն մեղադրանքի պիտակն ու տեղաշարժման սահմանափակումները՝ փորձելով ապացուցել, որ ինքը խարդախ սխեմայի մասնակից չէ: Այս ճնշող պայմաններում պաշտպանի և պաշտպանյալի տոկունությունը որոշիչ դեր խաղաց՝ թույլ չտալով, որ գործը փակվի հոգնածության կամ հուսահատության պատճառով:

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Նելլի Բաղդասարյանի), արձանագրեց, որ քրեական դատավարությունում որոշումները չեն կարող հիմնվել զուտ ենթադրությունների կամ տնտեսական գործարքի ձախողման փաստի վրա: Դատարանը հաստատեց, որ մեղադրող կողմը չի կարողացել «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ապացուցել անձի հանցավոր մտադրությունը: Այդ իսկ պատճառով կայացվեց արդարացման վճիռ. Գրասենյակի շահառուն ճանաչվեց անմեղ, և նրա նկատմամբ կիրառված տնային կալանքն ու բացակայելու արգելքն անհապաղ վերացվեցին:

5. Պաշտպանի մասնագիտական ուղին. Հանրային պաշտպան Սերգեյ Մանուկյանը Հանրային պաշտպանի գրասենյակի հնաբնակներից է, ում աշխատանքի արդյունավետությունը տարիներ շարունակ բարձր է գնահատվում՝ նպաստելով կառույցի հեղինակության ամրապնդմանը: Շահառուների հանդեպ ցուցաբերած հոգատարությունն ու մասնագիտական աճի մշտական ձգտումը նրա այցեքարտն են: Այս բարդ գործում ևս նա ի ցույց դրեց փաստերը մանրակրկիտ համադրելու և մեղադրանքի խոցելի կողմերը ճիշտ թիրախավորելու իր կարողությունը՝ ապահովելով քաղաքացու ազատությունն ու բարի համբավի վերականգնումը:

  • Տարածել նորությունը: