Տեղեկատվություն

08/31
2026

Գևորգ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է ՀՊԳ Արտաշատի նստավայրում

Օգոստոսի 28-ին ՀՊԳ ղեկավար Գևորգ Մկրտչյանը հանրային պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանի հետ աշխատանքային այցով գտնվել է Հանրային պաշտպանի գրասենյակի Արարատի մարզի Արտաշատի նստավայրում։

Տեղի հանրային պաշտպանների հետ հանդիպման ընթացքում շարունակվել են բարձրաձայնվել և քննարկվել իրավակիրառ պրակտիկայում արմատավորված այն համակարգային խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մեր գործողությունները լինելու են խիստ և հետևողական․

Ցուցմունքների «օրինականացման» արատավոր պրակտիկա. Ինչպես այլ մարզերում, այստեղ ևս բախվում ենք քննչական մարմինների կողմից կիրառվող խիստ մտահոգիչ գործելաոճին, մասնավորապես՝ մեղադրյալից առանց պաշտպանի մասնակցության ցուցմունքներ «կորզելուց» հետո հրավիրվում է հանրային պաշտպան, վերջինիս ներկայությամբ այդ ցուցմունքները «վավերացնելու» ակնկալիքով։ Հանրային պաշտպանի ինստիտուտի նմանօրինակ ընկալումն ու շահագործումն անթույլատրելի են։

Հանրային պաշտպանի անհիմն կանչեր. Հաճախակի են դարձել դեպքերը, երբ հանրային պաշտպանը ներկայանում է վարույթն իրականացնող մարմին և տեղում պարզում, որ անձն արդեն իսկ ներկայացել է իր կողմից հրավիրված (պայմանագրային) պաշտպանի հետ։ Սա ոչ միայն հանրային ռեսուրսի անարդյունավետ վատնում է, այլև անձի՝ իր ընտրած պաշտպանն ունենալու իրավունքի խախտում։

Ապացույցների հետազոտում և լեզվական արգելքներ. Հատուկ քննարկման առարկա դարձան ապացույցների դատավարական կարգով հետազոտման խնդիրները՝ հատկապես այն դեպքերում, երբ մեղադրյալը չի տիրապետում հայերենին։ Համապատասխան թարգմանության ապահովումն ու անձին գործի ապացույցների ողջ ծավալին պատշաճ ծանոթացնելը արդար դատաքննության հիմնասյուներից են։

Շահառուների իրազեկվածություն. Վերահաստատվեց վստահորդներին իրենց գործի ընթացքի և հնարավոր ելքերի մասին շարունակական և մատչելի տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ որպես պաշտպան-շահառու վստահելի հարաբերությունների ամուր հիմք։

Մենք հետամուտ ենք լինելու արձանագրված խնդիրների ինստիտուցիոնալ և համակարգային լուծմանը։ Քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը և Հանրային պաշտպանի ինստիտուտի բարձր դերի երաշխավորումը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունը։

  • Տարածել նորությունը: