Տեղեկատվություն

09/24
2026

ՀՊԳ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՍՐԲՈՒՀԻ ԳՈՐՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

2026 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  կողմից կազմակերպվել է «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրների, որոնք հիմնականում առնչվում են բնակարանային ապահովությանը, կրթությանը, առողջապահությանը, քաղաքացիությանը և սոցիալական աջակցությանը: Քննարկվել են նաև արցախահայության մշակույթի պահպանմանն ու ծնելիության նվազմանը վերաբերող հարցեր:

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետևյալ խնդիրներին.

-      Անշարժ գույքի շուկայական արժեքի աճի պատճառով բնակապահովման հավաստագիր ունեցող անձանց, հատկապես բազմազավակս և սոցիալապես խոցելի ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու սահմանափակ հնարավորություններին:

-      Սոցիալական աջակցության գումարների չտրամադրմանը տարաբնույթ ոչ օրինաչափ պատճառաբանություններով, ինչպես նաև վարչական և դատական վեճերի երկարատև քննություններին:

-      ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի բարդություններին, որոնք ուղեկցվում են լրացուցիչ փաստաթղթերի պահանջմամբ և էլեկտրոնային դիմումների համակարգի պատճառով տարեցների մոտ առաջացող դժվարություններով:  

 

Արձանագրված խնդիրների լուծման նպատակով առաջարկվել է վերանայել գործող բնակարանային և սոցիալական աջակցության մեխանիզմներն ու գումարների չափերը՝ համապատասխանեցնելով դրանք անշարժ գույքի և շուկայական իրական գներին:

Միաժամանակ առաջարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց համար սահմանել համապատասխան իրավական կարգավիճակ՝ տրամադրվող աջակցության հստակ և երկարաժամկետ երաշխիքներ ապահովելու համար:

Շեշտվել է նաև, որ Արցախից բռնի տեղահանված անձինք, անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից, պետք է օգտվեն ՀՀ Կառավարության կողմից սահմանված բոլոր արտոնություններից:

  • Տարածել նորությունը: