Մամուլը մեր մասին

01/17
2020

ԱՐՄԻՆԵ ՖԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԶԲԱՂՎԵԼ ԻՐԵՆ ՄԱԿԱԳՐՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ․ՓՊ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

Մի քանի օր առաջ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմինե Ֆանյանը, որը համակարգելու է քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները: Այս առնչությամբ NewArmenia.am-ը զրուցել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ։

Ինչո՞վ էր պայմանավորված Արմինե ֆանյանի ընտրությունը, որպես Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ։

-Ցանկանում եմ հենց սկիզբից հայտնել, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի առնվազն երկու հաստիք նախատեսված է օրենքով: Պարզապես հանրային պաշտպանների հաստիքների պակասի պատճառով այդ պարտականությունները տարիներ ի վեր կատարել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: 2020 թվականի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 6 նոր հաստիք, որի պայմաններում հնարավորություն եղավ ՀՊԳ ղեկավարի երկրորդ տեղակալի հաստիքն իրականություն դարձնել, ով պետք է զբաղվի քրեական գործերի համակարգմամբ:

Իմ տեղեկությամբ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի նշանակումը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում պայմանավորված է նախ և առաջ նրա մասնագիտական փորձով: Նա քաջատեղյակ է հանրային պաշտպանի գրասենյակի առաջ ծառացած խնդիրներին և ընդունված է հանրային պաշտպանների շրջանում: Բացի այդ, մշտապես ներգրավված է եղել փաստաբանների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի կարգավորմանը, պարբերաբար հանդես է եկել փաստաբանական համայնքին անհանգստացնող խնդիրները բարձրաձայնելու և որ կարևոր է՝ դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններով:  Հավելենք , որ Արմինե Ֆանյանն ունի բուհերում դասավադնելու երկարամյա փորձ, տիրապետում է քրեական իրավունքի տեսական գիտելիքների, ինչպես նաև երկար տարիներ վերապատրաստման դասընթացներ է իրականացում ՀՀ փաստաբանների պալատում: ՀՊԳ ղեկավարի նոր տեղակալը համակարգելու է քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները:

Նա շարունակելո՞ւ է այդ նույն ծավալի գործերով ներգրավված լինել որպես պաշտպան, որովհետև տեղյակ ենք, որ հանրային պաշտպանները ծանրաբեռնված են աշխատում։

Այո: Նա շարունակելու է վարել արդեն իսկ իրեն մակագրված քրեական գործերի վարույթները, սակայն հաշվի առնելով վարչակազմակերպչական նոր գործառույթներով պայմանավորված ծանրաբեռնվածությունը` նոր գործերի ծավալը էականորեն նվազ կլինի:

Հայտնի է, որ հանրային պաշտպանները գերծանրաբեռնվածություն ունեն յուրաքանչյուր հանրային պաշտպանին մեկ ամսվա կտրվածքով բաժին է ընկնում շուրջ 60 քրեական գործ: Հատկանշական է, որ եթե գումարային տեսք տանք այս ամենին կստացվի, որ մեկ քրեական գործը վարելու համար ամսական հանրային պաշտպանին պետությունը վարձատրում է շուրջ 5․000 ՀՀ դրամ: Իհարկե, Փաստաբանների պալատը տարատեսակ քայլեր է ձեռնարկում, որպեսզի թեթևացնի այդ ծանրաբեռնվածությունը, սակայն գլխավորապես անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ:

-Այսօր Հայաստանում քանի հանրային պաշտպան կա:

-Ինչպես նշեցի2020 թվականին ՀՀ կառավարությունը հանրային պաշտպանի գրասենյակին հատկացրել է ևս 6 հաստիք և Հայաստանում գործող հանրային պաշտպանների հաստիքների թիվը դարձել է 59:

  • Տարածել նորությունը: