Արդարադատությունը միայն օրենքի կիրառումը չէ․ այն նախևառաջ մարդու իրավունքների ճանաչումն ու պաշտպանությունն
է։ Այս սկզբունքն իր արտահայտությունն է ստացել նաև մի դատական գործում, որի արդյունքում
Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուն արդարացվել է իրեն առաջադրված
մեղադրանքում։
2026 թվականի օգոստոսի 24-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ՝ Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուին ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։
Գործը հանրային պաշտպան Անժելիկա Հովսեփյանի իրականացրած
պաշտպանական գործունեության շրջանակում քննված գործերից է։
Ըստ մեղադրանքի՝ անձը խախտել էր իր
նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշման պահանջները՝ սահմանված 20-օրյա
ժամկետում այցելելով իր բնակության հասցե։
Սակայն դատական քննության ընթացքում գործի փաստական
հանգամանքների հետևում բացահայտվեց առավել խորքային իրավական հարցադրում․ կարո՞ղ է արդյոք անձը կրել քրեական պատասխանատվություն պետական
մարմնի որոշման պահանջը չկատարելու համար, եթե այդ որոշումը կայացնելիս անտեսվել են
նրա սահմանադրական իրավունքներն ու կենսական պայմանները։
Դատարանն արձանագրեց, որ անհետաձգելի միջամտության
որոշում կայացնելիս իրավասու պաշտոնատար անձը չէր գնահատել անձի՝ այլ վայրում բնակվելու
իրական հնարավորությունը։ Որոշման կայացման ընթացքում պատշաճ ուշադրության չէին արժանացել
նրա առողջական խնդիրները, ձմեռային պայմանները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության
իրերը վերցնելու հնարավորության բացակայությունը։
Այս հանգամանքներն ընդամենը կենցաղային դժվարություններ
չէին․ դրանք առնչվում էին անձի՝ արժանապատիվ պայմաններում
ապրելու և իր իրավունքներից իրականում օգտվելու հնարավորությանը։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական
դիրքորոշումը՝ դատարանը հանգեց այն եզրակացության, որ այլընտրանքային բնակության վայրի
մատչելիության հարցը չգնահատելը տվյալ պարագայում անհետաձգելի միջամտության որոշումը
դարձրել էր ոչ իրավաչափ։ Հետևաբար, այդ որոշմամբ սահմանված պարտականության չկատարումը
չէր կարող առաջացնել քրեական պատասխանատվություն։
Արդյունքում դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ՝
արձանագրելով, որ ներկայացված մեղադրանքը հիմնավորված չէ։
Այս գործի առանցքում մարդու իրավունքների պաշտպանության
մի կարևոր սկզբունք է․ իշխանության լիազորությունները
սահմանափակված են Սահմանադրությամբ, իսկ պետական մարմնի յուրաքանչյուր որոշում պետք
է ոչ միայն ձևականորեն համապատասխանի օրենքին, այլև հաշվի առնի այն մարդու իրական դրությունն
ու անհատական հանգամանքները, ում նկատմամբ կիրառվում է։
Իրավունքի գերակայությունը ենթադրում է ոչ միայն
քաղաքացու՝ օրենքին ենթարկվելու պարտականություն, այլև պետության՝ իր որոշումներում
օրենքի և Սահմանադրության սահմանները պահպանելու անվերապահ պարտավորություն։
Հանրային պաշտպան Անժելիկա Հովսեփյանի հետևողական
պաշտպանական աշխատանքի արդյունքում դատարանի առջև բարձրացված իրավական հարցերն ու ներկայացված
փաստարկները նպաստեցին գործի հանգամանքների համակողմանի գնահատմանը և արդարացման դատավճռի
կայացմանը։
English
Հայերեն