2026 թվականի
սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի կողմից կազմակերպվել է «Արցախահայերի
սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախից
բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրների, որոնք
հիմնականում առնչվում են բնակարանային ապահովությանը, կրթությանը, առողջապահությանը,
քաղաքացիությանը և սոցիալական աջակցությանը: Քննարկվել են նաև արցախահայության մշակույթի
պահպանմանն ու ծնելիության նվազմանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետևյալ խնդիրներին.
Անշարժ գույքի շուկայական արժեքի աճի պատճառով բնակապահովման հավաստագիր ունեցող անձանց, հատկապես բազմազավակ և սոցիալապես խոցելի ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու սահմանափակ հնարավորություններին:
Սոցիալական
աջակցության գումարների չտրամադրմանը տարաբնույթ ոչ օրինաչափ պատճառաբանություններով,
ինչպես նաև վարչական և դատական վեճերի երկարատև քննություններին:
ՀՀ
քաղաքացիություն ստանալու գործընթացի բարդություններին, որոնք ուղեկցվում են լրացուցիչ
փաստաթղթերի պահանջմամբ և էլեկտրոնային դիմումների համակարգի պատճառով տարեցների մոտ
առաջացող դժվարություններով:
Արձանագրված խնդիրների լուծման նպատակով առաջարկվել է վերանայել գործող բնակարանային և սոցիալական աջակցության մեխանիզմներն ու գումարների չափերը՝ համապատասխանեցնելով դրանք անշարժ գույքի և շուկայական իրական գներին:
Միաժամանակ առաջարկվել է Արցախից բռնի տեղահանված
անձանց համար սահմանել համապատասխան իրավական կարգավիճակ՝ տրամադրվող աջակցության հստակ
և երկարաժամկետ երաշխիքներ ապահովելու համար:
Շեշտվել է նաև, որ Արցախից բռնի տեղահանված անձինք,
անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից, պետք է օգտվեն ՀՀ Կառավարության կողմից
սահմանված բոլոր արտոնություններից:
English
Հայերեն