Հարգելի՛ այցելու,
Ողջունում եմ Ձեզ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կայքում:
Գրասենյակի գոյության ամբողջ ժամանակահատվածում մշտապես իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, որոնք միտված են եղել բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը պաշտպան ունենալու և անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի վերաբերյալ: Սույն հարթակը ևս մեկ միջոց է հանրային պաշտպանի գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ իրազեկելու և անվճար իրավաբանական օգնությունն առավել հասանելի դարձնելու համար:
Այս առումով հատուկ ուշադրություն է դարձվել, որ կայքը մատչելի լինի ոչ միայն օտարալեզու այցելուների համար, այլ նաև արևմտահայերենից օգտվող մեր հայրենակիցների, այդ թվում՝ սփյուռքահայերի համար:
Դա նպատակ է հետապնդում ոչ թե տարանջատել հայության տարբեր հատվածներին, այլ՝ հակառակը, նրանց բոլորի համար ապահովել հավասար պայմաններ, արևմտահայերենի մասով՝ նաև այդ լեզուն որպես կենդանի գործիք օգտագործելը և պահպանելը:
Սա առաջին նմանատիպ փորձերից է այդ առումով: Վստահ ենք՝ գործնականում ևս այն կհիմնավորի իր արդյունավետությունն և նախադեպային կլինի մյուս կառույցների ու մարմինների համար:
Հարկ է ընդգծել, որ գաղափարը հնարավոր է դարձել իրագործել Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանության նախաձեռնություն» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Իրավաբանական օգնություն ցուցաբերելով խոցելի խմբերի, սոցիալապես անապահով խավերի և այլ օրենքով նախատեսված անձանց՝ հանրային պաշտպանի գրասենյակի մշտական ուշադրության կենտրոնում են նաև մեր սփյուռքահայ և հայրենադարձ հայրենակիցները, որոնք տարբեր պատճառներով իրավաբանական հարցերի առնչությամբ աջակցության կարիք են ունենում:
Ուրախ ենք տեղեկացնել, որ ներկայում ծրագրի շնորհիվ հանրային պաշտպանի գրասենյակը հնարավորություն է ստացել անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել բոլոր մեր սփյուռքահայ և հայրենադարձ հայրենակիցներին: Ընդ որում՝ անվճար իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի ինչպես հանրային պաշտպանի գրասենյակում, այնպես էլ՝ առցանց:
Սա հնարավորություն է մեր հայրենակիցների համար ամեն պահ հասանելի իրավաբանական խորհրդատու ունենալ որևէ իրավաբանական խնդրի առնչվելիս, ինչպես նաև ցանկության դեպքում առավել լավ ճանաչել ՀՀ օրենսդրությունը՝ Հայաստան այցելելուն կամ Հայաստանում հաստատվելուն նախապատրաստվելիս: