Շուրջ 5 տարի տևած
դատաքննությունից հետո 2021 թվականի ապրիլի 12-ին հանրային պաշտպան Կարլեն Գրեյանի
պաշտպանական մարտավարության և հետևողական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Ն.
Բեգլարյանի) դատավճռով նրա պաշտպանյալ Արման Գևորգյանին առաջադրված՝ սպանություն
կատարելու մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով:
Մասնավորապես, հանրային պաշտպանը հիմնավորել է, որ թեև գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Ա. Գևորգյանն ապօրինի մուտք է գործել տուժողի տնակ և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխի և մարմնի մյուս հատվածներին, այդուհանդերձ նա սպանություն կատարելու դիտավորություն չի ունեցել, և փաստացի պատճառել է առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, իսկ մահն առաջացել է որպես հետևանք մի քանի օր անց բժշկական կենտրոնում: Նշված պաշտպանական գիծը հանրային պաշտպանի կողմից հետևողականորեն առաջ է մղվել դեռևս քրեական գործի նախաքննության փուլից:
Արդյունքում, դատարանը, հանրային պաշտպանի ներկայացրած փաստերի և հիմնավորումների հաշվառմամբ, Ա. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ոչ թե սպանության, այլ առավել նվազ ծանրության արարքի՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-կետ):
Մեղադրական կողմը միջնորդել էր Ա․ Գևորգյանի նկատմամբ կիրառել պատիժ 11 տարի ազատազրկում, արդյունքում դատարանը Ա․ Գևորգյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման: