Տեղեկատվություն

08/18
2026

ՀՊԳ ղեկավար Գևորգ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

ՀՊԳ ղեկավար Գևորգ Մկրտչյանը հանրային պաշտպան Զոյա Սակովայի հետ աշխատանքային այցով գտնվում էինք Հանրային պաշտպանի գրասենյակի Տավուշի մարզի Իջևանի նստավայրում։ Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային պայմաններին, ինչպես նաև մեր գործընկերների հետ իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում։
Գրասենյակային պայմաններ և քաղաքացիների սպասարկում.
Մշտադիտարկման արդյունքում վերհանվել են գրասենյակային և տեխնիկական մի շարք հարցեր։ Տրվել են հստակ հանձնարարականներ՝ կարճ ժամկետում բարելավելու աշխատանքային միջավայրը և ապահովելու քաղաքացիներին տրամադրվող բանավոր խորհրդատվությունների առավել համակարգված և պատշաճ հաշվառումը։

Իրավական պրակտիկայի խնդիրներ և մեր անելիքները
Աշխատանքային հանդիպման առանցքում մարզում ձևավորված մի շարք մտահոգիչ իրավական պրակտիկաների քննարկումն էր, որոնց ուղղությամբ նախանշեցինք մեր հստակ քայլերը.

Անչափահասների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներ. Խիստ անթույլատրելի ենք համարում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վարույթներով կալանքի միջնորդությունների ներկայացումը: Համաձայն Վճռաբեկ դատարանի նոր նախադեպի՝ պետք է կիրառվի անվտանգության միջոց: Իսկ անչափահասների դեպքում կալանավորումը պետք է դիտարկվի բացառապես որպես ծայրահեղ միջոց՝ առաջնահերթությունը տալով նրանց կրթության անընդհատության և բնականոն միջավայրի ապահովմանը։

Հանձնման (էքստրադիցիայի) վարույթներ. Արձանագրել ենք արատավոր պրակտիկա, երբ Դատախազության միջնորդություններում չի կատարվում հոդվածների պատշաճ համապատասխանեցում։ Սա անձի՝ իրեն ներկայացվող մեղադրանքի մասին իրազեկված լինելու իրավունքի կոպիտ խախտում է, որը պետք է բացառվի։

Ապօրինի առգրավումների դեմ պայքար. Տավուշի մարզում ՀՀ քր. օր. 344-րդ հոդվածի շրջանակներում տրանսպորտային միջոցների առգրավման և դրանք որպես իրեղեն ապացույց ճանաչելու անօրինական պրակտիկա է ձևավորվել։ Հանրային պաշտպաններին հանձնարարվել է ակտիվորեն և հետևողականորեն բողոքարկել նման որոշումները՝ այս արատավոր երևույթը կանխելու նպատակով։

  • Տարածել նորությունը: