Տեղեկատվություն

02/06
2020

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՆՄԵՂ․ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Հովհաննես Բաղդագուլյանը արդարացվել է: Այս մասին տեղեկացրել է հանրային պաշտպան Անի Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ, գործի նյութերում երևում էոր ամբաստանյալ Հովհաննես Բաղդագուլյանը մինչև քրեական գործ հարուցելը, ինչպես նաև նախաքննության ընթացքում չի համաձայնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման հետ՝ փաստարկելով, որ իրեն բավարար չափով չեն հետազոտել, խնդրել է իրեն ուղարկել լրացուցիչ հետազոտության, ստանալ համապատասխան բուժումներ և լրիվ պիտանի ճանաչվելու դեպքում պատրաստ է մեկնել ծառայության: Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ ցանկություն չունի խուսափել ծառայությունից:

Անի Գրիգորյանի խոսքով իր պաշտպանյալը իրացրել է իր իրավունքը՝ պահանջելով կրկնակի հետազոտություն, ինչպես նաև համապատասխան բուժում:

Հարություն Բաղդագուլյանի բժշկական հետազոտության արդյունքների եզրակացությունով սահմանվել է, որ վերջինս պիտանի է ժամկետային զինվորական ծառայության սահմանափակումով: Նա այս ախտորոշման եզրակացության հետ համաձայն չի եղել և պահանջել է կրկնակի հետազոտություն անցկացնել և ստանալ համապատասխան բուժում:

Բացի այդ, Հարություն Բաղդագուլյանի կողմից ծառայությունից չխուսափելու հանգամանքը հիմնավորվում է նաև ինչպես նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով, այնպես էլ դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքներով: Դրանց համաձայն վերջիններս հայտնել են, որ Հարություն Բաղդագուլյանը  մշտապես ցանկություն է հայտնել մեկնել ծառայության, բուժում ստանալուց հետո: Սակայն գործով անցնող այլ վկաներ պնդել են, որ նա ունեցել է հիվանդություն, որի առկայության պարագայում նրա ծառայությունը պետք է լինի սահմանափակումներով:

Հանրային պաշտպանը ուսումնասիրելով գործում առկա փաստական տվյալները՝ հանգել է այն հետևության, որ Հարություն Բաղդագուլյանն ուղղակի դիտավորություն չի ունեցել ժամկետային զինծառայության մեկնել խուսափելուց: Այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի հանցակազմի սուբյեկտիվ կողմն իսպառ բացակայում է, իսկ հանցակազմի որևէ տարրի բացակայությամբ անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: Այս մասին իր պաշտպանական ճառում հայտնել է դատարանին:

«Դատարանի ուշադրությունն եմ ցանկանում գրավել նաև այն հանգամանքի վրա, սույն քրեական գործ հարուցելուց հետո, այսինքն մյուս զորակոչին Հարություն Բաղդագուլյանին տրվել է տարկետում մեկ տարի ժամկետով, փաստացի կարելի է հանգել այն հետևության, որ վերջինիս դժգոհությունները տեղին էին և ոչ անհիմն, ուստի նրա կողմից նշված հանգամանքերը ևս մեկ անգամ ստուգելու համար նրան տրամադրվել է տարկետում, կարծում եմ եթե հիմքեր չլիներ հանձնաժողովն ինչո՞ւ պետք է տրամադրեր տարկետում, սա ևս պետք է դատարանի կողից արժանանա համապատասխան գնահատման»,-ասված է հանրային պաշտպանի պաշտպանական ճառում:

Փետրվարի 3-ին հրապարակված դատավճռով Հարություն Բաղդագուլյանը արդարացվել է և առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ:

  • Տարածել նորությունը: