Տեղեկատվություն

09/25
2026

ՀՊԳ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ԶՈՅԱ ՍԱԿՈՎԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

2026 թվականի սեպտեմբերի 24-ին «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի շրջանակներում Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցերը, որի ժամանակ Փաստաբանների պալատի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել են փաստաբաններին հուզող մի շարք խնդիրներ, մասնավորապես․

1. Տեխնիկական խնդիրներ․

•        էլեկտրոնային հսկողության միջոցների սակավություն. էլեկտրոնային ձեռնաշղթաների և այլ տեխնիկական միջոցների քանակը չի բավարարում կիրառվող խափանման միջոցների ծավալին,

•        տրանսպորտային միջոցների սղություն. անհրաժեշտ այցեր կատարելու համար համապատասխան միջոցների բացակայություն,

•        տեղեկատվական համակարգերի անկատարություն. միասնական թվայնացված շտեմարանի բացակայություն,

2. Կազմակերպչական խնդիրներ․

•        աշխատակիցների գերծանրաբեռնվածություն. մեկ ծառայողին բաժին ընկնող գործերի անթույլատրելի մեծ քանակ,

•        մասնագիտական վերապատրաստման պակաս. շահառուների հետ աշխատանքի մեթոդաբանություններին չտիրապետելը,

•        համագործակցության պակաս փաստաբանների հետ. տեղեկատվության տրամադրման ձգձգումներ,

3. Օրենսդրական խնդիրներ

•        խափանման միջոցների ժամկետների հաշվառման պրակտիկ/իրավական անորոշություն, էլեկտրոնային հսկողության կիրառման ընթացակարգային բացեր,

•        այլընտրանքային պատժատեսակների իրականացման մեխանիզմների բացակայություն. որոշ պատժատեսակների վերահսկողության իրավական գործիքակազմի բացակայություն:

  • Տարածել նորությունը: