1.
Ինչի՞
մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում.
Գործը վերաբերում էր
պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելուն: Ըստ վարույթն
իրականացնող մարմնի վարկածի՝ Գրասենյակի շահառուին, ով հանդիսանում էր անտառապահ,
մեղադրանք էր առաջադրվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին
մասով այն բանի համար, որ նա 2021 թվականի ընթացքում, իբրև կատարելով անտառպետի
անօրինական ցուցումները, թույլատրել էր մի շարք քաղաքացիների անարգել մուտք գործել
անտառ և առանց համապատասխան փաստաթղթերի իրականացնել տարբեր ծառատեսակների ապօրինի
հատումներ: Մեղադրող կողմը պնդում էր, որ դրա հետևանքով պետությանը պատճառվել էր
առանձնապես խոշոր չափի վնաս:
2.
Պաշտպանի
գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.
Հանրային պաշտպան
Կարինե Խաչատրյանը, ստանձնելով անտառապահի պաշտպանությունը, իրականացրեց գրագետ և
թիրախային պաշտպանական մարտավարություն՝ կասկածի տակ դնելով ապացույցների
ձեռքբերման օրինականությունը: Պաշտպանական կողմը հիմնավորեց, որ գործի հարուցման
հիմք հանդիսացող առանցքային ապացույցները, մասնավորապես՝ հեռախոսային
խոսակցությունների գաղտնի լսումներն ու օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումների
արդյունքները, ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտմամբ: Արդյունքում դատարանը դրանք
ճանաչեց անթույլատրելի և հանեց ապացուցողական զանգվածից: Պաշտպանը հաջողությամբ
հիմնավորեց, որ առանց այդ անթույլատրելի ճանաչված ապացույցների՝ մնացած նյութերով
անձի մեղավորությունն ապացուցված չէ:
3.
Մարդկային
պատմությունը` սկզբունքային պայքար.
Այս գործն աչքի էր
ընկնում քաղաքացու նկատմամբ գործադրվող ճնշմամբ՝ հաշվի առնելով կոռուպցիոն բնույթի
հանցագործության ծանր մեղադրանքն ու պետությանը հասցված ենթադրյալ խոշոր վնասի
փաստարկը: Շահառուն հայտնվել էր իրավապահ համակարգի թիրախում և ստիպված էր
պայքարել իր բարի համբավի համար: Չնայած ստեղծված ծանր հոգեբանական իրավիճակին՝ նա
և իր պաշտպանը սկզբունքային և հետևողական պայքար մղեցին՝ հասնելու նախաքննության
անօրինականությունների բացահայտմանը և մարդու արդարացի իրավունքների
վերականգնմանը:
4.
Դատարանի
վերջնական խոսքն ու արդարացումը.
ՀՀ հակակոռուպցիոն
դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Մերի Մոսինյանի), գնահատելով գործում առկա
ապացույցները և հաշվի առնելով պաշտպանական կողմի հիմնավորումները՝ արձանագրեց էական
խախտումներ: Դատարանը փաստեց, որ քանի որ վարույթը նախաձեռնվել էր անթույլատրելի
ապացույցների հիման վրա, ուստի ողջ նախաքննությունն անօրինական է: Կիրառելով
անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ դատարանն արձանագրեց չփարատված ողջամիտ
կասկածներ, որոնք մեկնաբանվեցին հօգուտ մեղադրյալի: Դատարանը կայացրեց արդարացման
դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Գրասենյակի շահառուի անմեղությունը և, նրա
նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցրեց:
5.
Պաշտպանի
մասնագիտական ուղին.
Հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանն անցել է մասնագիտական
երկար ուղի, որի զգալի մասը ներդրել է հենց հանրային պաշտպանության ոլորտում։ Այդ
ընթացքում ձեռք բերված փորձը, ճկուն միտքն ու համբերատար աշխատանքը հաճախ են
ապահովել ցանկալի արդյունքներ: Այս բարդ քրեական գործի ելքը, դրա հերթական
առհավատչյան է: Նա ոչ միայն կարողացավ վեր հանել և ապացուցել նախաքննական մարմնի
թույլ տրված ընթացակարգային կոպիտ խախտումները, այլև հետևողականորեն պաշտպանեց
քաղաքացու հիմնարար իրավունքները՝ թույլ չտալով, որ անօրինական ճանապարհով ձեռք
բերված նյութերը դառնան դատավճռի հիմք:
English
Հայերեն