Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Ղուկասյանի) 06.07.2021 թվականի դատավճռով հանրային պաշտպան
Արտուշ Հոկոբյանի պաշտպանյալ՝ փաստաթղթերը կեղծելու և լիազորությունները չարաշահելու արարքներ կատարելու մեջ մեղադրվող Մ․Ա․-ին, ճանաչել է անմեղ և արդարացրել` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Մանվել Աբովյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի վարկային գծով մասնագետ, առևտրային կազմակերպության ծառայող, իր սպասարկման լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ուրիշ անձի օգտին օգտագործելու նպատակով կենսաթոշակառու Յ․Մ․-ի փոխարեն, վերջինիս ՀՀ-ից բացակայելու պայմաններում 2015թ-ի նոյեմբերի 6-ին և 8-ին «ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ-ի Գյումրու մասնաճյուղում կազմել է կենսաթոշակառու Յ․Մ-ի ՀՀ-ում լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող և կենսաթոշակ ստանալու իրավունք վերապահող փաստաթուղթ, որը հաստատել է իր ստորագրությամբ: Նշված
գործողությունների արդյունքում կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող Կարինե Մովսիսյանին վճարվել է ընդհանուր՝ 959.640 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ պետության
իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո
հանրային պաշտպան Արտուշ Հակոբյանը՝ պաշտպանական մարտավարության և հետևողական աշխատանքի արդյունքում, դատարանի ուշադրութունը սևեռել է մի շարք կարևոր հանգամանքների վրա, որոնք սույն գործի ելքի վրա էական ազդեցություն ունեցող էին, մինչդեռ նախաքննական մարմնի, ինչպես նաև դատախազության կողմից անուշադրության էին
մատնվել:
Պաշտպանական
կողմին հաջողվել է ապացուցել այն, որ Մ․ Ա․-ին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, որ գործի քննության ընթացքում չի
պարզվել այն իրավական ակտը, նորմերը, կազմակերպության ներքին կարգավորումները կամ
պայմանագիրը, որի խախտումներով Մ. Ա․-ն իրականացրել էր իր ենթադրյալ
լիազորությունները, որոնք պարտադիր են անձի նկատմամբ փաստաթղթեր կեղծելու և լիզորությունները չարաշահելու վերաբերյալ մեղադրանք առաջադրելու համար:
Հանրային պաշտպանը նաև հիմնավորել է, որ փաստաթղթերը կեղծելու մեղադրանքի մասով քրեական գործում Մ. Ա․-ի մեղքը, այն է՝ ուղղակի դիտավորության առկայությունը, հիմնավորող որևէ ապացույց առկա չէ:
Արդյունքում, նշված փաստական հանգամանքների հիման վրա Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 6-ի դատավճռով փաստաթղթերը կեղծելու և լիազորությունները չարաշահելու արարքների մեջ մեղադրվող (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մաս) Մ․ Ա․-ն ճանաչվել է անմեղ և արդարացվել: