1.
Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում. Այս քրեական գործով
Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ
հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 12-րդ և 15-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ
հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (սպանության փորձը, որը կատարվել է այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական
դրդումներով, ինչպես նաև ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական
ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ
սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության,
անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով
(Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական
բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ
պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախատեսված
արարքների կատարման համար:
2. Պաշտպանի գտած կարևոր
փաստերն ու գործի առանձնահատկությունները. Գործի նախաքննության և դատաքննության ընթացքում
հանրային պաշտպան Գագիկ Ասատրյանը կենտրոնացավ այն հանգամանքի վրա, որ
զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դրվագով մեղադրական եզրակացությունը զուրկ
է իրեղեն ապացույցների անհրաժեշտ և բավարար բազայից: Փաստաբանը դատարանում ի ցույց
դրեց գործի նյութերում առկա հակասությունները և հիմնավորեց, որ նախաքննական մարմնի
կողմից ներկայացված փաստական տվյալները չեն բավարարում անձի մեղքը ողջամիտ
կասկածից վեր չափանիշով հաստատելու պահանջը, ուստի ենթադրյալ արարքը մնում է
չապացուցված։
3. Մարդկային պատմությունը`
սկզբունքային պայքար.
Շահառուի վիճակը ծանրացել էր այն պատճառով, որ նա արդեն իսկ գտնվում էր
անազատության մեջ և կրում էր երկակի մեղադրանքի հոգեբանական ճնշումը: Շատ հաճախ
նման իրավիճակներում անձինք հուսահատվում են, սակայն այս դեպքում քաղաքացին
հաստատակամ էր՝ հատկապես զենքի ապօրինի շրջանառության մասով իրականության հետ
աղերս չունեցող մեղադրանքը ցրելու հարցում։ Փաստաբանի և վստահորդի արդյունավետ
համագործակցությունը հիմք դարձավ, որպեսզի նրանք համատեղ և անզիջում պայքարեն
հանուն արդարության՝ մերժելով անբավարար ապացույցներով դատապարտվելու հեռանկարը։
4.
Դատարանի վերջնական խոսքը. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Անի Դանիելյան), կայացրած դատավճռով ամբողջությամբ կիսելով պաշտպանական կողմի
դիրքորոշումը՝ գտավ, որ ապացուցված չէ մեղադրյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի
44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 12-րդ և 15-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի
44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով նախատեսված արարքների կատարումը: Դատարանը նաև ճանաչեց և հռչակեց
մեղադրյալի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված
հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրեց` մեղադրյալին վերագրվող փաստական
հանգամանքները (արարք) ապացուցված չլինելու հիմքով:
Միաժամանակ, թեպետ հանրային
մեղադրողի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի
կատարման համար մեղադրական եզրակացությունով մեղադրանք չէր ներկայացվել, սակայն Դատարանը
վճռեց Շահառուին ճանչել մեղավոր այդ մասով և դատապարտել ազատազրկման վեց ամիս
ժամկետով՝ հաշվակցելով մեղադրյալի փաստացի անազատության մեջ պահելու
ժամանակահատվածով և նրան ազատել պատժի կրումից։
Այնուհետև, վճռի դեմ
մեղադրող դատախազը ներկայացրել էր վերաքննիչ բողոք: 26.08.2026թ. ՀՀ վերաքննիչ
քրեական դատարանը (նախագահությամբ՝ Մարինե Մելքոնյանի, դատավորներ՝ Գրիգոր
Հովհաննիսյան,
Հարություն Պետրոսյան) կայացրեց վերջնական որոշում՝ դատախազի բողոքը մերժվեց, և առաջին ատյանի արդարացման դատավճիռը մնաց
անփոփոխ՝ ապահովելով քաղաքացու վերջնական արդարացումն այդ դրվագներով։
5. Պաշտպանի մասնագիտական
ուղին.
Փաստաբան Գագիկ Ասատրյանի պրակտիկայում այս գործը հերթական վառ ապացույցն է այն
բանի, որ գրագետ ընտրված մարտավարությունը կարող է բեկել նույնիսկ ամենաբարդ
թվացող գործերի ընթացքը։ Նա առանձնանում է գործի նյութերի հանդեպ
պահանջկոտությամբ, իրավիճակը ռացիոնալ գնահատելու ունակությամբ և ապացույցների
վերլուծության սուր տրամաբանությամբ։ Ասատրյանի մասնագիտական հմտությունները թույլ
տվեցին ոչ միայն պաշտպանել քաղաքացու շահերը ստորադաս ատյանում, այլև հաջողությամբ
և անխոցելիորեն դիմակայել մեղադրանքի կողմի հակափաստարկներին Վերաքննիչ
դատարանում։
English
Հայերեն