Տեղեկատվություն

09/18
2026

Գրասենյակի ղեկավարի աշխատանքային այց Գեղարքունիքի մարզ. Անչափահասների իրավունքների երաշխավորում և հասանելի արդարադատություն

2026 թվականի սեպտեմբերի 18-ին Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը, հանրային պաշտպան Սերգեյ Մանուկյանի հետ աշխատանքային այցով գտնվել են Գրասենյակի Գեղարքունիքի մարզային նստավայրում։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային պայմաններին, մշտադիտարկել մարզում ձևավորված իրավակիրառ պրակտիկան և տեղի հանրային պաշտպանների հետ իրականացնել ներքին փորձի փոխանակում։

Մասնագիտական քննարկման առանցքում անչափահաս մեղադրյալների իրավունքների պաշտպանությունն էր։ ՀՊԳ ղեկավարի կողմից հանձնարարվել է բացառիկ ուշադրության կենտրոնում պահել քրեադատավարական նոր փոփոխություններով սահմանված երաշխիքների լիարժեք իրացումը վարույթն իրականացնող մարմինների կողմից։ Ընդգծվել է, որ անչափահասի շահի պաշտպանությունը պետք է լինի անթերի։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է մարզում շարունակվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով անձանց ձերբակալելու և ավտոմեքենաներն առգրավելու կոշտ պրակտիկան։ Արձանագրվել է, որ այս  անհիմն գործելաոճը հատկապես թիրախավորում է այլ մարզերի բնակիչներին (տարանցիկ վարորդներին)՝ ստեղծելով լրացուցիչ անհամաչափ խոչընդոտներ քաղաքացիների համար։

Հատուկ անդրադարձ է կատարվել անվճար իրավաբանական օգնության մատչելիության ընդլայնման խնդրին։ Հաշվի առնելով, որ նստավայրի հանրային պաշտպանները գերծանրաբեռնված են, որը հաճախ ֆիզիկապես դժվարացնում է գրասենյակում քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, առաջ է քաշվել մարզում լրացուցիչ հաստիքների հատկացման անհրաժեշտությունը:

Հանրային պաշտպանի գրասենյակը շարունակում է իր հետևողական աշխատանքը՝ երաշխավորելու քաղաքացիների իրավունքների, նաև մարզերում տրամադրվող հանրային պաշտպանության որակի ապահովումը։

  • Տարածել նորությունը: