Մամուլը մեր մասին

08/18
2026

ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ․ Հանրային պաշտպանների հաղթանակները՝ Գործ №2390

Արդարադատության իրական պատկերը հաճախ թաքնված է բարդ դատավարական պրոցեսների և հատորների մեջ։ Ամեն օր հանրային պաշտպաններն իրականացնում են հսկայական ու դժվարին աշխատանք՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով քաղաքացիներին և հասնելով արդարության հաղթանակի:
Որպեսզի հանրությանը ցույց տանք մեր պաշտպանների կատարած իրական աշխատանքն ու գործերի այն նրբությունները, որոնք շրջադարձային են լինում մարդկանց ճակատագրերում, սկսում ենք նոր շարք՝ նվիրված հանրային պաշտպանների կողմից շահած և արդարացված գործերի մասին։
Այսուհետ պարբերաբար կկիսվենք իրական պատմություններով՝ ներկայացնելով հանրային պաշտպանի աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը։ Եվ այսպես, ներկայացնում ենք մեր առաջին արդարացված գործը


Անմեղության հաստատումը թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքի գործով` Գործ №2390



1. Ինչի՞ մասին էր գործը և ինչու՞մ էին մեղադրում

Գործը վերաբերում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքին։ Գրասենյակի շահառուին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար։ Նրան սպառնում էր ծանր պատիժ՝ ընդհուպ մինչև երկարատև ազատազրկում։
2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները

Հանրային պաշտպանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, պարզեց, որ այն հիմնված է ենթադրությունների վրա, ուստի որոշեց պաշտպանության ռազմավարությունը կառուցել՝ ապացույցների անբավարարության և մեղադրանքի հերքման վրա։ Հանրային պաշտպանը շեշտադրեց, որ գործում առկա ապացույցները բավարար չեն հիմնավորելու Գրասենյակի շահառուի մասնակցությունը կամ նախնական համաձայնությունը թմրամիջոցների շրջանառությանը։ Պաշտպանական կողմը կարողացավ հիմնավորել, որ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների վրա, իսկ շահառուի՝ քննությանն առնչություն ունենալու մասին հայտարարությունները չեն հաստատվել դատարանում հետազոտված ապացույցներով։

3. Մարդկային պատմությունը՝ հույս և պայքար

Այս գործը յուրահատուկ էր նաև նրանով, որ Գրասենյակի շահառուն, ով գտնվում էր բուժման ընթացքում և փորձում էր հաղթահարել կյանքի դժվարին փուլը, հայտնվել էր իրավական անհիմն հետապնդման թիրախում։ Նրա անձնական պայքարը՝ առողջության վերականգնման և իրավունքների պաշտպանության համար, դարձավ գործի կարևոր հուզական կատեգորիաներից մեկը, որն ընդգծում էր պաշտպանության անհրաժեշտությունը։
4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը

Դատարանը, հիմք ընդունելով հանրային պաշտպանի ծանրակշիռ փաստարկները և արձանագրելով, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան, որոշեց՝ ճանաչել և հռչակել Գրասենյակի շահառուի անմեղությունը։ Դատարանն ընդգծեց, որ վերագրվող արարքը կատարված լինելու հանգամանքը ապացուցված չէ, իսկ առկա ողջամիտ կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։
 

Նշված գործով հաղթանակն ունեցել է հանրային պաշտպան Էդիկ Աղաբեկյանը:

  • Տարածել նորությունը: