Հայտարարություններ

05/06
2020

Հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանը պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողովում ՀՀ փաստաբանների պալատին մեղադրեց ներքին «հակաիրավական» ակտերով հանրային պաշտպաններին այլ աշխատանք կատարելու արգելք սահմանելու, ինչպես նաև վերջիններիս հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքելու համար:

Նախ հարկ ենք համարում հիշեցնել, որ տիկին Կարապետյանը բազմիցս աչքի է ընկել Փաստաբանների պալատին առնչվող հարցերով ցուցաբերած ոչ բարյացակամ և ոչ կառուցողական մոտեցումներով:

Տեղեկացնում ենք, որ այլ գործով իրավական օգնություն ցույց տալու սահմանափակումը պայմանավորված է լրիվ դրույքով հանրային պաշտպանի կարգավիճակով և ունի իրավաչափ նպատակ: Մասնավորապես, հանրային պաշտպանը ֆինանսավորվելով ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իրավական օգնություն է ցույց տալիս պետության կողմից օրենքով հստակ սահմանված անձանց շրջանակին (խոցելի խմբեր, անվճարունակ անձինք և այլն)՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային ժամերին (երբեմն, նաև արտաժամ): Հետևաբար, հանրային պաշտպանի կողմից աշխատանքային ժամերի ընթացքում մասնավոր գործերով ծանրաբեռնվածությունն ուղղակի կխոչընդոտի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, քանի որ մասնավոր գործերով իրավաբանական օգնությունը հաճախ (ելնելով մասնագիտական գործունեության առանձնահատկությունից) տրամադրվում է աշխատանքային օրերին և ժամերին (դատական նիստեր, հարցաքննություններ և այլն): Պաշտպանն անկախ նրանից մասնավոր գործով է ներգրավված, թե՝ որպես հանրային պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պարտավոր է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ դատական նիստին կամ քննչական գործողությանը, որի խախտումը կարգապահական պատասխանատվության հիմք է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային պաշտպանը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, գտնում ենք, որ առաջին հերթին պետությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր կողմից տրամադրվող միջոցները ծախսվեն արդյունավետ կերպով և բացառվի ցանկացած խոչընդոտ, որը կարող է նվազեցնել հանրային պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը: Այս պայմաններում, պատգամավոր Մարիա Կարապետյանի  արտահայտած դիրքորոշումը հիմնավոր չէ, իսկ գնահատականը՝ Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի անօրինական լինելու վերաբերյալ՝ ոչ կոռեկտ:

 

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միացավ պատգամավոր Մարիա Կարապետյանի  կողմից հնչեցված այն պնդմանը, որ  հանրային պաշտպանների հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելը հակասում է աշխատանքի կայունության սկզբունքին: Հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 95-րդ հոդվածի, ինչպես նաև «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի կանոնների համաձայն օրենսդիրը թույլատրում է կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր:

Հանրային պաշտպանների համար հատկացվող փոխհատուցումը կախված է մեկ այլ սուբյեկտի՝ պետության կամքից: Հաջորդ տարվա բյուջեն, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցները, հաստատվում են դեկտեմբեր ամսին, և եթե պետությունը որոշի ավելի քիչ միջոցներ տրամադրել ՀՊ գրասենյակին, ապա Փաստաբանների պալատը ստիպված պետք է հաստիքների կրճատման հիմքով համամասնորեն դադարեցնի որոշակի քանակի չափով հանրային պաշտպանների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը (եթե ղեկավարվենք պատգամավորների առաջարկով): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 129-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու դեպքում, Փաստաբանների պալատը պարտավոր է աշխատանքից ազատվող հանրային պաշտպաններին վճարել երեք ամսվա չափով միջին աշխատավարձի գումար, որը նախատեսված չի կարող լինել և չի կարող կիրառվել տվյալ տարվա պետական բյուջեով: Եթե պետությունը լրացուցիչ գումարներ չտրամադրի Հանրային պաշտպանի գրասենյակին, ապա այդ ծախսերը պետք է կատարի Փաստաբանների պալատը՝ փաստաբանների անդամավճարների հաշվին, որը չի բխում  «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի պահանջներից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացումները Հանրային պաշտպանի գրասենյակին կատարվում են տարեկան կտրվածքով՝ պայմանագրի հիման վրա, հետևաբար գտնում ենք, որ տարեկան աշխատանքային պայմանագրերի կնքումն այս փուլում այլընտրանք չունի:

Բացի այդ, յուրաքանչյուր տարի մրցույթով նոր հանրային պաշտպաններ ներգրավելու հնարավորությունը մշտապես թարմացնում է հանրային պաշտպանի գրասենյակը:

Հանրային պաշտպանի գրասենյակը կոչ է անում պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին հանրապետության բարձր ամբիոնից    ապակողմնորոշող հայտարարություններ չկատարել:

 

ՀՀ փաստաբանների պալատի

Հանրային պաշտպանի գրասենյակի

ղեկավար՝ Մելանյա Առուստամյան

  • Տարածել նորությունը: